Վաստակաբեռն գիտնականն ու նվիրյալ հայագետը. նա պեղեց եւ աշխարհին ներկայացրեց ավերակված գեղաշուք Անին

Վաստակաբեռն գիտնականն ու նվիրյալ հայագետը. նա պեղեց եւ աշխարհին ներկայացրեց ավերակված գեղաշուք Անին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայերենը, իբրեւ Արարատյան լեզու, կոչվում է աղոթքի լեզու: Այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:

Հայերը ոչ միայն առաջինը, այլեւ միակն են եղել արեւելյան ազգերից, որ Եվրոպայի մշակույթի յուրացմանը նպաստելու նպատակով գիտական հաստատություններ են հիմնել Եվրոպայում: Հիշեցնեմ Մխիթարյանների գործը՝ նկատելով հանդերձ, որ այն շրջանում եկեղեցին է եղել միակ ազգային շահերը մարմնացնող հասարակական կազմակերպությունը: Հարյուր տարի անց դարձյալ հայերն էին Լազարյան ճեմարանի հիմնադիրները»:

Նիկողայոս ՄԱՌ

Մեծ հայագետը ծնվել է Վրաստանի Քութայիս քաղաքում: Նրա հայրն արմատներով շոտլանդացի Սքոթ Ջեյմս Մառն է՝ Քութայիս քաղաքի բուսաբանական այգու հիմնադիրը: Մայրը՝ վրացուհի Աղաֆիա Մուգալարիան: Խառն ամուսնությամբ այս ընտանիքում է հասակ առել ապագա մեծ գիտնականը, ով իր անուրանալի վաստակն ունի հայագիտության բնագավառում: Ուսանել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում, այն ավարտելուց հետո նշանակվել համբավավոր այս բուհի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, իսկ 1912 թ. դարձել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ:

Մառն իր գիտական գործունեությունն սկսել է որպես հայ մատենագիտության պատմաբան: Ուսումնասիրել է Եղիշեի, Եզնիկ Կողբացու, Ղազար Փարպեցու, Մխիթար Գոշի գործերը: Առանձնահատուկ նշանակություն ունեն Մովսես Խորենացուն, Անանունին (Սեբեոս), Հովհաննես Կոզեռնին, մեր մյուս պատմիչներին նվիրված նրա աղբյուրագիտական ուսումնասիրությունները: Նա է բացահայտել հայ մատենագիտության դերն ու նշանակությունը ասորական եւ հունական գրավոր հուշարձանների նախնական խմբագրությունները վերականգնելու համար: Հակադրվելով եվրոպական մի շարք մեծանուն արեւելագետների՝ հերքել է այն թյուր կարծիքը, թե, իբր, Մովսես Խորենացին նույն ինքը Մար Աբաս Կատինան է, եւ ապացուցել, որ քերթողահայրն իր պատմությունը գրել է՝ իրոք, օգտվելով նրա աշխատանքից:

Ն. Մառն առաջին անգամ Հայաստան է եկել 1890 թվականին: Երկու տարի անց սկսել է հնագիտական հետազոտություններն ու պեղումները մեր երկրի տարբեր վայրերում: Արագածի լանջերին հետազոտել է հին ամրոցներ, պեղել դամբարաններ, Ակներ գյուղի դամբարանադաշտը, հետախուզական բնույթի պեղումներ կատարել Դվինի միջնաբերդում՝ պարզելու Վերին Արտաշատ գյուղի մոտ գտնվող ավերակները պատկանում են երբեմնի մայրաքաղաք Արտաշատի՞ն, թե՞ Դվին քաղաքին: 1909-11 թթ. պեղել է Գառնիի հեթանոսական տաճարը: Նույն տարիներին Գեղամա լեռներում հայտնաբերել է վիշապ կոչվող հսկա քարե կոթողները, որոնք կապված են ջրի եւ արգասավորության պաշտամունքի հետ: 1913 թ. պեղել է Շիրակավանի բրոնզեդարյան դամբարանները: Որոշ ժամանակ անց անհանգիստ գիտնականին հաջողվում է կազմակերպել արշավախումբ դեպի Վան, որտեղ պեղումներ է կատարում Թոփրակ Կալե ուրարտական քաղաքում, Հովսեփ Օրբելին՝ Վանի ուրարտական միջնաբերդում: Հայտնաբերվում են հսկայական քանակությամբ հնագիտական նյութեր, իսկ Օրբելու պեղումները պսակվում են ուրարտական սեպագրության խոշորագույն հուշարձաններից մեկի՝ Սարդուրի 2-րդ թագավորի տարեգրության հայտնաբերմամբ: Այդ տարեգրությունը ուսումնասիրում եւ հրատարակում է Նիկողայոս Մառը:

Ականավոր գիտնականի ուսումնասիրությունների, հնագիտական պեղումների թագն ու պսակն են կազմում հայոց երբեմնի գեղաշուք մայրաքաղաքի՝ Անիի պեղումները, որոնք որոշակի ընդհատումներով շարունակվում են շուրջ քսանչորս տարի:

Անիում նա պեղել եւ ուսումնասիրել է քաղաքի միջնաբերդը՝ իր պարիսպներով, Բագրատունիների հսկա պալատի, բաղնիքի, եկեղեցիների ավերակները, որոնց մնացորդներն իսկ պերճախոսությամբ վկայում են արքունիքի շքեղության ու փարթամության մասին: Պեղել է Առաքելոց հնգագմբեթ եկեղեցին իր գավիթներով, բազմաթիվ այլ եկեղեցիներ, քաղաքացիական շենքեր, շինություններ, պալատներ, հայտնաբերել Բագրատունյաց Գագիկ Ա արքայի ամբողջական արձանը, «Գագկաշեն» եկեղեցին՝ հատակագծով ու ձեւով հար եւ նման անզուգական «Զվարթնոցին»:

Ուսումնասիրել է Անիի՝ բնակության համար հարմարեցված մեծաքանակ քարայրները, հարուստ եւ աղքատ թաղամասերը: Քաղաքի տնտեսական կյանքի եւ առեւտրի ուսումնասիրության համար բացառիկ նշանակություն ունեցան Անիի նշանավոր շենքերից մեկի՝ սֆինքսի, առյուծների եւ վիշապների քանդակներով զարդարված շքամուտքերով հյուրանոցի, ինչպես եւ իջեւանի կամ առեւտրի տան պեղումները: Պեղել է նաեւ Անիի գլխավոր՝ բուն փողոցը, որտեղ բացվել է ջրմուղի գիծ՝ դրա բարեկարգությունն ստուգելու պարագաներով ու հարմարանքներով հանդերձ: Պեղումների շնորհիվ հայտնաբերվել են ոչ միայն ճարտարապետական կառույցներ, արվեստի մեծարժեք հուշարձաններ, այլեւ հսկայական քանակությամբ հնագիտական առարկաներ՝ մետաղյա գործիքներ, զենքեր, զարդեր, հասարակ եւ ջնարակված կավե անոթներ, բարձրորակ հախճապակի, քարից, փայտից պատրաստված մեծ թվով առարկաներ, որոնց մեծ մասը պատրաստվել է Անիում եւ վկայում է դրանց բարձր ճաշակի ու ստեղծագործ շնորհների մասին:

Ճարտարապետական եւ արվեստի կոթողներից բացի, ուսումնասիրել է միջնադարյան քաղաքաշինությունը, քաղաքի սոցիալական եւ վարչական կառուցվածքը, առեւտուրն ու արհեստագործությունը:

Ասենք, որ մեծ գիտնականն Անիում հիմնադրել է երկու թանգարան, մեկը՝ հնագիտական նյութերի, մյուսը՝ ճարտարապետական մանրամասների եւ քանդակազարդ քարերի համար: Նա Անին դարձրել էր մի ամբողջ ինստիտուտ, որտեղ պատրաստվում էին հայագետներ, հնագետներ, կատարվում էին ընդարձակ ուսումնասիրություններ, որոնց մասնակից էր դարձնում հայ եւ ռուսական գիտության ականավոր դեմքերի:

Անուրանալի է Ն. Մառի թողած ժառանգությունը ապրող եւ գալիք սերունդներին: Նրա ուսումնասիրությունների արդյունք է 1934 թ. լույս տեսած մեծարժեք «Անի» աշխատությունը, որին հաջորդում են «Հայ վիմագրության հուշարձաններ», «Հայ-վրացական բանասիրության բնագրեր ու հետազոտություններ» ու այլ գրքեր, որոնք դարձել են գիտական ուսումնասիրությունների որոնվող սկզբնաղբյուրներ: Եվ բոլորովին պատահական չէ մեծ հայագետին մեր հոգու խորքում որպես արյունակցի ընկալելը՝ քաջ գիտակցելով նրա ազգային պատկանելության պարագան…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում