1920-ին թշնամուն հանձնվեց Կարսը, 2020-ին՝ Շուշին

1920-ին թշնամուն հանձնվեց Կարսը, 2020-ին՝ Շուշին

Հայտնի արտահայտությունը, թե պատմությունը կրկնվելու սովորություն ունի, մեզ համար հատկապես հիմա ավելի է արդիական դարձել՝ ֆեյսբուքում «Կարս 1920- Շուշի 2020. ֆատալիստական սխալների զուգահեռներ» վերտառությամբ գրառման մեջ նշել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Մասնագիտական և ոչ մասնագիտական շրջանակներում շատ են տարվում զուգահեռներ 1920 թ. և 2020 թ. Հայաստանի միջև: Պատմական փաստերի մանրամասների մեջ շատ չխորանալով` կարելի է առանձնացնել առնվազն երեք կարևոր զուգահեռ, որոնք կային 1920-ին և 2020-ին՝
1. արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի սխալ քայլեր,
2. թուրք-հայկական պատերազմ,
3. ռուսական զորքի-գործոնի սպասում:
Եվ որպես այդ ամենի ավարտ՝ 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի նվաստացուցիչ պայմանագիր – 2020 թ. նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարություն: Այդ ամենի հետևանքով 1920-ին կորցրինք անկախությունը, իսկ 2020-ին՝ սուբյեկտայնության և ինքնիշխանության զգալի մասը (ի դեպ ինքնիշխանության մասին պոռոտ հայտարարությունները ներկայիս իշխանության պոպուլիստական հռետորաբանության զինանոցի կարևոր զենքերից էին):
Սակայն 1920-ի և 2020-ի զուգահեռները այսքանով չեն ավարտվում. երևի թե «զարմանալի» զուգադիպությամբ քարոզչական ասպարեզում ևս կան ակնառու նմանություններ: 1920-ին հայոց բանակում և հասարակության մեջ որոշակի շրջանակներ հստակ քարոզ էին տանում, որ հարձակվող թուրքական զորքը «լավ թուրքերի» զորքն է և նրանց դեմ պայքարել պետք չէ: 100 տարի հետո՝ 2020 թ. Ազգային ժողովի ամբիոնից իշխող խմբակցության պատգամավորը վտանգավոր էր համարում ազգագրական երգերը և բառացի խոսում կրկին «լավ թուրքերի» մասին, իրականացվում էին հայ-թուրքական ինքնանպատակ «հաշտությանն ու երկխոսությանը» միտված գրանտային տարատեսակ ծրագրեր, իսկ ինչ-որ ճիվաղներ անթույլատրելի էին համարում ապրիլի 23-ին ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշի այրելը:

Մի զուգահեռ էլ առանձնացնենք հոգևոր-մշակութային ոլորտին վերաբերող. 1920-ի պարտությունից հետո բանակցությունների ժամանակ փորձում էինք Հայաստանի սահմաններում պահել գոնե մայրաքաղաք Անիի ավերակները՝ որպես քրիստոնեական մշակույթի բացառիկ օրինակ, 2020 թ. փորձում ենք պահել Դադիվանքը…
2020-ի պատերազմի ժամանակ տարածված կարգախոսներից էր «սա մեր վերջին պատերազմն է», ինչի հետ ես համաձայն չեմ: Իմ կարծիքով, թուրք-հայկական պատերազմը շարունակվում է արդեն մոտավորապես հազար տարի՝ այն պահից, երբ թյուրքական ցեղերը ներխուժեցին Հայկական լեռնաշխարհ և դեռ շարունակվելու է: Թուրք-ադրբեջանական ագրեսիվ տարածքային և այլ նկրտումները չեն դադարելու, իսկ դրանց վերջնական նպատակը Հայաստան պետության չգոյությունն է: Հազար տարվա մեջ արձանագրվում են թուրք-հայկական ճակատամարտեր, որոնց մի մասը մենք հաղթել ենք, մի մասը՝ պարտվել: Ընդ որում, թող պաթոսային չհնչի, բայց 2020 թ. ճակատամարտում պարտվել է ոչ թե մեր բանակը և զինվորը, այլ պարտվել են ճակատագրի հեգնանքով իշխանության եկած ապիկար կառավարիչները, որոնք լինելով ֆեյսբուքյան ինքնախաբեության գերիներ՝ կարևորում են ֆեյսբուքյան հաղթանակները և որոնց համար ռազմական հաջողությունները կամ ռազմավարը իրական անձանց կամ ֆեյքերի դրած լայքերն են ու դրանց քանակը:

100 տարի առաջ ճիշտ այս ժամանակ մենք տանուլ տվեցինք և այդ պարտության խորհրդանիշը Կարսն էր, որը ոչ թե գրավվեց թշնամու կողմից, այլ հանձնվեց թշնամուն: 100 տարի հետո՝ 2020 թ. մեր պարտության խորհրդանիշը Շուշին է, որը նույնպես հանձնվեց: Վստահ եմ, որ հայ ազգը կրկին ոտքի է կանգնելու, կրկին զարգանալու է, կրկին հասնելու է հաղթանակների և հաջողությունների, սակայն այդ ամենի համար մենք պետք է կարողանանք ազգովի դուրս գալ անընդհատ նույն սխալը անելու ֆատալիստական շրջանակից, որպեսզի «պատմությունը նորից չկրկնվի» և պարտության նոր խորհրդանիշ-քաղաքներ չունենանք:
Ուրեմն՝ ոչ ապազգային, կոսմոպոլիտ մտածողությանը, ոչ տգիտությանը, ոչ դիլետանտիզմին, ոչ երեսպաշտությանը, ոչ ինքնախաբեությանը, ոչ ապիկարներին, ոչ դավաճաններին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում