Ադրբեջանը թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային արժեքների նախնական գույքագրման համար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Նոյեմբերի 20-ի մամլո հաղորդագրության մեջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է մշակութային արժեքները պաշտպանելու պարտավորությունը` համաձայն զինված բախումների արդյունքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. կոնվենցիայի, որին հավատարիմ են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Հետևաբար, Կազմակերպությունն առաջարկել է ոլորտում իրականացնել անկախ փորձագիտական առաքելություն` մշակելու ամենակարևոր մշակութային արժեքների նախնական գույքագրումը` որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման»,-այս մասին հայտարարություն է տարածել ՅՈՒՆԵՍԿՕ-ն։
Նշվում է, որ այս առաջարկը ստացել է Մինսկի խմբի համանախագահների լիակատար աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առաջին սկզբունքային համաձայնությունը:
Կազմակերպությունը նշում է, որ 1954 թ. Կոնվենցիայի երկրորդ արձանագրության (1999 թ.) համաձայն՝ զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ երկրները, որոնք հանդիպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում 2020 թ. դեկտեմբերի 10-ին և 11-ին, ողջունել են այս նախաձեռնությունը և վերահաստատել մշակութային արժեքների վիճակը գնահատելու առաքելության անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղում և նրա տարածքի շուրջ:
«Կոմիտեն կողմերից յուրաքանչյուրին հորդորում է՝ պահպանել առաքելությունն ուղարկելու պայմանները»,-ասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն։
Նշվում է, որ նոյեմբերի 20-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկներ է ներկայացրել և խորքային խորհրդակցություններ է անցկացրել այդ առաքելությունն իրականացնելու համար, ինչը, ըստ Կոնվենցիայի, պահանջում է կողմերի համաձայնությունը:
«Առայժմ սպասվում է միայն Ադրբեջանի պատասխանը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա շարունակել աշխատել՝ տեղերում առաքելություններ ուղարկելով: Այս փուլում Ադրբեջանի իշխանություններին ուղղված բազում խնդրանքները հաջողությամբ չեն պսակվել: Յուրաքանչյուր անցնող շաբաթից հետո մշակութային արժեքի վիճակը գնահատելը դառնում է ավելի փխրուն և բարդ, հատկապես հաշվի առնելով եղանակային պայմանները, որոնք կվատթարանան առաջիկա շաբաթների ընթացքում: Հրադադարի ռեժիմով բացված հնարավորությունների պատուհանը չպետք է փակվի: Ժառանգության պահպանումը տևական խաղաղության համար պայմաններ ստեղծելու կարևոր գործոն է: Հետևաբար, մենք ակնկալում ենք, որ Բաքուն անմիջապես կպատասխանի՝ կյանքի կոչելու վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կառուցողական քննարկումները», – ասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում