Թուրքիայի քուրդ պատգամավորները կոչ են արել դադարեցնել քանդել Մուշի հայկական տները

Աքսորված, ցեղասպանության ենթարկված հայերից մնացած պատմական և մշակութային կառույցները չեն կարող պատմության երեսից ջնջվել «քաղաքային վերակառուցում» նախագծի շրջանակում: Ինչպես հաղորդում է  թուրքական Haberler.com-ը, այս մասին հայտարարել են Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդական միակ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության Մուշի պատգամավորներ Դեմիր Չելիքը և Սը րրը Սաքըքը:

«Ոչ մի քաղաքացի նման նախագիծը չի կարող համարել օրինական և հավանության արժանացնել այն: Թեպետ անցել է մոտ 100 տարի, սակայն ողբերգությունը շարունակում է մնալ մեր սրտերում»,- նշել են քուրդ պատգամավորները’ հավելելով, որ հայկական տները քանդելու մեթոդները նման են 98 տարի առաջ կիրառվածներին: Նրանք նշել են, որ Քալեի հայկական տները պետք է ոչ թե քանդվեն, այլ ռեստավրացվեն: Դեմիր Չելիքի և Սըրրը Սաքըքի հավաստմամբ’ տները քանդելով թուրքական իշխանություններն ավելի են խորացնում առկա ցավերը: Պատգամավորներն առաջարկել են Քալեի թաղամասում ստեղծել «Մ շակութային փողոց», որտեղ զբոսաշրջության համար կվերանորոգվեն եկեղեցիներն ու հայկական տները:

Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը (TOKİ) «քաղաքային վերակառուցում» նախագծի շրջանակներում նախատեսում է Մուշի Քալե թաղամասի պատմական հայկական տների փոխարեն կառուցել 864 բնակելի տներ և 107 գրասենյակներ: Շուրջ 60 հազար քառակուսի մետր զբաղեցնող տարածքում վերակառուցումներ իրականացնելու վերաբերյալ վարչությունը համաձայնության է եկել բնակիչների 85 տոկոսի հետ:

Մուշի Քալե թաղամասում գտնվող տների ներկայիս բնակիչներից շատերը հրաժարվում են վարչության տրամադրած փողերի դիմաց թողնել և հեռանալ: Սակայն, ի պատասխան նրանց բողոքների’ TOKİ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ամեն դեպքում քանդելու են տները, և եթե բնակիչները կամավոր չհեռանան, ապա նրանց իրերն էլ կմնան փլատակների տակ:

Մուշի պատմական հայկական տները քանդելու դեմ Թուրքիայում էլեկտրոնային ստորագրահավաք է սկսվել, որի նախաձեռնողները կոչ են արել միանալ և արգելել հայկական պատմական վերջին հետքերի ոչնչացումը Մուշում: «Հայերը, հույները, ասորիները համակարգված կերպով կոտորածի են ենթարկվում: 1915 թվականի ցեղասպանությամբ սկսված գործընթացն այսօր շարունակվում է որպես մշակութային և տնտեսական ցեղասպանություն: Սրա նպատակն առավելագույն շահույթ ստանալն է, ինչպես նաև հավաքական հիշողությունը ոչնչացնելը: Մշակույթ ոչնչացնելը մարդկություն ոչնչացնել է նշանակում: Սա պատմական կոտորած է: Հանուն ժողովուրդների եղբայրության և հավասարության դու էլ քո ստորագրությամբ կանխիր այս կործանումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում