Պատերազմն ավարտված չէ, և դու կհաղթես

Պատերազմն ավարտված չէ, և դու կհաղթես

Մեզանից դեռ շատ առաջ է հնչել այն խոսքը, թե հաղթանակը բոլորինն է, պարտությունը՝ որբ։ Մենք, սակայն, մշտապես հաղթող լինելով, քիչ ենք ունեցել պարտության զգացումը․ այն ծանոթ չէ մեր հոգիներին։

Երբ ասում ենք հաղթանակ և պարտություն, քաջ գիտակցում ենք, որ այդ երկուսը իրականում տանելու համար նախ պետք է այն կրել մեր հոգիներում ու սրտերում։ Ինչպես Քրիստոս Խաչի վրա բարձրացավ հաղթանակած, և մինչ մյուսները Խաչի մոտ սգում էին մահը, Նա արդեն Խաչի վրա տարել էր հաղթանակ «ամենազոր» մահվան հանդեպ։ Սկզբում մյուսները գուցե տեղի ունեցածը հաղթանակ չհամարեցին, այլ սգացին և տխրեցին՝ կատարվածը համարելով ամենաամոթալի պարտություն, սակայն հետագայում հասկացան միայն, որ եղածը հաղթանակ էր, հաղթանակներից հզորագույնը:

Գուցե իսկապես սխալ են մեր պատկերացումները ինչպես կյանքի ու մահվան, այնպես էլ հաղթանակի ու պարտության մասին։ Այսօր մենք՝ որպես քրիստոնյաներ, հիշում ենք ոչ թե Քրիստոսի մահը Խաչի վրա, այլ հաղթանակը։ Եվ Խաչն էլ փառաբանում ենք ոչ որպես մահվան գործիք, այլ հաղթանակի խորրդանիշ: 

Այո՛, մեր ապրած այս օրերում բարդ է հավատալ ապագայում չարի հանդեպ մեր փառավոր հաղթանակին, որ մեր ունեցած հավատով, հույսով ու սիրով է իրագործվելու։ Սակայն պետք է ամեն պարագայում չկորցնենք հույսը վաղվա օրվա հանդեպ, աղոթենք և գործենք՝ անենք ամեն ինչ ապագայում մեր հաղթանակի համար։ Թևաթափ լինելը և պարտությունը չընդունելը ամենահեշտն է, որ կարող է անել յուրաքանչյուրը, սակայն հայի ուժը հենց այս առեղծվածի մեջ է՝ շարունակ հզորանալ, չընկճվել ու առաջ շարժվել։

Առաջ շարժվելու համար ունենանք Քրիստոսին մեր հոգիներում ու սրտերում։ Ընդունենք, որ պարտվել ենք ոչ թե քոչվոր և անհայրենիք ցեղերին, այլ ինքներս մեզ, և հաղթելու համար նախ ինքներս մեզ պետք է հաղթենք։ Հիշենք՝ պատերազմն ավարտված չէ, և «Դու կհաղթես այս պատերազմում, որովհետև քո գործն արդար է»:

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում