«Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք»

«Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք»

«Արթուն կացէք և աղօթս արարէք»:

«Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք» (Մատթեոս 26:41):

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվում է «Հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից» տոնը, որն ուրախության և հուսադրության մեծ օր է և առիթ: Հուսադրության, որովհետև, ինչպես գիտենք, Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնողները՝ Աննան և Հովակիմը, երկար ժամանակ երեխա չէին ունենում և Աստծուն աղոթում էին որդեծնության համար: Եվ Աստված իր ժամանակին նրանց զավակ է պարգևում, որը մեծագույն սուրբ և մարդկության բարեխոս Մարիամ Աստվածածինն է: Այս տոնը բերկրալից տոն է, որովհետև ազդարարում և փաստում է, որ աղոթքը պսակվեց իր հրաշալի արդյունքով: Սուրբ Աննայի և Հովակիմի աղոթքները լսելի եղան: Այս իրողությունը ճշմարիտ հավատքի մի վկայություն է, որ նրանք հույսը չկտրեցին ո՛չ Աստծուն դիմելուց, ո՛չ հարատև աղոթքից, չհուսահատվեցին, չնեղացան Աստծուց, չխռովվեցին ու չվրդովվեցին: Այս տոնը մեզ սովորեցնում է նաև չնայել միայն խավարի թանձրությանը և դրանով իսկ հանձնվել, հուսահատվել, մոռանալ Լույսի գոյության և զորության մասին, չարից սարսափել և չտեսնել Ամենակարող Աստծու օգնականությունը Նրան փնտրողների կյանքում ու թիկունքին: Այո՛, աշխարհը խավարի գույներ ունի, ժամանակները չար են, բայց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս մեզ պատգամեց աղոթել և պաշտպանիչ զրահ ունենալ. «Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթեոս 26:41):

Խավարի մեջ անչափ դժվար է դիմանալ, համբերել, հույսը չկորցնել, սպասել լուսաբացին և ընդհանրապես լույս ակնկալել: Այդ ժամանակ չարը կարող է մեզ թվալ հաղթական, աննահանջ, իր գոյությունը պահպանել տևական ժամանակ, բայց հենց այդ ժամանակ է, որ չպետք է մոռանալ աղոթքը, որպեսզի շուտափույթ բացվի լույսը, և այգաբացը չուշանա: Աղոթքն է այդ մութը ցրողը: Առանց աղոթքի բուժարար ազդեցության՝ դժվար է վերականգնվել, ապաքինվել, հուսադրվել, որովհետև այս աշխարհում և կյանքում մեզանից և մեր ուժերից վեր բազում չար ու խավարային իրողություններ կան, որոնք միայն աղոթքի զորությամբ են հաղթահարվում ու չքանում: Որովհետև մարդ կարող է նայել իր շուրջը եղած խավարին ու սարսափել, վախենալ, հենարաններ փնտրել ու չգտնել, օգնություն ակնկալել տարբեր տեղերից և չստանալ, բայց աղոթքը այն հրաշագործ ուժն է, որ նախ և առաջ մարդու հոգու ներսում գոտեպնդում է նրան, զորություն հաղորդում և ապա երկինքը իր ողջ զորությամբ մոտեցնում իրեն, մոտեցնում երկրին: Երբեմն մարդ կարող է աշխարհի արհավիրքներից, աղետներից, պատերազմներից, հիվանդություններից, փոթորկալից իրադարձություններից փոքրիկ երեխայի նման սարսափել և թաքնվելու անկյուն փնտրել: Եվ հենց այդ պահին է, որ աղոթքը օգնության է գալիս մարդուն և օգնության բերում Սուրբ Հոգու շնորհները՝ խաղաղությունը, անդորրը, վստահությունը, համբերությունը, մխիթարությունը, լույսն ու ապրելու ուժը և նրա ոտքերի տակ հողը դարձնում է անսասան: Պատահական չէ, որ մեր ժողովուրդը մահվան պարագայում սգավորներին մխիթարում է «Սուրբ Հոգով մխիթարվեք» խոսքով, քանի որ տվյալ պահին այլևս ոչ ոք ի զորու չէ մխիթարություն պարգևել վշտակիրներին:

Շատ հաճախ մարդիկ, նայելով խավարին ու մթությանը, նույնիսկ չեն ուզում նայել Լույսին, որ նրանց համար պիտի գա աղոթքով ու Սուրբ Պատարագի շնորհներով: Շատ-շատերն ապրում են աշխարհի օրենքներով, աշխարհի օրենքներով տխրում և ուրախանում են, սակայն նույնիսկ դժվարությունների, դժբախտությունների ու նեղությունների ժամանակ չեն ցանկանում նայել Աստծու Լույսին, հիշել Աստծուն, խնդրել Աստծու ամենահաս փրկությունը: Նրանք նախընտրում են ինքնակամ ելքեր փնտրել, բայց չդիմել Աստծու Ամենակարող Աջի զորությանը, աղոթք չանել, չմտնել հոգևոր կյանքի մեջ և հոգում ցնծություն չզգալ: Առակաց գրքում ասվում է. «Ով փնտրում է Տիրոջը, նա գիտություն կգտնի՝ արդարությամբ հանդերձ, և ովքեր ուղիղ սրտով փնտրեն Նրան, խաղաղություն կգտնեն» (Առակներ 16:6), այսինքն՝ ամեն-ամեն ինչ իր տեղը կընկնի և կկարգավորվի: «Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը», – ասվում է Հովհաննու Ավետարանում (Հովհաննես 3:19): Ովքեր չեն գալիս դեպի լույսը, իրենք են կորցնում, քանի որ աղոթքն առ Աստված անհնարինը դարձնում է հնարավոր, բացում է փակուղիները, անելանելի իրավիճակներից ելքեր ցույց տալիս և հրաշքներ կատարում: Քրիստոնեության այս լույսի մեջ, երբ մարդ նախընտրում է անաստվածությունը, անհավատ և աթեիստ լինելը, կորցնողը ինքն է, որ շարունակաբար պիտի խճճվի աշխարհի ու կյանքի բարդ թնջուկի մեջ, մոլորվի ու խորանա անհայտության ու անորոշության լաբիրինթոսում և չցանկանա Աստծու Լույսի ճրագով դուրս գալ այդ ամենից: Այսպիսի մարդիկ համառորեն գերադասում են անհավատությունն ու նրա խավարը, քան ճշմարիտ հավատքն առ Հիսուս Քրիստոս և Նրա պատվիրանների բերած կանոնավորությունը, խաղաղությունը, կարգավորությունը, սերն ու նրա ծնունդ տված բարիքը, խարդախություններից ու նենգություններից հեռու կյանքը: «Ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը», – ասում է Հիսուս Քրիստոս (Հովհաննես 8:12):

Սիրելինե՛ր, Սուրբ Աստվածամորը նվիրված այս տոնի ոգեկոչումը`հույսի և ապագայի հանդեպ լավատեսություն ունենալու առիթ է յուրաքանչյուր քրիստոնեայի համար: Այս օրերին, երբ մեր ժողովրդի զավակները ընկճված են և անգամ հուսախաբված, լույսի և հույսի շողեր են փնտրում սեփական հայրենիքի ապագայի հարցում: Այո՛, դժվար է ու ծանր, բայց ոչինչ թող հոգեկործան չլինի մեզ համար, որովհետև Երկնավոր Հայրը մեզ հետ է և մեզ չի լքել: Մենք շարունակում ենք Նրա որդիները լինել: Քրիստոս Իր աշակերտներին ասում է. «Այս բաները ասացի ձեզ, որպեսզի Ինձնով խաղաղություն ունենաք: Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16:33): Մեզ մնում է հաստատուն մնալ մեր հավատքի մեջ, շարունակել աղոթել, չհուսահատվել, մեր սրբերի բարեխոսությունը խնդրել հայ ազգի ու եկեղեցու, հայոց պետության ու Արցախ աշխարհի անսասանության և խաղաղության համար և սպասել Աստծու փրկությանը, որովհետև մենք ինչ-որ չափով որոշ քայլեր ձեռնարկեցինք մեր հայրենիքի համար, այժմ ուղղակի պետք է սպասենք Տիրոջը: Մենք հավատում ենք Աստծու այգաբացին: Երբ մոմ ենք վառում եկեղեցիներում, մոմի լույսը տեսնում ենք, այդպիսի լույս ենք ակնկալում տեսնել նաև մեր կյանքում, որ խավարը ցրվի, մութը հեռանա, դևը հալածվի: Մեր աղոթքն էլ այդ մոմի լույսն է, որ լուսաբացի հույս է սփռում մեր հոգիներում: Խավարի մեջ էլ հավատացե՛ք Լույսի գոյությանը և մի՛ վախեցեք:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում