Անհարմարը

Անհարմարը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Մի մարդ, չէ, երեսփոխան կա, ում կենսագրությունը որքան էլ փորձես մեղմացնել, միևնույն է, հազարապատիկ անգամ կգերազանցի Թումանյանի «Սուտլիկին»։ Երեք լիճ կար․ երկուսը՝ ցամաք, մնի մեջ էլ իսկի ջուր չկա։ Անջուր լճում լողում, ճչում են երեք հատ սիպտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։ Հիմա իրենն է․ հեռվից որ նայես, մարդ է երևում, բայց թե մոտենաս, որ ասես՝ մարդ է, մարդ չի, որ ասես՝ կենդանի է, կենդանի չի։ Թվում է՝ մի հոգի է, բայց որ նայես, հազար երես ունի։ Լավ, հասկացանք՝ երեսփոխան է (պատգամավոր է), բայց է՞ս տեսակ։ Էսքան գլուխ, որ էս դևն ունի, հեքիաթի դևերը կերազեին ունենալ։ Էսքան դեր, որ սա ունի, եթե դերասան լիներ, «Գրեմմի» կտային՝ մի կյանքում էսքան տարբեր դերեր խաղալու համար։ Մի պատմություն ասեք, որ լինի, ու էս անպոչը մեջը չլինի։

Որպես ընտանիքի որդի․Դատարանի առաջ ցուցմունք է տվել սեփական մոր դեմ և նրան մեղադրել փաստաթղթեր կեղծելու մեջ։

Որպես ազգի զավակ․ 2006 թվականի հունիսի 26-ին պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով ձերբակալվել է և դատապարտվել 3․5 տարի ազատազրկման:

Որպես եկեղեցու զավակ․ 2006 թ․ հուլիսի 17-ին Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևմտյան թեմը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ներկայացված է Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոսի կողմից սարկավագ Արման Բաբաջանյանին կարգալույծ անելու պատճառը։ Հաղորդագրությունում մասնավորապես նշված է, որ Արման Բաբաջանյանն իր սարկավագության կարգը և հոգևոր ծառայությունը շահագործելով՝ կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը և Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունը։ Նկատի ունենալով իր կարգի և կոչումի համար ամոթալի և անպատվաբեր վերոհիշյալ արարքները՝ Հայ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կարգալույծ է հռչակում Արման Բաբաջանյանին՝ նրան զրկելով սարկավագի բոլոր ծառայություններից և իրավունքներից։

Որպես ընկեր․ որպեսզի խուսափի զինվորական ծառայությունից, որդեգրում է իր ընկերոջ երեխաներին, երբ բացահայտվում է այս հանցագործությունը, Բաբաջանյան Արմանը ցումունք է տալիս իր մոր դեմ, որ ինքը տեղյակ չի եղել այդ ամենից։

Դատավարություններ, զրպարտությունների, համասեռամոլների թեմա, հայ-եզդիական համայնքների մեջ պառակտում մտցնելու մտադրություն, ու այս շարքն անվերջանալի է։

Դիպուկ է ասված, որ հայը անհարմար ազգ է, անգամ եթե հզոր ծնվի, նախարարությունների ու կուսակցությունների բաժանված՝ ինքն իրեն պիտի կոտորի։ Դա նրա մասնագիտությունն է դարձել դարերով։ Ու այս մտքի իրականացումը բաբաջանյանների հավատամքն է:

Բոլոր երգերը երգելուց հետո, հիմա էլ փորձում է պառակտում մտցնել եկեղեցի-ազգ միասնության միջև՝ վատ մտադրություններ տեսնելով դեկտեմբերի 8-ին հնչեցված Վեհափառների կոչի մեջ։ Բայց դե ինչպես հավատաս ազգի «անհարմար» տեսակի հեքիաթին։ Ի՞նչ է ասում էս մեր անհարմար հայը։ Թե բա․․․ «գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա»։ Իրարից չորս ամիս տարբերությամբ՝ էնպիսի կարծիքներ կհնչեցնի, որ դու անհարմար կզգաս դրանք անգամ կարդալու համար։

Օգոստոս 21, 2020 թվական։ ԱԺ ԱՆԿԱԽ պատգամավոր Արման Բաբաջանյանի շնորհավորանքը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան առթիվ․

«Ցայսօր Վեհափառը մնում է մինչև վերջ չհասկացված առաջնորդ, սակայն որևէ մեկը չի վիճարկի եկեղեցաշինության ասպարեզում նրա բացառիկ ստեղծարար և արարող տեսակը: ․․․Նրա խոսքն իհարկե ցնցող է, որովհետև Գարեգին արքեպիսկոպոսը ճեմարան առաջին անգամ ոտք դնող շատերիս համար հոգևորականի իդեալ էր»:

Չորս ամիս անց․․․

Դեկտեմբեր 8, 2020 թվական։ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը Վեհափառ հայրապետների կոչի վերաբերյալ․

«Եկեղեցու զույգ առաջնորդները, չնայած իրենց պատճառով եկեղեցու սասանված հեղինակությանը, ոչ թե պետք է ներքաղաքական սուբյեկտներից մեկի՝ 17 ուժերի կողքին հայտնվեին, այլ պետք է իրենց մեջ ուժ գտնեին հաշտեցման օրակարգ առաջարկել, համերաշխության միջնորդ դառնալ մեր ժողովրդի բոլոր հատվածների միջև։ Եկեղեցու հեղինակությունը փրկելու կարողություն և հասունություն չունեցաք, վեհափառ հայրեր»։

Մի տեսակ անհարմար եմ զգում, երբ նման նկարագրի տեր անձինք խոսում են մարդու իրավունքներից, ընդհանրապես իրավունքներից, ազգից, եկեղեցուց, պատվից կամ փորձում են հասարակությանը ինչ-որ բան քարոզել ու այն էլ երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի երեսփոխանի դիրքից։ Հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունքով, ի՞նչ երեսով։ Հասկացանք՝ երեսփոխան, բայց այսքա՞ն։

Ու եթե այսքանից հետո ինչ-որ մեկը հավատա այս «երևույթի» հնչեցրած ստերին, ուրեմն՝ թագավորությանս կեսն իրեն կտամ։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում