Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
Նմանատիպ
«Իրատեսի» զրուցակիցը «Ծիրանի» անսամբլի հիմնադիր, սոլո դուդուկահար և գեղարվեստական ղեկավարը ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆՆ Է։ Մեծ թվով համերգներ Հայաստանում և արտերկրում։ Համագործակցություն ամենատարբեր անսամբլների հետ։ Նորարարական աշխատանք, որը դուդուկի զարգացման և համաշխարհային դասական բեմին ինտեգրվելու կարևոր հայտ է։ Հակիրճ՝ այսպիսին է դուդուկահարի անցած ճանապարհը, ով ներկայումս աշխատում է «Տաղարան» համույթում՝ որպես դուդուկահար, համագործակցում Երևանի պետական կամերային երգչախմբի հետ՝ հանդես գալով որպես մենակատար և երգչախմբի բարիտոն ձայնաբաժնի երգիչ, դասավանդում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում։ Զրույցի թեման բազմազան է՝ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ճանապարհներ, դուդուկի ինտեգրումը աշխարհում և այլն։
– Դժվարին ժամանակներ ենք ապրում, տարին սկսվեց համավարակով, հետո էլ պատերազմը վրա հասավ։ Ի՞նչ էին անում այս օրերին երաժիշտները, ի՞նչ տրամադրություններ էին տիրում տարվա ընթացքում ու պատերազմի օրերին։
– Համավարակի պատճառով փակվեցին համերգասրահները, դասավանդումը տեղափոխվեց առցանց հարթակ, որը սկզբնական շրջանում անսովոր էր ուսանողներիս համար։ Ինքս փորձ ունեի, մի քանի տարի է գործընկերոջս հետ արտերկրի երաժշտասերների, դուդուկի սիրահարների համար առցանց դասընթացներ ենք իրականացնում։ Կարճ ժամանակում հաղթահարեցինք այդ հարցը։ Ավելի դժվար էր երաժշտական կենդանի անցուդարձը առցանց հարթակ տեղափոխելը։ Համերգասրահում երաժիշտը հանդիսատեսին է փոխանցում ապրումները, հույզերը, ինչը առցանց համերգի ժամանակ հնարավոր չէ։
Պատերազմի ժամանակ, կարծում եմ, բոլորս սթրեսային վիճակում էինք։ Չէի ուզում անգամ գործիքը ձեռքս վերցնել, թեև մի քանի համերգ կայացավ «Տաղարան» համույթի կազմով Երևան տեղափոխված արցախցիների համար։ Դժվարությամբ, բայց մեզ ստիպում էինք ժպտալ, դրական լիցքեր փոխանցել հանդիսատեսին։
– Ի՞նչ էր անում «Ծիրանին» այդ օրերին։
– Երաժշտական գործունեություն չենք ծավալել։ Թիկունքային աշխատանքով էինք զբաղված, քողարկող ցանցեր էինք գործում, նաև օգնություններ հավաքում Արցախից տեղափոխված ընտանիքների ու զինծառայողների համար։ Բարեգործական միջոցառումներին մեծապես աջակցեցին նաև արտասահմանում գտնվող ընկերներս։
– Մենք կարծես ազատվում էինք ցեղասպանվածի բարդույթից։ Մեր արվեստագետները միջազգային հարթակներում բարձրացնում էին Ցեղասպանության ճանաչման հարցը, ներկայացնում Արցախը՝ ֆիլմերի միջոցով, փառատոների և այլն։ Այսօր ի՞նչ կարող ենք ասել դրսի հանրությանը։ Ի՞նչ հոգեվիճակով եք ներկայանալու միջազգային բեմերում, ինչպե՞ս եք պատկերացնում ձեր առաքելությունը՝ Հայաստանը ներկայացնելու առումով։
– Հոգեվիճակի մասով այդքան էլ համաձայն չեմ, ես ապրել եմ 35 տարի, բայց երակներիս մեջ ունեմ մի քանի հազարամյա պատմության գոնե զգացական մասը։ Հայաստանում չի եղել դարաշրջան, որ պատերազմ, անգամ պատերազմներ չլինեն։ Դա արտացոլվում է նաև մեր երաժշտության մեջ։ Ինչու՞ է դուդուկը զարգացել Հայաստանում, ոչ թե հարևան երկրներում, որովհետև այն խիստ հատուկ է մեր հոգեկերտվածքին։ Մեր մշակույթի բոլոր շերտերում, ուզենք, թե չուզենք, կան այդ գույները, այդ հնչյունները։ Այնպես որ, չեմ կարծում, թե այս պատերազմն այնպիսի հետք կթողնի, որ երաժիշտները չկարողանան աշխատել։
– Կորստի զգացողությունը, սակայն, թարմ է, չսպասված։ Մենք ազատագրված տարածքներ կորցրինք, մեծաթիվ զոհեր ունեցանք, մեր երկրի ինքնիշխանությունն էլ կասկածի տակ է։
– Համաձայն եմ, ոչ ոք անմասն չի մնացել կորստից։ Եթե զգացական մասը թողնենք ու սառը դատենք, կորուստն այնքան մեծ չէ, որքան 100 տարի առաջ, բայց մենք կարողացանք զարթոնք ապրել, կարողացանք արարել։ Եթե մեզ ճնշենք այս կորստով, դա լավ բանի չի բերի։ Պետք է կորստի ցավին հակազդենք մեր գործունեությամբ։ Էլ ոչ ոք իրավունք չունի թերանալու իր գործում, պետք է առավելագույնն անենք, մեր ապրած կյանքով ցույց տանք, որ զինվոր տղաների զոհողությունն իզուր չի եղել։
– Ասացիք, որ դուդուկը մեր հոգեկերտվածքին է բնորոշ։ Իսկ ինչո՞վ է այն գրավում աշխարհին։
– Դուդուկի հաջողության գրավականը, նախ և առաջ, յուրահատուկ ձայնն է՝ նուրբ թավշյա հնչերանգը, որը միանգամից մարդու հոգուն է փոխանցվում։ Դա է պատճառը, որ դուդուկը այդքան տարածում գտավ ու սիրվեց։ Համաշխարհային շուկայում դուդուկն ինտեգրման մի մասն անցել է ու դեռ շարունակում է հաղթարշավը։ Բայց ոմանք չեն ընկալում այդ գործիքի ողջ խորությունն ու նրբերանգները, ընկալում են այն որպես էկզոտիկ գործիք։ Կան երաժիշտներ, որ մի քանի պարապմունքով փորձում են հաջողության հասնել, ու ասեմ, որ լավ գովազդի ու առցանց հարթակն օգտագործելու միջոցով ոմանց դա հաջողվում է։ Համաշխարհային հանրությունը դուդուկը պետք է ընկալի ոչ թե որպես էկզոտիկ, այլ երաժշտական պրոֆեսիոնալ գործիք, ինչպես ջութակը, կլառնետը, հոբոյը և այլն։
– Զրույցի սկզբում ասացիք, որ առցանց հարթակ եք ստեղծել դրսի երաժշտասերների համար։ Դուդուկն ինչպե՞ս են հաղթահարում օտարերկրացիները։ Առհասարակ, ի՞նչ տվյալներ պետք է ունենա դուդուկահարը հաջողության հասնելու համար։
– Շատ կարևոր է աշխատասիրությունը, բայց առաջնային է Աստծո տված շնորհքը։ Դա միանգամից տեսանելի է. այն, ինչ մեկին հաջողվում է անել տասժամյա աշխատանքի ընթացքում, մեկ ուրիշին հաջողվում է հինգ րոպեում։ Հայ երեխաների համար ավելի հեշտ է այս գործիքին տիրապետելը, այն պատճառով, որ նրանք ապրել են Հայաստանում, լսել հայկական երաժշտություն, խոսել են հայերեն, դպրոցում սովորել հայոց պատմություն։ Այս ամենը նշանակություն ունի։ Բացի այդ, դուդուկի ձայնաբաժինը, հնչողությունը նման է հայ տղամարդու ձայնին։ Դուդուկ նվագելով՝ ակամա կրկնօրինակում ես այդ ձայնը, ինչն ավելի հեշտ է տրվում հայ երեխաներին։ Տեխնիկական մասով տարբերություն չկա՝ հայ է նվագողը, թե արտասահմանցի, կարող ես վարժ տիրապետել գործիքին, բայց հնչեցնել ոչ հայեցի։
– Ավելի հեշտ է իբրև մենակատա՞ր հանդես գալը, թե՞ նվագախմբի հետ։
– Նվագախմբի հետ նվագելիս պարտավորությունը բաշխվում է բոլորի վրա, իբրև մենակատար դու մենակ ես, ու միայն կատարողական վարպետությունը բավարար չէ։ Լսարանում 4 ժամ, 10 ժամ աշխատելով՝ լուծում ենք տեխնիկական խնդիրները, բայց երաժշտությունն ինչ գույն կունենա կատարելիս, կախված է ոչ միայն լսարանական աշխատանքից, այլև երաժշտի ապրած կյանքից, ներաշխարհից։ Կա էլի մի կարևոր հանգամանք. 20-րդ դարի դուդուկահարները փայլուն էին նվագում, բայց նոտաճանաչ չէին, այսօր դուդուկահարը, եթե չունենա երաժշտական կրթություն, դուրս կմնա երաժշտական շուկայից։ Նախկինում դուդուկը հնչում էր սգո ու հարսանեկան ծեսերին, այսօր հնչում է ավելի շատ բեմում, իսկ դրա համար կարևոր է երաժշտական գրագիտությունը։
– Ինչպե՞ս է ծնվել «Ծիրանին», ինչո՞վ է առանձնանում, ի՞նչ հաջողություններ ունի և ի՞նչ ծրագրեր։
– «Ծիրանին» ներկայումս հանդես է գալիս երկու ձևաչափով՝ իբրև գործիքային հնգյակ՝ դուդուկ, շվի ուդ, թառ, հարվածային գործիքների կազմով, մյուս տարբերակում՝ հնգյակին միանում են երկու երգիչ։ Խումբը հիմնվել է 2012-ին՝ իմ նախաձեռնությամբ։ Գործիքների ընտրությունը շատ պարզ է, պետք է լինեին բոլոր հնչերանգները։ Դուդուկը՝ ծիրանափողը, ներկայանում է որպես դոմինանտ-սոլո գործիք, այդտեղից էլ խմբի անունը՝ «Ծիրանի»։ Բացի այդ, Կոմիտասի, աշուղ Ջիվանու երգերում ծիրանենին զուգորդվել է Հայաստանի հետ, պտուղները՝ հայ ժողովրդի։ Ծիրանագույն են եղել նաև պատմուճանները մեր արքաների։ Այդպես ընտրեցինք խմբի անունը։ Հյուրախաղեր ենք ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, 2016-ին թողարկել «Ծիրանի «Vol 1»» խորագրով ձայնասկավառակ, որում ձայնագրվել են հայկական ժողովրդական, հայտնի գուսանների և կոմիտասյան երգեր, հոգևոր և հայ միջնադարյան երգեր։ Որոշ տաղեր կատարվել են առաջին անգամ։ Ապագայում նախատեսում ենք երկրորդ ձայնասկավառակի թողարկումը, որում տեղ կգտնեն հատկապես Նարեկացու տաղերը։
– Ինչպե՞ս եք ընտրում երգացանկը։
– Երգացանկն արտացոլում է տվյալ ժամանակի հոգեվիճակը։ Այն, ինչ այսօր կատարեցի, վեց ամիս հետո գուցե չուզենամ կատարել։ Բեմը խաբեություն չի սիրում, չես կարող շուկայի պահանջներին հետևելով՝ կատարել այն, ինչ սրտիցդ չէ ու գերել հանդիսատեսին։ Ինչպես Սևակն է ասում՝ կա արվեստի մարդ, և կա արվեստի վաճառական։ Արվեստի մարդը հասարակությունը տանում է իր հետևից, արվեստի վաճառականը հարմարվում է հասարակությանը։ Բոլոր ժամանակներում հաջողության են հասնում արվեստի վաճառականները, որովհետև վաճառել են էժանը, մատչելին, պահանջվածը։ Արվեստի մարդկանց ստեղծածը, սակայն, չի կորցնում արդիականությունն անգամ նրանց կյանքից շատ տարիներ հետո։
– ՌԴ-ում դուդուկի միջազգային փառատոնե՞ր են անցկացվում։
– Այո, հետաքրքիր համերգներ են լինում, ես մասնակցել եմ մի քանի անգամ։ Հիմնականում մասնակիցները հայեր են տարբեր երկրներից։ Եթե չեմ սխալվում ՝ եղել է նաև հրեա մասնակից Իսրայելից։
– Հարևան երկրներից մասնակցություն չկա՞։
– Մեր հարևանները մրցակցությունից դուրս են, չեն կարող որակական առումով փոքր-ինչ անգամ մոտենալ հայ դուդուկահարներին։
– Համաշխարհային դասականների շատ ստեղծագործություններ առաջին անգամ դուդուկով հնչեցրել եք Դուք։ Մի փոքր պատմեք այդ փորձառության մասին։ Ինչպե՞ս է հնարավոր փոխադրել դրանք դուդուկի համար, ի՞նչ արձագանք են ունենում երաժշտասերների շրջանում։
– Իմ վարպետը՝ վաստակավոր արտիստ Գեորգի Մինասյանը, ստեղծեց դուդուկների ընտանիք՝ սոպրանո, տենոր, ալտ, բաս հնչերանգներով։ Դա հնարավորություն տվեց կատարելու անգամ Կոմիտասի պատարագն ամբողջությամբ, Կոմիտասի շատ խմբերգային ստեղծագործություններ փոխադրել։ Նաև վարպետը մեծ աշխատանք կատարեց՝ համաշխարհային դասական հնարավոր նմուշները փոխադրելով դուդուկի համար։ Ինչու՝ հնարավոր, որովհետև դուդուկը սահմանափակ ձայնածավալ ունի՝ 1 օկտավա և չորս նոտա։ Վարպետի ստեղծած փականներով դուդուկները մեկ-երկու օկտավայով լայնածավալ են, ինչը հնարավորություն տվեց մեծ թվով ստեղծագործություններ փոխադրելու դուդուկի համար։ Ես, լինելով վարպետի լավագույն աշակերտներից մեկը, նվագեցի գրեթե բոլոր փոխադրումները։ Կարելի է ասել՝ դրանց մեծ մասը ինքս եմ առաջին անգամ նվագել և բեմում ներկայացրել։ Այդ ստեղծագործությունները պետք է նվագել ոչ թե ժողովրդական երգի, այլ դասական երաժշտության կանոններով։ Դա կարևոր է և՛ կրթելու, և՛ դուդուկը համաշխարհային շուկայում որպես պրոֆեսիոնալ գործիք ներկայացնելու առումով։ Իմ փորձից ելնելով կարող եմ ասել՝ ինչքան ուսումնասիրեցի, կատարեցի դասականը, այնքան ավելի հեշտ ընկալեցի մերը՝ Կոմիտասը, Նարեկացին, աշուղական երաժշտությունը, տաղերը։
Ինչ վերաբերում է արձագանքին՝ սկզբում քննադատվեց, ինչպես ամեն նոր բան։ Տարիներ հետո սկսեցին անգամ ասել, որ իրենք են առաջին անգամ դուդուկով ներկայացնում դասական երաժշտությունը։ Իսկ հետաքրքրությունը հանդիսատեսի շրջանում շատ մեծ է։ Մի օրինակ եմ ուզում բերել. ուսանող ունեմ, որ պրոֆեսիոնալ հոբոյահար է, հանդես է եկել մեծ բեմերում՝ աշխարհի լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի հետ, հիմա դուդուկ է սովորում։ Դուդուկով լսել է Վիվալդիի՝ հոբոյի համար գրված կոնցերտն ու որոշել դուդուկ սովորել։ Սա շատ կարևոր գնահատական է ինձ համար։
Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում