ՅՈւՆԵՍԿՕ-ին Բաքվի պատասխանից դժվար է ենթադրել հնարավորություն կտրվի՞ ՄԱԿ-ի փորձագետներին մոտ ապագայում ժամանել հակամարտության գոտի

ՅՈւՆԵՍԿՕ-ին Բաքվի պատասխանից դժվար է ենթադրել հնարավորություն կտրվի՞ ՄԱԿ-ի փորձագետներին մոտ ապագայում ժամանել հակամարտության գոտի

«Ազատություն». Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում գտնվող մշակութային ժառանգության պահպանության հարցում պատրաստ է համագործակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ ցուցաբերված հարգանքի պարագայում։

Մի քանի շաբաթ տևած լռությունից հետո ադրբեջանական իշխանությունները նախօրեին այսպես արձագանքեցին ՄԱԿ-ի կազմում գործող մշակութային, կրթական և գիտական հարցերով զբաղվող հեղինակավոր կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղ փորձագիտական առաքելություն ուղարկելու առաջարկին։

«Ադրբեջանը պատրաստ է առաքելության մանրամասների վերաբերյալ ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ կառուցողական երկխոսություն ծավալել՝ երկխոսություն, որ հիմնված կլինի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման սկզբունքի վրա», – նշված է երեկ Ադրբեջանի արտգործնախարարության կողմից տարածած հայտարարության մեջ։

Այսպիսով` պաշտոնական Բաքուն արձագանքեց UNESCO-ի Գլխավոր քարտուղարի՝ մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի՝ երկու օր առաջ հրապարակած հայտարարությանը, որով ՄԱԿ-ի պաշտոնյան ադրբեջանական իշխանություններին մեղադրում էր հարցը արհեստականորեն ձգձգելու մեջ։

«Մենք մի քանի անգամ դիմել ենք Ադրբեջանի իշխանություններին, սակայն ապարդյուն։ Ամեն մի անցնող շաբաթ ավելի է դժվարացնում մշակութային ժառանգության վիճակի գնահատումը, նաև եղանակային պայմանների պատճառով, չէ որ առաջիկա շաբաթներին դրանք գնալով վատթարանալու են», – հայտարարում էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը՝ հավելելով․ – «Հնարավորությունների այն պատուհանը, որ բացվել է կրակի դադարեցման շնորհիվ, չպետք է փակվի։ Մշակութային ժառանգության պահպանությունը հարատև խաղաղության հաստատման պայմաններից մեկն է, այդ իսկ պատճառով մենք ակնկալում ենք, որ Բաքուն անհապաղ կերպով կպատասխանի մեր առաջարկին, որպեսզի վերջին շաբաթների կառուցողական բանակցությունները վերածվեն գործուն քայլերի», – հայտարարում էր ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը։

Բաքվի պատասխանից, սակայն, դժվար է ենթադրել, որ մոտ ապագայում ՄԱԿ-ի փորձագետներին հնարավորություն կտրվի ժամանել հակամարտության գոտի։ Ադրբեջանի ԱԳՆ առաքելության մեկնարկին խոչընդոտող պատճառների մի ողջ ցանկ է ներկայացրել՝ վերը հիշատակված վատ եղանակից ու բարդ տեղանքից մինչև Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններում ականների առատությունը։

Բացի այդ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նախօրեին հրապարակած հայտարարությամբ կոչ է անում ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ «չքաղաքականացնել մշակութային ժառանգության պաշտպանության թեման, առաքելությունն իրականացնել ինքնուրույնաբար և անկողմնակալ»։

Հիշեցնեմ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները ղարաբաղյան հակամարտության գոտում գտնվող մշակութային արժեք ներկայացնող օբյեկտների նախնական գույքագրման առաջարկով հանդես էին եկել ավելի քան մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 20-ին։

Դեկտեմբերի 10-ից 11-ն էլ Հաագայում կայացել էր Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի նիստը, որի մասնակիցներն էլ հենց առաջ էին քաշել Լեռնային Ղարաբաղ հատուկ փորձագիտական առաքելություն ուղարկելու գաղափարը։

Հայաստանի արտգործնախարարության ՝ կոմիտեի կողմից կայացրած այս որոշման նախաձեռնողներից մեկը պաշտոնական Երևանն էր։ «Նախաձեռնությունն արժանացել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիակատար հավանության», – հայտարարում են ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները։

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում