Գիորգի Գախարիան կրկին ներկայացվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում

Գիորգի Գախարիան կրկին ներկայացվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Վրացական երազանքը» երկրի վարչապետի պաշտոնի համար ներկայացրել է Գիորգի Գախարիայի թեկնածությունը: Համապատասխան նամակը ստորագրել է կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։

Նոր խորհրդարանի լիազորություններն ընդունելուց հետո նախարարների կաբինետը հրաժարական է տվել, բոլոր նախարարները համարվում են ժամանակավոր պաշտոնակատար: Գախարիան մինչև կիրակի ժամանակ ունի՝ կառավարության կազմը հայտնելու համար:

Վստահություն ստանալու համար կառավարությանն անհրաժեշտ է նվազագույնը 76 պատգամավորի աջակցություն: Գախարիան համարվում է «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ֆավորիտը, նախարարների կաբինետի ամենաազդեցիկ անձը: Նա Վրաստանի վարչապետի պաշտոնում է 2019-ի սեպտեմբերից:

Մասնագիտությամբ Գախարիան պատմաբան է, կրթությունը ստացել է Թբիլիսիում և Մոսկվայում: Աշխատանքային կարիերան սկսել է ՌԴ-ում․ 2004-2008 թթ-ին նա Մոսկվայում «SFK Group»-ի գլխավոր տնօրենն էր, 2006-2009թթ.-ին` Մոսկվայի պետական համալսարանի հրավիրյալ դասախոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում