ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդասիրական առաքելությունը կկարողանա օբյետիվ գնահատական տալ ԼՂ–ում մշակութային կառույցների վիճակի վերաբերյալ. Զախարովա
Նմանատիպ
ՌԴ ԱԳ նախարար Մարիա Զախարովան դեկտեմբերի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին՝ մասնավորապես շեշտելով ՄԱԿ-ի և ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելությունների՝ տարածաշրջան այցի կարևորությունը:
«ՄԱԿ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել համալիր գնահատման առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Առաքելությանը մասնակցելու են հումանիտար գործակալությունների փորձագետներ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին և գնահատեն բնակիչների կարիքները: Ներկա պահին քննարկվում են տվյալ առաքելության այցի նախապատրաստման չափորոշիչները: Մենք օգտակար և պահանջված ենք համարում բոլոր տուժած անձանց տրամադրվելիք հումանիտար աջակցության ակտիվացումը՝ կողմերի հետ համաձայնեցմամբ»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ ռուսական նախարարություններն ու գերատեսչությունները նման աշխատանքի մեկնարկը տվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության հրապարակումից անմիջապես հետո:
«Եվ մենք ողջունում ենք նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ զինված հակամարտության պարագայում մշակութային արժեքների պահպանության մասին 1954 թվականին ընդունված կոնվենցիայի մասին արձանագրությունն ու տարածաշրջան անկախ տեխնիկական փորձագիտական առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը: Ելնում ենք այն հանգամանքից, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդասիրական առաքելությունը կկարողանա օբյետիվ գնահատական տալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային ժառանգության կառույցների վիճակի վերաբերյալ», -հավելել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՅՈւՆԵՍԿՕ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ դեռ սպասում է Ադրբեջանի հաստատմանը, որպեսզի կարողանա սկսել այցը տարածաշրջան:
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Աղբյուր՝ Tert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում