Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգին մասնակցել են Հայաստանի և 7 այլ երկրի երգչախմբեր
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչախմբային արվեստի միջազգային օրվան և Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգին մասնակցել են Հայաստանի և 7 այլ երկրի երգչախմբեր։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայից։
«1990 թվականից Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի դեկտեմբերին նշվում է Երգչախմբային արվեստի միջազգային օրը: Այդ օրը հարյուր հազարավոր երգչախմբեր բոլոր մայրցամաքներից ելույթներով միանում են տոնին:
2006 թվականից ամեն տարի Հայաստանն, ի դեմս Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի, միանում է այս տոնին տարբեր ձևաչափերով:
Այս տարվա համերգը նվիրված էր արցախյան պատերազմի հերոսներին:
Միջոցառումն անցկացվեց «Կոմիտաս փառատոնի» շրջանակներում, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի և «Հայ երգչախմբային դիրիժորների» ասոցիացիայի հետ համատեղ` Հայաստանի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երգչախմբայի արվեստի համաշխարհային ֆեդերացիայի հովանու ներքո:
Հաշվի առնելով, որ ֆեդերացիան ունի միլիոնավոր անդամներ, օգտագործվեց նաև իրենց ֆեյսբուքյան հարթակը՝ համերգն առցանց հեռարձակելու համար:
Միջոցառման մեկնարկը տրվեց անգլերեն ուղերձով՝ ուղղված միջազգային հանրությանը. «Միանում ենք՝ երգելու խաղաղության, միասնության, սիրո և բացարձակ արժեքների մասին, հանուն որոնց ապրել ենք դարեր շարունակ: Սակայն, այսօր հայի սիրտը չի երգում»:
Նպատակն էր՝ օգտագործել առիթն ու բազմամիլիոնանոց հանդիսատեսին ցույց տալ թշնամու իրական դեմքը, հայոց աշխարհում և Արցախում նրանց ծավալած ազգասպան գործունեությունը, պատերազմի ծագման իրական պատճառները, հրադադարից հետո տարածաշրջանում հաստատված իրավիճակի ճշմարիտ պատկերն ու Հայաստանի տեսակետն այդ ամենի մասին:
Չնայած համավարակին, 210 երգիչներ ոչ միայն Հայաստանից, այլև տարբեր երկրներից մասնակցեցին համերգին:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Տավուշից և Արցախից ժամանած երգչախմբերը մեկ բեմում էին մայրաքաղաքի երգչախմբերի հետ, իսկ համերգի ընթացքում ուղիղ կապով առցանց միացան երգչախմբեր սահմանամերձ Բերդից, Լիտվայից, Մոլդովայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից , Իսրայելից և Գերմանիայից:
Համերգի ավարտին բոլոր մասնակից երգչախմբերը կատարեցին «Էրեբունի Երևան» ստեղծագործությունը:
Համերգն արդեն իսկ հասանելի է Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի ֆեյսբուքյան էջում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում