Ամբողջ երկիրը, Արցախը, ողջ հայրենիքը պատանդ է դարձել մի հոգու և նրա մի քանի խամաճիկի ձեռքում․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իշխանությունը ժամ առաջ պետք է հեռանա։ Այս իշխանությունից որևէ դրական ակնկալիք չկա, փոխարենը նրանց ամեն րոպե, ժամ, օր ավել մնալը մեր բոլոր տեսակի խնդիրները, վտանգները բազմապատկում է։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» երթի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը։
Նա նշեց, որ Փաշինյանն իր այսօրվա ուղերձում նորից փորձել է հանրությանն ապակողմնորոշել, մանիպուլյացիաների ձևով ոչ միայն ուշադրություն շեղել, այլև ստի ճանապարհով տանել։
«Այս պարագայում ինչ-որ ակնկալիքների մասին խոսելն անհնար է։ Ի՞նչ է կատարվում Սյունիքում՝ մի կողմից կա նոյեմբերի 10-ի տխրահռչակ համատեղ հայտարարությունը, որի համաձայն՝ կողմերը մնում են այն դիրքերի վրա, որտեղ կանգնած են․ կան հայկական զինված ուժեր՝ Խորհրդային Միության լեզվով ասած՝ Սյունիքի սահմաններից Ադրբեջանի սահմաններ։ Եթե այդ համաձայնությունը ստորագրել է, և այդ պահի դրությամբ այդտեղ ուժեր կան կանգնած, ո՞րն է խնդիրը, որ հիմա միակողմանիորեն դուրս ես բերում այդ զինված ուժերին, երբ նրանց դուրս բերելը նշանակում է որոշակի դիրքերի հանձնում, որոշակի բնակավայրերի՝ ադրբեջանական զորքի առաջ լրիվ թափանցիկ դարձնել։ Այսինքն՝ նոյեմբերի 10-ի խայտառակ փաստաթուղթը որևէ կերպ սա անելու հիմքն իր մեջ չի պարունակում»,- նկատեց Բեքարյանը։
Նա ընդգծեց՝ սահմանագծումը ենթադրում է բնականոն աշխատանք, համատեղ միջկառավարական հանձնաժողովներ, որոնք ճշգրտում են իրականացնում, բայց որևէ կերպ չի նախատեսում, որ դիմացինը սպառնալիքի լեզու է օգտագործում։ «Դու աշխարհի համար այնքան փալաս ես, որ դրա դիմաց դնելու բան չունես, և այնքան ստախոս ես, որ հիմարություններով ես լցնում սեփական հանրության գլուխը՝ ասելով, թե ոչ մի միլիմետր չենք զիջում»,- ասաց նա՝ նշելով, թե դա դավաճանության, տգիտության, անկարողության, անհայրենիք ու անարժեք կեցվածքի, ոչ մի բանի մասին պատկերացում չունենալու հետևանք է։
Նրա համոզմամբ՝ այս պատերազմը չի պարտվել զինվորը, բանակը, երկիրը, կապիտուլացրել է Նիկոլ Փաշինյանը, և դրանից հետո, ըստ Բեքարյանի, իրեն թույլ է տալիս նորովի Հայաստան կառուցելու ճառեր ասել։
«Այս ամբողջ երկիրը, Արցախը, ողջ հայրենիքը պատանդ է դարձել մի հոգու և նրա մի քանի խամաճիկի ձեռքում, բայց նրան այսքան արյունն ու կորուստը չի բավարարում»,-ասաց Կարեն Բեքարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում