Տիգրան Դավթյան. Մեզ համար սպասելի էր, որ անհաջողություններ կարող են գրանցվել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Շիրակի» գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է մրցաշրջանի աշնանային հատվածը:
-Ի՞նչ գնատական կտաք առաջնության աշնանային հատվածին:
-Բոլորս գիտենք՝ թիմից մեծ թվով ֆուտբոլիստներ էին հեռացել, և շեշտը դրել էինք երիտասարդ հայ խաղացողների վրա: Նրանք անփորձ էին, մեծ մասը հանդես էր եկել միայն Առաջին խմբի առաջնությունում: Մեզ համար սպասելի էր, որ անհաջողություններ կարող են գրանցվել, այդպես էլ եղավ, կային խաղեր, երբ պարտվեցինք փորձի պակասի պատճառով, բայց այդ ամենը ժամանակի հարց է, ամեն ինչ դեռ առջևում է: Բոլոր անճշտությունները կշտկենք գալիք մարզումների և հանդիպումների հաշվին: Եղան հանդիպումներ, երբ լավ հանդես եկանք, բայց վերջին փոխանցումը և հարվածը բացակայում էին, իսկ մեր ընդունած գոլերի մեծ մասն անհատական սխալների և փորձի պակասի պատճառով էին: Ես որպես ֆուտբոլիստ բազում հաղթանակներ եմ ունեցել, և եթե ֆուտբոլիստի աչքով նայեմ տղաների աշխատանքին, կարող եմ ասել, որ այդ մեծ ցանկությունն էլ էր խանգարում, տղաների նվիրվածությունը շատ մեծ էր: Առաջին հաղթանակը շատ կարևոր էր թե՛ ինձ, թե՛ թիմի համար, սա իմ առաջին հաղթանակն էր Բարձրագույն խմբում որպես գլխավոր մարզիչ, ինչը մեծ ոգևորություն հաղորդեց թե՛ ինձ, թե՛ թիմին:
-Տարին շատ բարդ էր՝ համավարակ, պատերազմ․․․ Դա ինչպե՞ս անդրադարձավ մեր թիմի ելույթների վրա:
-Բնականաբար, ազդեցություն ունեցավ: Նոր ստեղծված թիմ էր՝ 8 նոր ֆուտբոլիստներով, ընդամենը 14-15 օր էինք մարզվել և 2 խաղ անցկացնելուց հետո հանդիպեցինք համավարակի արգելքին, ինչից հետո մոտ 20 օր չմարզվեցինք․ ֆուտբոլիստներն աշխատել են միայն անհատական մարզումային գործընթացով: Հիվանդության արգելքից հետո վերադարձանք մարզումներին և ծանր ֆիզիկական աշխատանքներից հետո ունեցանք վնասվածքներ, մոտ 5-6 ֆուտբոլիստներ միաժամանակ դուրս մնացին մարզումային և խաղային գործընթացից: Այս չարաբաստիկ պատերազմի ընթացքում սկսած ինձանից, վերջացրած թիմի ֆուտբոլիստներով և անձնակազմով, չէինք կարողանում կենտրոնանալ մարզումների և անելիք աշխատանքի վրա, որովհետև բոլորիս միտքը մարտադաշտում կռվող մեր տղաների հետ էր, մենք բոլորս ռազմի դաշտում ունեինք ընկերներ, հարազատներ և եղբայրներ, ու դա բերում էր նրան, որ չէինք կենտրոնանում: Ահռելի ցավ ապրեցինք, երբ իմացանք մեր ակումբի ֆուտբոլիստների կորստի մասին: Փորձում էի տղաներին պահանջով և խնդրանքով վերադարձնել մարզումներին, քանի որ սա, ամեն դեպքում, մեր աշխատանքն է, կյանքը շարունակվում է, պետք է շարունակենք ապրել ու աշխատել:
-Համալրումներ կլինե՞ն։
-Այո, համալրումներ սպասվում են որոշ խաղային դիրքերում, որտեղ խնդիրներ ենք նկատել անցկացրած հանդիպումների ընթացքում: Այս պահին էլ ունենք մի քանի արտասահմանցի ֆուտբոլիստներ, որոնք փորձաշրջան են անցնում, ավելի ուշ որոշումներ կկայացնեմ նրանց մնալ-չմնալու հարցում: Ընդհանուր առմամբ, դիտարկելու ենք 4-5 ֆուտբոլիստների:
-Եվ նախապատրաստական շրջանի մասին: Ի՞նչ ծրագրեր կան և թիմն ինչպե՞ս է նախապատրաստվելու գարնանային հատվածին:
– Թիմն այս պահին գտնվում է արձակուրդի մեջ: Հունվարի 7-ից Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում կսկսենք նախապատրաստական մարզումները, ինչից հետո փետրվար ամսին մոտ կմեկնենք երկշաբաթյա արտասահմանյան ուսումնամարզական հավաքի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում