Գեղարվեստի և գրաֆիկայի վարպետը՝ Ախալցխայից,«Սասունցի Դավիթ» վիպերգի անգերազանցելի պատկերազարդողը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակին հայաշունչ ու հայահոծ Ախալցխան քիչ երեւելիներ չի պարգեւել մեր ժողովրդին՝ Շառլ Ազնավուր, Հակոբ Մանանդյան, Վարդգես Սուրենյանց: Այս եւ այլ մեծերի կողքին իր արժանավոր տեղն ունի հայ գեղանկարչության ամենաինքնատիպ դեմքերից մեկը՝ գեղանկարիչ ու գրաֆիկայի վարպետ Հակոբ Կոջոյանը, ով եթե ուրիշ արժեքներ ստեղծած էլ չլիներ, «Սասնա ծռերի» պատկերազարդումը եւ Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը կերաշխավորեին նրա տեղը հայ կերպարվեստի պատմության մեջ:
Վրձնի ապագա վարպետը ծնվել է Ախալցխայում ճանաչում ունեցող ոսկերիչների ընտանիքում: Յոթ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Վլադիկավկազ: Փոքրիկը ուսանում է տեղի քաղաքային վարժարանում: Ժամանակի ընթացքում արվեստի հանդեպ արթնացած սերը նրան տանում է Մոսկվա, որտեղ հաճախում է Պրուսովի արվեստանոց: Այստեղ յուրացնում է փորագրության տեխնիկան ու տիրապետում դրա նրբություններին: Դրան հաջորդում է ուսումնառությունը եվրոպական բարձրակարգ հաստատություններում. երկու տարի սովորում է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, ապա մեկնում Փարիզ՝ կատարելագործման:
Բարեբախտություն էր, որ առաջին աշխարհամարտին զորակոչված նկարիչը վերադառնում է մահվան թատերաբեմից, աշխատում Մոսկվայում, իսկ 1918-ին հաստատվում է Երեւանում: Նույն թվականին մեծանուն Նիկողայոս Մառի հնագիտական արշավախմբի հետ մասնակցում է հայոց հազար ու մի եկեղեցիների մայրաքաղաք Անիի պեղումներին: Այդ օրերի անջնջելի տպավորությունները հետագայում ստանում են գույն ու երանգ եւ արտահայտվում նրա «Անիի ավերակները» կտավում: Այդ տարիներին շարունակում է աշխատել հնագիտական նույն խմբի հետ: Սակայն աշխատանքային գործունեությունն ընդհատվում է. 1921 թ. փետրվարյան ապստամբության պարտությունից հետո գեղանկարիչը հեռանում է Պարսկաստան, հաստատվում Թավրիզում: Այս քաղաքում Ալեքսանդր Թամանյանի ստեղծած ստուդիայում դասավանդում է ճարտարապետություն: Կարճ է տեւում նաեւ այս զբաղվածությունը. եկել էր պահը կրկին հայրենիք վերադառնալու: Իսկ դրա առիթը հայրենի կառավարության ազգաշահ հրավերն էր մեծանուն բոլոր հայ արվեստագետներին, նրանց թվում եւ՝ Հակոբ Կոջոյանին:
Քչերը կարող են համեմատվել բազմաժանր ու բազմաշնորհ այս արվեստագետի հետ. նրա ստեղծագործություններում առկա է թեմատիկ, ժանրային ու տեխնիկական հնարների ակնհայտ բազմազանությունը՝ գրքերի ձեւավորում, սյուժետային պատկերներ, բնանկարներ, դեկորատիվ մոտիվներով երկեր, կիրառական էսքիզներ: Բազմազան է կերպարվեստի ձեւաոճաբանական նրա տեխնիկան՝ յուղաներկ, ջրաներկ, գուաշ, տեմպերա, մոմաներկ, փորագրություն:
Տաղանդավոր գեղանկարիչը նույնքան տաղանդավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի եւ նկարիչ Սեդրակ Առաքելյանի հետ աշխատել է ռուսաստանյան հեռագրական գործակալության հայկական բաժանմունքի արվեստանոցում, ստեղծել ագիտացիոն պլակատներ եւ ծաղրանկարներ: 1923 թ. մոսկովյան «Պայքար» ամսագրի շապիկի ձեւավորման համար նրան արժանացնում են առաջին կարգի դիպլոմի: Իսկ 1935-ին ստանում է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում:
Հակոբ Կոջոյանին մեծ ճանաչում բերեց «Սասնա ծռեր» ժողովրդական վիպերգության հիրավի շքեղ պատկերազարդումը: Նաեւ արեւելյան մոտիվներով արարված մի շարք մեծարժեք կտավներ՝ արված թավրիզյան տպավորությունների հենքով: Բացի այդ՝ բնավ պատահական չէ, որ հենց նրան են համարում ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրը:
Ասենք, որ գրքի նկարչական ձեւավորման վարպետը պատկերազարդել է Ստեփան Զորյանի «Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին պատկերազարդ հրատարակությունները՝ Հովհաննես Թումանյանի «Գիքորը», «Տերն ու ծառան», Չարենցի «Գիրք ճանապարհին», Բակունցի «Սեւ ցելերի սերմնացանը», Մ. Գորկու «Բանաստեղծություններ եւ լեգենդներ» ժողովածուն, ստեղծել Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի դեկորացիայի էսքիզները, նկարազարդել սիրո մեծ երգչի՝ Սայաթ-Նովայի խաղերի ժողովածուն: Վերջին լավագույն գործերից են մեծն Թումանյանի «Փարվանա» լեգենդի նկարազարդումները: Հավելենք նաեւ, որ Ալեքսանդր Թամանյանի հետ միասին նա է հեղինակը հայոց առաջին պետականության զինանշանի: Իսկ ցուցահանդեսներ, իհարկե, շատ՝ մայրաքաղաքում, Թբիլիսիում, Բաքվում, Մոսկվայում, Լենինգրադում, Սոֆիայում, Պլովդիվում…
Կյանքի վերջին տարիներին գեղանկարիչը կրկին փորձել է կտավին հանձնել Անիի ավերակները: Սակայն վրա հասած անխուսափելին կիսատ է թողել նրա վերջին ստեղծագործությունը, որն այդպես էլ մնում է իր արվեստանոցի մոլբերտի վրա՝ կիսատ ու անշրջանակ…
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում