«Կողմերը պետք է կանգ առնեն նոյեմբերի 10-ի դրությամբ առկա դիրքերում». Պուտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահի նստավայրում տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
Ասուլիսի շրջանակում Պուտինն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ ընդգծելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս էր եկել: Լարվածությունը, նրա խոսքով, տևում էր երկար տարիներ:
Նախագահը կասկած է հայտնել առ այն, որ հակամարտությունը բռնկվել է արտաքին միջամտության պատճառով:
«Մոսկվայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հետևյալն է՝ կարգավորում է առանց արյունահեղության»,- բացատրել է Պուտինը:
«Երկար տարիներ Ռուսաստանը ելնում էր այն նախադրյալից, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն յոթ շրջանները: Բացի այդ, ստատուս քվոն պետք է ամրագրվի տարածաշրջանում:
Խոսելով հակամարտության մեջ Թուրքիայի դերի մասին, Պուտինը նշել է․ «Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է «Ադրբեջանի արդար գործի» պաշտպանության վրա: Անկարան պնդում էր վերադարձնել տարածքները Բաքվին»,- ավելացրել է ՌԴ նախագահը։
Ռուս առաջնորդը, հղում անելով այն փաստին, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ասել է, թե «միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղն Ադրբեջան է»։
«Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը, միջազգային իրավունքի տեսանկյունից, դրանք ադրբեջանական տարածքներ են»,- ասել է Պուտինը:
Անդրադառնալով հակամարտության պատմությանը, ՌԴ նախագահը նշել է, որ հայերն առաջին արցախյան պատերազմի ժամանակ զենք էին վերցրել իրենց կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար։
Միևնույն ժամանակ, խոսելովց առկա իրավիճակից և Հադրութի շրջանում տեղի ունեցած վերջին սրացումից, Պուտինը հույս է հայտնել, որ դա եզակի դեպք կլինի և ասել է, որ կողմերը պետք է կանգ առնեն նոյեմբերի 10-ի դրությամբ առկա դիրքերում:
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ, այսինքն՝ այն պետք է տեղափոխվի ապագա, ֆիքսվի ստատուս քվոն, բայց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապի հնարավորության պարտադիր ստեղծմամբ, որի համար նախատեսվում էր ստեղծել այսպես կոչված Լաչինի միջանցք, այսինքն՝ կապի միջանցք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև», – բացատրել է նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում