Նրա տունը բեմն էր, ընտանիքը՝ խաղընկերները, իսկ զավակները՝ դերերը

Նրա տունը բեմն էր, ընտանիքը՝ խաղընկերները, իսկ զավակները՝ դերերը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրան բնությունը չէր շնորհել բեմական շքեղ արտաքին՝ փոքրամարմին, վտիտ կառուցվածքով, ոչ այնքան բարետես քիթ ու դիմագծեր… Իսկ եթե սրան ավելացնենք եւ այն, որ չէր ստացել բեմարվեստի մարդուն անհրաժեշտ մասնագիտական կրթություն, չէր ունեցել խորագետ ուսուցիչ կամ ռեժիսոր, ապա զարմանահարույց կարող է թվալ նրա անաղմուկ մուտքը թատերական աշխարհ, բայց շռնդալից հաջողությունները՝ բեմում:

Մելինե Համամջյանը ծնվել է Պոլսում, մեկ տարեկանում նրանց ընտանիքը տեղափոխվում է Բուլղարիա, հաստատվում Պլովդիվ քաղաքում: Դեռ մանուկ հասակից սկսում է երգել, պարել, ոտանավորներ արտասանել: Հետագայում պիտի հիշեր մանկության անհոգ տարիները եւ պատմեր, թե ինչպես էր իրենց տուն հյուր եկողներին «հյուրասիրել» իր գեղեցիկ պարերով ու երգերով: Իսկ բեմական առաջին քայլերն սկսում է տասնյոթ տարեկան հասակում՝ մասնակցելով տեղի հայկական թատերախմբերի ներկայացումներին: Թե հետագա ինչ ընթացք կունենար նրա բեմական կյանքն օտար միջավայրում, դժվար է պատկերացնել: Սակայն ճակատագիրը շահեկանորեն էր տնօրինելու ապագա ժողովրդական դերասանուհու անցնելիք ուղին. քսանչորս տարեկան էր, երբ սկսվում է հայության հայրենադարձությունը պատմական հայրենիք:

Համամջյանների ընտանիքը միանում է հայրենաբաղձ քարավաններին եւ հանգրվանում Երեւանում: Բարեբախտություն էր, որ այդ տարիներին արդեն բացվել էր երաժշտական կոմեդիայի պետական՝ այսօրվա Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը: Այդ տարիներին դերասանի դիպլոմներ ունեցողներն այնքան էլ շատ չէին. թատրոններն իրենք էին քննություններ կազմակերպում եւ ընդունում իրենց նախընտրած կադրերին: Պլովդիվյան հայկական թատերախմբերում որոշակի փորձառություն ձեռք բերած Մելինեն գերազանցությամբ է հանձնում քննությունները եւ ընդունվում երաժշտական կոմեդիայի թատրոն: Տակավին մի քանի էպիզոդիկ դերեր էր խաղացել, եւ թատրոնը նոր շունչ է առնում գլխավոր ռեժիսորի պաշտոնում մեծավաստակ Վարդան Աճեմյանի նշանակումից հետո:

Ինքը՝ Աճեմյանն էլ այդ ժամանակներում դեռ չուներ այն մեծ հռչակը, որը վաստակելու էր շուտով: Նա ուսումնասիրում էր դերասանների կարողությունները: Ռեժիսորին սքանչացնում է նորեկ դերասանուհու ակնառու օժտվածությունը, եւ առաջին իսկ ներկայացումում գլխավոր դեր է վստահում: Այս բեմում առաջին անգամ ներկայացնելով հայ հեղինակների գործեր՝ Վ. Աճեմյանն իրար հետեւից բեմադրում է Հակոբ Պարոնյանի երկու կատակերգություն՝ «Շողոքորթը» եւ «Ատամնաբույժն արեւելյան»: Առաջինում Մելինեն մարմնավորում է Թերեզի, երկրորդում՝ Մարթայի կերպարները: Երկուսն էլ՝ չափազանց հաջողված: Սրանց հաջորդում է Զարուհու դերակատարումը՝ Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ» պիեսում: Այս ներկայացման մեջ նրա խաղընկերն էին արդեն մեծ ճանաչում վաստակած Թաթիկ Սարյանը, անվանի այլ դերասաններ:

Մամուլը որպես շռնդալից հաջողություն է գնահատում դերասանուհու խաղը: Նրա պլաստիկ հնարավորությունները զուգակցվում էին բեմական խոսքի անօրինակ հստակությամբ, պարզությամբ ու թատերասերին տպավորելու ուժով: Ի դեպ, թատրոնի այս ժանրում բոլոր դերասանները չէ, որ կարողունակ են բարձունքներ նվաճել. այս թատրոնը յուրօրինակ շնորհներ է պահանջում՝ երգեցողություն, պլաստիկա, պար, ձայնային ընդգծված տվյալներ: Այս ամենն աստվածային պարգեւներ էին Մելինե Համամջյանի պարագայում: Շնորհներ, որոնք դրսեւորվեցին «Գնա մեռի, արի սիրեմ», «Փարիզեցի փեսան», «Խանումա», «Սերը տարիք չի հարցնում», «Մորգանի խնամին», «Պըլըպուղի», «Ախ, ներվեր, ներվեր» ներկայացումներում: Վերջինում նրա խաղընկերը հանճարեղ Կարպ Խաչվանքյանն էր: Նրա հետ էր նաեւ «Տաքսի, տաքսի»-ում եւ «Մեծապատիվ մուրացկաններ»-ում: Ինչպես թատերագետներն են բնութագրում, Մելինեն ոչնչով չէր զիջում իր մեծահամբավ խաղընկերներին:

Մենք բնավ չենք մոռացել այն ժամանակները, երբ ամեն երկուշաբթի թատերասեր հեռուստադիտողն անհամբերությամբ էր սպասում հերթական հեռուստաներկայացմանն ու գամվում էր հեռուստաէկրանին: Դերասանուհին գրեթե մշտապես ներկա էր դրանցում: Հետո ծնունդ առան բազմամասանոց հեռուստաներկայացումները: Դրանցից առաջինը Երվանդ Օտյանի «Միջնորդ տեր պապան» էր, որում կրկին փայլում է փոքրամարմին, սակայն առինքնող Մելինե Համամջյանը:

Նույնքան տպավորիչ ու անմոռանալի են նրա մարմնավորած կերպարները հայկական կինոնկարներում: Հիրավի, նա այս բնագավառում էլ էր փնտրված: Առաջին դերը կինոյում Անթառամի կերպարն էր 1962-ին նկարահանված «Տերն ու ծառան» կարճամետրաժ ֆիլմում: Այնուհետեւ նկարահանվում է «Ձախորդ Փանոսում», «Կտոր մը երկինք», «Գիքորը» եւ այլ կինոնկարներում:

Դերասանուհու բեմական կարապի երգը «Փարիզեցի փեսան» ներկայացման մեջ խաղն էր լինելու: Ինչպես միշտ, այս անգամ էլ էր ինքն իրեն հավատարիմ ու կատարյալ՝ պարում է բեմում, երգում, թռվռում…

Սակայն մտերիմները տեղյակ էին, որ նա կարեւոր երկընտրանքի առաջ է կանգնած: Բանն այն է, որ դրանից առաջ Փարիզում մահացած հարազատ քույրը պատվիրել էր իր երկու զավակներին` միայնակ չթողնել իր քրոջը, խնամք տանել նրա հանդեպ: Երեւան էին եկել որդիները, համոզել, որ իրենց հետ Ֆրանսիա մեկնի: Երկար է տեւում այդ համոզելը: Այդ ընթացքում դերասանուհին այնքան է մտերմանում իր արյունակիցների հետ, որ ասես հարազատ զավակների է գտել, փորձում է համոզել, որ մնան հայրենիքում: Բայց հասկանալով, որ անհնարին է իր առաջարկած տարբերակը, ճարահատյալ աշխատանքից ազատվելու դիմում է գրում: Մերժվում է, սակայն, ցավ ի սիրտ, ինքնակեղեքվելով, որոշում է մեկնել…

Բայց այդպես չէր լինելու. վերոնշյալ վերջին ներկայացումից հետո տուն հասնելուն պես՝ շուրջ կես ժամ անց, դադարում է բաբախել փոքրահասակ, բայց մեծ դերասանուհու հայրենապաշտ սիրտը: Սիրտ, որ մի ամբողջ կյանք բաբախեց հայ բեմի համար ու չդիմացավ իր հարազատ տունն ու օջախը դարձած թատրոնից, սրբազան հայրենիքից վերահաս բաժանման ցավին… Դերասանուհի, որի վախճանով հայ թատերական ու կինոարվեստի ծիածանից անուշ մի գույն եւս պակասեց…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում