Երևանում նորոգվում են 50-ից ավելի մշակութային եւ ուսումնական հաստատություններ
Նմանատիպ
Երևան քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների 54 շենքերում. դրանց կեսից ավելին՝ 28-ը, նախադպրոցական ուսումնական հաստատություններ են։ Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, տարեկան ծրագրում ներառված հաստատությունները որոշվել են ըստ նորոգման անհրաժեշտության գնահատման առաջնայնության, որի շրջանակում առաջնահերթությունը տրվել է նախ տանիքների, ապա կոյուղագծերի և սանհանգույցների անհապաղ նորոգման խնդիրներ ունեցողներին։ Ըստ այդմ, սահմանված չափորոշիչներով ծրագրում ընդգրկվել են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության 16 գրադարաններ։
Մշակութային և առողջապահական մի շարք հիմնարկությունների շենքերի ջեռուցման աշխատանքների կազմակերպման շրջանակում իրականացվում են նաև նոր լուսամուտների, դռների տեղադրման և ջերմամեկուսացման այլ աշխատանքներ, ինչպես նաև ջեռուցման համակարգերի անցկացման ու ընդլայնման ներքին հարդարման աշխատանքներ։ Ջեռուցման ծրագրում ներառվել են նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը։
Մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների նորոգման 2013 թվականի տարեկան ծրագրում ընդգրկված են նաև 4 երաժշտական դպրոցներ, 2 պոլիկլինիկաներ, 2 մշակութային օբյեկտներ՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի և Նոր Նորք մշակույթի կենտրոնի շենքերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում