Երեխան պետք է թատրոն գնա, ներկայացում դիտի, նվեր ստանա. Արտաշատի թատրոնն անցել է բնականոն աշխատանքի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 20-ից անցել է բնականոն գործունեության. նոր ներկայացումներ են բեմադրվում, բարեգործական նախաձեռնություններ իրականացվում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանն ասաց, որ պատերազմի ընթացքում ներկայացումներ են խաղացել Արցախից Հայաստան եկած երեխաների, ինչպես նաև ազատամարտիկների զավակների համար, իսկ նոյեմբերի 20-ից վերադարձել են խաղացանկային ներկայացումներին: «Նոյեմբերին 5 ներկայացում ենք խաղացել, իսկ մինչև դեկտեմբերի 10-ը ևս վեց ներկայացում կա նախատեսված: Պատրաստվում ենք Ամանորին, տոմսերն ենք իրացնում: Շատ մեծ աշխուժություն, ոգևորություն է նկատվում: Մտավախություն ունեինք, որ գուցե ծնողները երեխաներին թատրոն չբերեն, բայց այդպես չէ: Երեխաները սիրով են գալիս թատրոն: Այժմ զերծ ենք մնում մեծահասակների համար նախատեսված ներկայացումները բեմ բարձրացնելուց և հիմնականում խաղում ենք փոքրիկների ու դպրոցականների համար»,-նշեց Նաղդալյանը:
Թատրոնի տնօրենը երկու ձեռքով կողմ է նոր ներկայացումներ բեմադրելուն։ Նա համոզված է՝ պետք է հաղթահարել հետպատերազմական ծանր փուլը, պետք է ակտիվ լինել, աշխատել մթնոլորտ փոխելու ուղղությամբ: «Երեխաների հեքիաթը չպետք է կոտրել. Ձմեռ պապիկը պետք է գա, երեխան պետք է թատրոն գնա, ներկայացում դիտի, նվերներ ստանա: Դա մեր առաքելությունն է, որը պետք է կատարենք որքան էլ, որ ցավ ենք ապրում: Դերասանների համար նույնպես շատ ծանր է, բայց պետք է ապրել և ստեղծագործել»,-շեշտեց նա ու անդրադարձավ նոր բեմադրություններին՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 8-9-ին Նար-Դոսի «Մեր թաղը» ներկայացման առաջնախաղերն են: Ներկայացման ռեժիսորը Բագրատ Գևորգյանն է. բոլոր տոմսերը վաճառվել են, իսկ Դերենիկ Մարտիրոսյանի «Երեք խոզուկները» տիկնիկային ներկայացումը մեծ ժողովրդականություն է վայելում փոքրիկների շրջանում:
Համավարակով պայմանավորված՝ թատրոնը սահմանափակ թվով հանդիսատեսի է ընդունում: Նաղդալյանը հիշեցնում է՝ իրենց նպատակը գումար վաստակելը չէ, այլ մշակութային մթնոլորտն ապահովելը, մարդկանց ընկճվածությունից դուրս բերելը:
Խոսելով զինվորներին աջակցելու մասին՝ Կամո Նաղդալյանն ընդգծեց, որ թատրոնը գումար է փոխանցել «Հայաստան» համահայկական և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամներին: «Ամեն ամիս որոշակի գումար ենք փոխանցելու: Մեր նախաձեռնությունը շարունակական է լինելու: Մենք շատ միջոցառումներ ենք իրականացրել: Թատրոնի շենքը դարձել էր սննդի, անհրաժեշտ պարագաների հավաքագրման կետ: Փորձել ենք ինչ-որ կերպ օգտակար լինել մեր զինծառայողներին: Ամանորյա ներկայացումներից մի քանիսն էլ խաղալու ենք զոհված, վիրավոր տղաների երեխաների համար: Մեզ աջակցել են բարերարներ, որոնց օգնությամբ երեխաների համար նաև նվերներ են նախատեսվում: Կարևոր է, որ նրանք մշտապես ուշադրության կենտրոնում լինեն»,-նշեց թատրոնի տնօրենն ու հավելեց, որ ներկայացումները կազմակերպում են՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում