Բանակին, ոստիկանությանը կոչ եմ անում՝ անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Սրանք ընտրություններ չեն, որ պայքար գնա, թե ով ավելի լավ ծրագիր կներկայացնի․ մի կողմում դրված է հայրենիքի կործանումը, մյուս կողմում՝ հայրենիքի վերականգնումն ու առաջ գնալը։ Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ մեկնաբանելով, թե ինչու չի ներկայացնում ծրագիր։
«Մինչև այսօր ես ամաչում էի, որ մենք մինչև հիմա չենք հեռացրել այդ մարդուն, ամաչում էի ինքս ինձ համար, մեր ժողովրդի, պետության համար, որովհետև ես այս պետության հիմնադիրներից մեկն եմ եղել, և իմ վրա պատասխանատվություն էի զգում, որ այսպիսի խայտառակ պարտություն կրեցինք, այսպիսի խայտառակ մարդու բերեցինք ու հենց պարտությունից հետո նույն գիշերը դուրս չշպրտեցինք»,– ասաց նա՝ նշելով սակայն, որ նայելով հրապարակում հավաքված ժողովրդին՝ հպարտ է։
«Ես նորից տեսնում եմ այն ժողովրդին, որ տարիներ առաջ և բոլոր տարիների ընթացքում հպարտ նայում էր դեպի ապագան․ ունեինք դժգոհություններ, թերություններ, կային գող-ավազակներ, հրեշտակներ, հերոսներ, և մենք մի հասարակություն էինք, մենք մեր մեջ մեր հարցերը կլուծեինք, բայց այն, ինչ այժմ մեզ հետ կատարվեց, սարսափելի է»,-հայտարարեց Մանուկյանը։
Նա ընդգծեց՝ մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլև կուղղենք անցյալի սխալները․ «Մենք կկառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք, ոչ թե այն, ինչ ստացանք։ Մի մտածեք, որ ինչ-որ կառավարություն կառուցելու է Հայաստանը, Հայաստանը կառուցում է իր ժողովուրդը, այն ժողովուրդը, որ այստեղ կանգնած է։ Հիմա մեր երեխաների, թոռների ապագայի հարցն է, եկեք, հետո կպարզենք՝ ով է ճիշտ, ով՝ սխալ։ Հիմա նորից պատերազմ է՝ մեր ապագայի համար»,- ասաց նա՝ կոչով դիմելով քաղաքացիներին։
Նա դիմեց նաև բանակին ու ոստիկանությանը՝ ասելով․ «Կոչ եմ անում բանակին, ոստիկանությանը՝ անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին, ամեն ժամը կարևոր է, և դրանով կարդարացնեք ձեզ։ Անցեք մեր կողմը, այսօր կլուծենք հարցը։ Չեմ ուզում ասել՝ Հայաստանն առանց Նիկոլի, ուզում եմ ասել՝ Հայաստանը մենք ենք»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում