Բարսեղ եպիսկոպոսի ճառը սրբուհի Հուղիտա վկայի և կրկին՝ գոհության մասին
Նմանատիպ
Այս եկեղեցում մեր հավաքվելու պատճառը երանելի Հուղիտա վկայի մասին քարոզ լսելն է, քանի որ օրեր առաջ խոստացել էի, իբրև մի հիշատակարան, պատմել ձեզ նրա՛ ճգնության մասին, ով, չնայած կանացի մարմնի մեջ լինելուն, մեծամեծ սխրանքներ և ամեն տեսակի հրաշքներ գործեց: Նրանք, ովքեր առիթ են ունեցել տեսնելու սրբուհուն և ովքեր ականատես են եղել նրա գործերին, ինձ հետ կվկայեն, որ Հուղիտան կանանց մեջ երանելի մեկն էր:
Դժվար է անգամ նրան կին կոչելը, քանի որ սրբուհու բնությունն առավել զորեղ դուրս եկավ, քան, առհասարակ, կանանց բնությունն է: Այս երանուհին կարողացավ ծածկել իր մարմնական տկարությունները և կոտրել հասարակության մեջ արմատացած այն չարամիտ խորհուրդները, թե կինը չի կարող տոկալ ու պարտության փոխարեն՝ հաղթանակ տանել: Եվ այս կինն իր առաքինությամբ կարողացավ հաղթել հակառակամարտ թշնամուն, որը ամբարտավանությամբ պարծենում էր, թե իր զորությամբ կարող է ցնցել ողջ աշխարհը, թռչնի լքված ձվերի պես բոլորին իր ձեռքն առնել (հմմտ. Ես. Ժ 14) և անապատացնել քաղաքները:
Այս Հուղիտան համարձակությունն ունեցավ հալածանքների ժամանակ անդրդվելի մնալու և թեպետ իր բնական տկարության պատճառով մարմնով Աստծուն թռչել-հասնել չկարողացավ, սակայն բարեպաշտության շնորհիվ անխաթար պահեց իր մերձավորությունը Տիրոջ հետ: Սուրբ վկան տղամարդավայել քաջությամբ կարողացավ հաղթահարել փորձությունները և որքան թշնամին իր արհավիրքների դժնդակությամբ կամեցավ սարսափեցնել Հուղիտային, այդքան առավել սրբուհին ծաղրուծանակի ենթարկեց նրան:
Իսկ սրբուհու դատաստանը տեսնողն էլ քաղաքային մի հարուստ, ագահ ու բռնակալ մարդ էր, որը հափշտակությամբ և ուրիշներին զրկելով էր կուտակել իր հարստությունն ու տեր դարձել բազմաթիվ հողերի, անդաստանների, ագարակների ու արոտավայրերի, ծառաների, աղախինների և ամեն տեսակի ճոխության ու հարմարության։ Եվ իր կնոջն էլ իր տնից վտարելով՝ այս ամբարիշտը մի ատյան էր հաստատել, որը լեցուն էր զրպարտողներով, սուտ վկաներով և կաշառակեր դատավորներով:
Երբ Հուղիտային ատյանի առջև պիտի կանգնեցնեին, երանելին, միևնույն է, չէր դադարում Տիրոջ խոսքը քարոզելուց, ինչն էլ լսելով՝ ատենակիցներից ոմանք զգուշացրին սրբուհուն, թե ինչպիսի ապիրատ մարդ է այն իշխանը, որը պետք է տեսնի կնոջ դատը: Հուղիտային պատմեցին, թե ինչ եղանակով է իշխանը հարստություն կուտակել և թե արդեն որքան ժամանակ է, ինչ նա տիրացել է այդ քաղաքին: Այնուհետ էլ պատմեցին այդ մարդու բռնակալության և ողբալու արժանի ագահության մասին:
«Նա քո դատը չի տեսնի՝ ի պաշտպանություն քեզ, քանի որ նրա համար ընդունված չէ տեսնել դատը նրա՛նց, ովքեր չեն պաշտում իրենց թագավորների աստվածներին և չեն ուրանում Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատը»: Եվ, արդարև, ճշմարիտ էին իշխանի մասին ասված այս խոսքերը: Ուստի դատը սկսելուց առաջ արդեն իսկ պատրաստվում էին խունկն ու կրակարանը և պատրաստություն էր տեսնվում՝ ամբաստանյալներին դատապարտության ենթարկելու համար:
Նրանք, ովքեր ուրանային Քրիստոսին, դատի կենթարկվեին ըստ օրենքի՝ իրենց նկատմամբ ունեցած բարեհաճության, հօգուտ իրենց: Մինչդեռ նրանք, ովքեր անդրդվելի կմնային իրենց հավատքի մեջ, ո՛չ մի ատյանի ու ո՛չ մի օրենքի ապավինել չէին կարողանա, քանի որ այդպիսիք, հենց ըստ այդ քաղաքում գործող օրենքի, անպատիվ անձինք էին՝ անարժան քաղաքային որևէ արտոնության:
Եվ ի՞նչ է հետևում այս ամենից: Մի՞թե սրբուհին պիտի ապշեր իշխանի ունեցած մեծ հարստությունից և կամ ոսոխի հաղթասիրությանը նայելով՝ իր համար օգտակար երկնային բարիքները պիտի անտեսե՞ր: Կամ պիտի զարհուրե՞ր դատավորների ներկայացրած՝ իրեն սպառնացող վտանգներից: Ո՛չ մի դեպքում: Այլ Հուղիտան այսպես ասաց. «Իմ կյանքը ի չիք կդառնա, իմ ունեցած ամեն բան կորստյան կմատնեմ, մարմնիցս մի նշույլ իսկ չի մնա, եթե հանդգնեմ գեթ մեկ ամբարիշտ խոսք բարբառել իմ Արարիչ-Աստծու մասին»:
Ու որքան որ սրբուհի Հուղիտան տեսնում էր իշխանին՝ խոսքով վայրենացած և ամենավերջին աստիճանի բարկությամբ բորբոքված, այդքան առավել շարունակում էր գոհանալ Աստծուց ա՛յն բանի համար, որ ապականացու զորության դեմ մարտնչելով՝ երկնային բարիքներին արժանանալու հնարավորությունն էր ընձեռնվել իրեն: Եվ այս երկիրն էլ մերժելով՝ դրախտում բնակություն հաստատելու առիթն էր շնորհվել իրեն: Նաև՝ մարդկանց կողմից անպատվությամբ դատապարտվելով՝ փառքի պսակին արժանանալու կոչումը:
Եվ այս ժամանակավոր կյանքից հրաժարվելով էլ՝ սրբուհին հնարավորություն էր ստացել արժանի դառնալու երանելի հույսի իրականացմանն ու հրեշտակների հետ Արքայության ուրախությունը վայելելուն: Ու քանի դեռ իր այս կյանքի ժամանակի մեջ էր՝ մինչև երանելի հույսի իրականացումը տեսնելը, սուրբ վկայուհին իրեն բազմիցս տրված հարցերին ամեն անգամ միևնույն պատասխանն էր տալիս՝ «ես Քրիստոսի աղախինն եմ» ասելով ու նզովելով բոլոր նրանց, ովքեր իրենից ուրացություն էին պահանջում:
Այդժամ անարդար դատավորը, որն անիրավությամբ և անօրինաբար կաշառք էր վերցրել, սրբուհու կյանքի գինը պահանջեց՝ իբրև նրա «մեղավորության» փոխհատուցում, և որոշում կայացրեց հրի մատնել երանելի վկայուհուն: Սակայն Հուղիտան առ ոչինչ համարեց այդ պատիժը և վայելչաքայլ ու փութով ընթացավ դեպի բոցը, ու մինչև իսկ այդ կրակի՝ նրա դեմքին մոտենալը, սրբուհին հոգու ծաղկյալ զվարթությամբ բարբառում էր իր հավատքի վկայությունը:
Երանուհին գոտեպնդում էր իր մոտ գտնվող կանանց՝ պատգամելով թուլասիրտ չգտնվել և կամ չերկնչել իրենց տեսածի պատճառով, որովհետև այն ամենն, ինչ տեղի էր ունենում, հանուն բարեպաշտության վրա հասած վտանգներ էին գեթ, որոնք չպետք է տկարացնեին քրիստոնյայի հոգու ամրությունը:
«Մենք էլ,- դիմելով կանանց՝ ասում էր Հուղիտան,- այն նույն զանգվածից ենք, որից որ տղամարդիկ են: Մենք էլ, ինչպես որ տղամարդիկ, ըստ Աստծու պատկերի ստեղծվեցինք (տե՛ս Ծննդ. Ա 27): Եվ ինչպես որ Արարչի կողմից տղամա՛րդը առաքինություններ ունենալուն ընդունակ համարվեց, այդպես էլ, համապատվաբար, նաև մե՛նք՝ կանայքս, քանի որ ամեն ինչով ազգակիցներ եղանք տղամարդկանց: Կնոջը ստեղծելու համար Տերը ոչ թե միայն տղամարդու մարմնից՝ մարմին վերցրեց, այլև ոսկոր՝ նրա ոսկորներից (տե՛ս. Ծննդ. Բ 23), որպեսզի կինը հաստատակամ, քաջապինդ ու ամեն ինչով հավասար լինի տղամարդուն, ուստի և, ինչպես որ տղամարդիկ, նույն կերպ նաև մե՛նք ենք պարտավոր օրհնություն վերառաքել Տիրոջը»:
Այս խոսքերը բարբառելով՝ սրբուհի Հուղիտան փութով դեպի հնոցն էր շարժվում, որտեղ էլ որ հուրը պատեց նրա մարմինը՝ լուսավորելով վկայուհուն իբրև երկնային հարսնացուի: Այդպես վախճանվեց սրբուհին. նրա հոգին վեր համբարձվեց՝ բնակվելու երկնային վայելչագեղ օթևաններում, իսկ նրա մարմնի նշխարներն էլ անարատությամբ պահպանվեցին ու հավուր պատշաճի զետեղվեցին այդ քաղաքի մի անկյունում, և ովքեր էլ որ մերձենում են երանուհի սրբի այդ նշխարներին, սրբվում են:
Իսկ ահա այդ քաղաքի հողն էլ օրհնվեց երանելու գալստյամբ, քանի որ նրա նշխարներից շնորհառատ ջուր է արձակվում և վկայուհին, ասես մի մայր, իր այդ կաթով սնուցում է նրանց, ովքեր այդ քաղաքում են գտնվում: Սա առողջներին պահպանություն է տալիս, փափկասերներին՝ իրենց մոլությունների դեմ ողջախոհություն, իսկ հիվանդներին էլ մխիթարություն է շնորհում: Եղիսեեի՝ երիքովացիներին մատուցած միևնույն շնորհը վկայուհի Հուղիտան մեզ ընձեռեց (հմմտ. Դ Թագ. Բ 21), և ինչպես որ Եղիսեեն քաղցրացրեց ջուրը, այդպես էլ սրբուհին իր օրհնության միջոցով մեր աղտեղի բնությա՛նը քաղցրաբարո և ամենքի համար բարեհաճ կերպարանք շնորհեց:
Արդ, ուրեմն, տղամարդի՛կ, կանանցից առավել կրտսեր մի՛ եղեք ձեր բարեպաշտության մեջ: Իսկ դուք, կանա՛յք, մի՛ բավականացեք՝ այս օրինակն ունենալով, այլ, առանց չարախոսելու, բարեպաշտությա՛մբ զգեստավորվեք՝ գործով ապացուցելով, որ ձեր կանացի բնությունը որևէ կերպ չի կարող պատճառ դառնալ՝ առավել նվազ չափով բարիք գործելու համար:
Հուղիտա վկայուհու մասին շատ բան կարելի է ասել, սակայն բավականանք այսքանով և անդրադառնանք այն թեմային, որի մասին երեկ սկսեցինք խոսել, սակայն կիսատ թողեցինք, չնայած որ ես արդեն դժվարանում եմ երկար խոսել և, առհասարակ, ամեն հարցում թերանում եմ: Քանի որ տեսողությունս վատացել է և պատկերները կես-նմանությամբ եմ տեսնում, անպիտան եմ ուղեգնացության համար՝ շուտ հոգնելուս պատճառով, ինչի հաստատումը այս վերջին ճամփորդությունն էր, որը շատ մեծ դժվարությամբ ավարտին հասցրի: Իսկ ահա երբ պատերազմ ընթանալիս մեկը առավել դանդաղ առաջ շարժվի, քան մյուսները, և ամենքն էլ այդ մեկի պատճառով ավելի քիչ ասպարեզ կտրեն-անցնեն, ձեռքներից բաց կթողնեն սպասվելիք հաղթանակը:
Այնուամենայնիվ, այժմ վերադառնանք առաքյալի այն խոսքին, որի մասին երեկ փոքր-ինչ խորհեցինք, սակայն քանի որ այդ առաքելական խոսքը շատերի համար դժվարըմբռնելի է, ուստի և հարկավոր է վերացնել այդ անըմբռնողությունը: Արդ, առաքյալն ասել է. «Մշտապես ուրա՛խ եղեք, անդադար աղոթե՛ք, ամեն ինչում գոհությո՛ւն հայտնեք (Ա Թես. 16-18)»:
Մենք արդեն իսկ թվարկեցինք միշտ ուրախ լինելու համար թեպետ և ոչ բոլոր, սակայն բավական շատ ու հարկավոր եղածի չափ պատճառներ: Իսկ ահա անդադար աղոթելու պատվիրանի անհրաժեշության և կարելիության մասին պատրաստակամ ենք, ըստ մեր կարողության և համաձայն մեր կոչումի, խոսել այժմ՝ ընդառաջ գնալով ձեր խնդրանքին:
Աղոթքը բարեպաշտների կողմից Աստծուն ուղղված բարի խնդրանքն է: Սակայն մեր այդ խնդրանքները միայն խոսքով չպիտի արտահայտենք: Չէ՞ որ Ինքը՝ Աստված, խոսքի կարոտությունը չունի, այլ առանց մեր խնդրելու էլ գիտե, թե ինչի կարիք ունենք: Ուստի ի՞նչ եմ ուզում ասել ձեզ. ա՛յն, որ անհրաժեշտ է ոչ թե միայն խոսքով աղոթել Աստծուն, այլև մեր հոգու հոժարակամությամբ և գործերով: Սա նշանակում է, որ հարկ է ողջ կյանքի ընթացքում առաքինության գործեր կատարել, ինչն էլ աղոթքի զորությունն է կազմում:
Ուստի պատահական չէ, որ առաքյալն ասում է. «Ուտեք թե խմեք, կամ ինչ էլ անեք, ամեն ինչ արե՛ք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. Ժ 31): Եվ, ուրեմն, սեղան նստելով՝ աղոթի՛ր և քո շուրթերով շնորհակալությո՛ւն հայտնիր քեզ հաց պարգևողին: Իսկ գինին ըմպիր՝ առանց քո մարմնի տկարության մասին մոռանալու, և այդժամ ևս հիշի՛ր քեզ բարիք պարգևողին, ու այդ թո՛ղ ուրախություն լինի քո սրտի համար, և մխիթարություն՝ հիվանդության ժամանակ:
Կերակրի կարիքդ անցա՞վ. սակայն թող որ Բարեգործի մասին հիշողությունը չվերանա՛ քո մտքից: Հագուստ հագնելով նույնպես՝ գոհացի՛ր այն քեզ Տվողից, քանի որ քեզ հագուստով զգեստավորելով՝ Տերը Իր սիրո՛վ է պարուրում քեզ, և այդ սիրուց դրդված է, որ Նա և՛ ձմեռվա, և՛ ամառվա համար պատշաճող զգեստներ է շնորհում քեզ, որոնք առողջ են պահում մարմինդ և ծածկում են մերկությունդ:
Օրը մոտեցավ իր ավարտի՞ն. գոհացի՛ր Աստծուց, որ Նա մեզ ծառայեցրեց արեգակի տվնջյան սպասավորությունը ու նաև լուսատուներ էլ շնորհեց՝ գիշերը լուսավորելու և մեր այլ կենցաղային պետքերը սպասավորելու համար: Իսկ ահա համակ գիշերն էլ հենց աղոթքի պատճառ է քեզ համար, ուստի երբ դեպի վեր՝ երկինք նայես ու տեսնես աստղերի գեղեցկությունը, այդժամ նորեն գոհացի՛ր Տիրոջից քո տեսած այդ սքանչելիքի համար և երկրպագի՛ր ամենքի ու ամեն ինչի առաքինի Արվեստագետին՝ Աստծուն, ա՛յն բանի համար, որ Նա իմաստությամբ ստեղծեց ամեն ինչ (հմմտ. Սղմ. ՃԳ 24):
Երբ բոլոր կենդանի արարածներին քնով նիրհած տեսնես, այդժամ ևս երկրպագի՛ր Տիրոջը, որը մեզ ակամա քնով առօրյա աշխատանքների ծանրաբեռնվածությունից փոքր-ինչ հանգստանալու և վերստին զորությամբ լիցքավորվելու շնորհն արեց: Գիշերը թող քեզ համար առաջին հերթին ու միայն քնին չծառայի՛ և թույլ չտա՛ս, որ քնի անզգայության պատճառով կյանքիդ կեսը անպիտանության մատնվի, այլ թող գիշերվա ժամանակը քեզ համար երկու մասի բաժանվի. մի մասը տրամադրիր քնելուն, մյուսն՝ աղոթելուն:
Բայց և մի՛ մոռացիր, որ քունն, ինքնին, ծառայում է նաև բարեպաշտությանը, քանի որ քնին է բնորոշ անուրջներ «երկնելը», որոնք էլ, ինչպես հաճախ է լինում, ցերեկվա հոգսերից բխող պատմություններ են: Ուստի և, ինչպիսին որ մեր մեր ապրած կենցաղն է, այդպիսին էլ մեր երազներն են լինում: Արդ, ուրեմն, անդադար աղոթի՛ր, սակայն ո՛չ թե խոսքերով «լցրու» աղոթքներդ, այլ ողջ կյանքիդ ընթացքում դրսևորած վարքուբարքո՛վ միավորվիր Աստծու հետ, որպեսզի, իրապես, անսպառելի ու անդադար լինեն քո աղոթքները կյանքիդ օրերում:
Այս ամենից զատ՝ առաքյալը նաև պատգամում է ամեն ինչում գոհություն հայտնել: Սակայն ինչպե՞ս է հնարավոր այս պատվիրանն ի կատար ածել, երբ անձդ վտանգված է թշվառության մեջ: Կամ ինչպե՞ս է կարելի, ցավերով խոցոտված լինելով, չողբալ ու չարտասվել, այլ ճշմարտապես գոհանալ այնպես, ասես ո՛չ թե դժբախտություն, այլ բարիք է պատահել: Կամ ինչպե՞ս գոհանամ, երբ թշնամին զանազան կերպերով նեղություններ է պատճառում ինձ:
Երբ թշնամին հափշտակում է մեկի մանկանը, ինչպե՞ս կարող է այդ մանկան մայրը, ում սիրտը խոցոտում են իր սիրելի զավակին պատահած դժնդակագույն վտանգները, ողբալու փոխարեն՝ գոհաբանական ձայն բարբառել: Ասում ես ինչպե՞ս. մտքում ունենալով, որ իրենից ծնված մանկան իրական հայրը, ամենաիմաստուն խնամակալն ու կյանքի տնօրինողը Ինքը՝ Աստված է:
Արդ, ուրեմն, ինչպե՞ս կարող է որևէ մեկը ընդդիմանալ իմաստնագույն Աստծուն Նրա տված պարգևը Իր իսկ կամքով տնօրինելու համար: Եվ դեռ այնպիսի կեցվածք ընդունել, ասես այդ կորսված պարգևի «սեփականատերը» մարդն ինքն է եղել: Ուստի անգամ սիրելիների մահվան դեպքում մարդը չպետք է զայրանա Աստծու դեմ ու չպետք է ինքն իրեն չարչարանքների մատնի: Հետևաբար դու, զավակ կորցնելով, մտքումդ ունեցիր այն, որ քո մանուկը ո՛չ թե մահացավ, այլ մի փոքր հեռու տարվեց, ո՛չ թե վախճանվեց քո սիրելին, այլ գնաց ու փոքր-ինչ ավելի շուտ ոտնակոխեց ա՛յն ճանապարհը, որով և, անհրաժեշտաբար, մենք ենք գնալու:
Արդ, թո՛ղ որ մշտապես քեզ ուղեկցի Տիրոջ այս պատվիրանը, իբրև մի լույս, որի սփռած պայծառության շնորհիվ ճշգրտորեն կարող ես զանազանել իրերի իսկությունը և որի շնորհիվ կանխապես խնամատար կլինես հոգուդ նկատմամբ ու քո ընտրությունը մշտապես ճշմարտության վրա կանգ կառնի: Այլև Տիրոջ այս պատվիրանը երբևէ թույլ չի տա, որ տեղի ունեցած որևէ իրադարձություն այլայլեցնի քեզ, և քո պատվիրանապահ միտքը, իբրև ծովում կողմնորոշող փարոս, զգուշությամբ կպահպանի քեզ ու չի թողնի, որ տարուբերվես փոթորկոտ հողմերից և ալիքներից. դու միայն համբերությամբ պահի՛ր Աստծու պատվիրանը:
Կամ չէ՞ որ դու սկզբից էլ գիտեիր, որ մահկանացուն ենթակա է մահվան, այդ դեպքում ինչո՞ւ ես անհնարին համարում զավակիդ մահը: Եվ կամ այնժամ, երբ քեզ նախապես ասվեց, որ դու զավակ ես ունենալու, այդժամ եթե մեկը քեզ հարցներ, թե ո՞վ է ծնվածը, ի՞նչ պատասխան էիր տալու: Արդյոք չէի՞ր ասելու, թե ծնվածը մարդ է: Իսկ եթե մարդ է, ապա այդտեղից հայտնապես պետք է եզրակացնել, թե նաև մահկանացո՛ւ է նա: Ուրեմն ի՞նչ կա զարմանալի այն բանի մեջ, որ մահկանացուն մահացավ:
Մի՞թե չես տեսնում, որ արեգակը ծագում ու «մահանում» է, չե՞ս տեսնում, որ լուսինը՝ մեծանում, սակայն դարձյալ փոքրանում է, կամ հողը, որ մեկ առատությամբ պտղաբերում է, մեկ՝ «չորանում»: Մեզ վերաբերող ու մեզ պատկանող այդ ի՞նչն է, որ հավիտյան պահպանում է իր գոյությունը, որի բնությունն անսպառ է ու անփոփոխ: Հայացքդ ուղղի՛ր երկնքին ու նայի՛ր երկրին և տե՛ս, որ անգամ այս երկուսը հավերժական չեն, քանի որ «երկինք և երկիր պիտի անցնեն» (Մտթ. ԻԴ 35),- ասում է Քրիստոս,- «աստղերը երկնքից պիտի ընկնեն, արեգակը պիտի խավարի և լուսինը իր լույսը չպիտի տա» (Մտթ. ԻԴ 29)։
Արդ, ուրեմն, ի՞նչ կա զարմանալի, որ մենք, այս աշխարհի մի մասնիկը լինելով, վայելում ենք այս բոլորը, որ ևս աշխարհի մի մասն են կազմում: Ուստի և դու, այս ամենին նայելով, տոկալով համբերի՛ր ամեն հարցում, որը քո մահկանացու բնությամբ է պայմանավորված: Համբերի՛ր, սակայն, ոչ թե անչարչարաբար և անզգայապես (քանի որ ի՞նչ վարձք կարող է լինել անզգայության համար), այլ՝ բյուրապատիկ ցավերը կրելու տոկունությամբ:
Ուստի և դու ժուժկա՛լ եղիր, սակայն և նմանվի՛ր այն առաքինի պատերազմամարտիկին, որը, չնայած առաքինի լինելուն, իր ողջ զորությունը բանեցնում է թշնամուն ուժգին հարվածներ հասցնելու համար: Եվ նմանվի՛ր այն իմաստուն ու անխռով նավավարին, որը հմտությամբ ղեկավարում է նավարկությունը՝ անխոտոր ճանապարհով վարելով ու խորտակվելուց զերծ պահելով նավը և ձմեռային սաստիկ մրրիկների ժամանակ էլ փրկելով իրեն ու իր անձնակազմին:
Սիրելի մանուկից, մտահաճո կնոջից, սիրելիներից կամ բարեկամության կապերով շղթայված որևէ մեկից զրկվելը դժբախտություն չի համարվի նրա՛ համար, ով առաջ է նայում՝ Աստծու ճշմարիտ խոսքն իբրև իր կյանքի առաջնորդ ընդունելով և գիտենալով, որ որևէ մեկի՝ այս կյանքից հեռանալը բնության օրենքի դրսևորում է:
Չնայած որ մահվամբ տեղի ունեցող այս անխուսափելի բաժանումը դժվար տանելի է անգամ անխոս կենդանիների համար. մի անգամ տեսա, թե ինչպես է եզը արտասվում իր ընկերակցի ու լծակցի մեռնելու պատճառով: Նաև շատ այլ անբան կենդանիների կողմից է տեսանելի այս «սովորության» դրսևորումը: Սակայն դու այսպես չսովորեցիր և քեզ այսպես չուսուցանվեց: Այլ քեզ վարդապետվեց, որ քո սիրելի մարդու ապրած կյանքի «գնահատականը» ըստ նրա ապրած տարիների երկարության չսահմանես և մեզանում այսքան տարածված կերպով էլ սաստկաբար չողբաս հարազատիդ կորուստը, քանի որ այդպես վարվելն անմտություն է:
Քեզ այնպիսի մի կին էր բաժին հասել, որ կյանքում քեզ լծակից լինելով՝ օգնո՞ւմ էր բոլոր հարցերում և թեթևացնո՞ւմ կենցաղային հոգսերդ, գործակի՞ց էր քեզ իր բարեմտությամբ, ուրախության առի՞թ էր նա քեզ համար և, քեզ հաճելի վարքուբարքով ապրելով էլ, քո տրտմության մեծ մասը խինդի՞ էր փոխակերպում: Սակայն դու մի՛ վայրենացիր՝ մեղանչելով, եթե հանկարծ կինդ մահանա ու այլևս կողքիդ չլինի: Տեղի ունեցած այդ դեպքի պատճառով որևէ չարամիտ բան մի՛ խոսիր այս աշխարհը տնօրինող Վերակացուի մասին և մի՛ չարացիր՝ անտիրապետելի տրտմության պատճառով ինքդ քեզ չարին գործակից դարձնելով, ու մի՛ հեռացիր բարեպաշտության սահմաններից:
Քանի որ, եթե, իսկապես, երկուսդ մեկ մարմին եք եղել (հմմտ. Մտթ. ԺԹ 5, Ծննդ. Բ 24), ապա ուրեմն քո կողմից մեծ հանցանք է նրանից բաժանումը անողջանալի ցավով ընդունելը և այդ պատճառով էլ անվայել բաներ խորհելը, այլ հարկ է, որ անգամ այդժամ դու օգտակար խոսքեր բարբառես:
Որովհետև, իմացի՛ր, Նա, ով ստեղծեց ու կենդանացնեց մեզ՝ նույն Ինքը՝ Աստված, յուրաքանչյուր անձի համար կյանքի առանձին ճանապարհ է տնօրինել. մեկի համար սահմանել է, որ այդ մեկը երկա՜ր տարիներ ապրի իր մարմնի մեջ, իսկ մյուսի համար՝ Իր խոսքերի անճառելի իմաստությամբ ու արդարությամբ հրամայել է շատ վաղ ազատվել մարմնի կապանքներից:
Եվ ինչպես որ, օրինակ, բանտում գտնվողներից ոմանք երկար ժամանակ են չար կապանքներով արգելափակված մնում, իսկ ոմանք իսկույն՝ շատ կարճ ժամանակ անց, հատուցելով իրենց գործած այս կամ այն ախտի համար՝ ազատ են արձակվում, այդ նույն կերպ էլ որոշ անձինք երկար տարիներ են «բանտարկվում» իրենց այս կյանքում, իսկ ոմանք էլ գուցե և կիսով չափ առավել նվազ ժամանակ են ապրում իրենց մարմիններում, սակայն այդ երկու դեպքում էլ մարդիկ հավասարապես վայելում են Արարչի հոգածությունը, որն իր խորիմաստ տնօրինությամբ նախապես իսկ պատրաստել էր այս կամ այն ճանապարհը՝ մի բան, որը մարդկային միտքը ունակ չէ ըմբռնելու:
Չե՞ս լսել Դավթին, որն ասում էր՝ «բանտից դո՛ւրս բեր իմ անձը» (հմմտ. Սղմ. ՃԽԱ 8), և կատարվեց սրբի խնդրանքը: Կամ ի՞նչ ասաց Սիմեոնը, երբ իր գիրկն առավ մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Արդյոք չասա՞ց, թե՝ «արդ, արձակի՛ր Քո ծառային, Տե՜ր» (հմմտ. Ղուկ. Բ 29): Քանի որ վերին կյանքիը փափագողների համար ամեն մի տանջանքից ու կապանքից ավելի անցանկալի է իր մարմնական կյանքը երկարաձգելը:
Սակայն դու մի՛ ցանկացիր քեզ սիրելի մարդու հոգու ետևից գնալ, այլ մտքո՛ւմդ ունեցիր նրա ներկայությունը, ում հետ միաձուլված էիր կյանքիդ օրերում: Ձեր այդ միավորությունը նման է միևնույն երկար ճանապարհն անցնող երկու ուղևորների ընթացքին, որոնք այդ ճանապարհին մտերմանում և հարազատանում են իրար: Սակայն երբ նրանց այդ ընդհանուր ճանապարհը մոտենում է ավարտին, այդուհետ այս ճանապարհորդներից յուրաքանչյուրն իրեն անհրաժեշտ ուղով է շարունակում գնալ, և ոչ թե, իրար մտերիմ դարձած լինելու պատճառով, նրանք նստում-մնում են՝ ծուլանալով իրենց նախատեսած գործերը կատարելու մեջ: Այլ ուղեգնացներից յուրաքանչյուրը, իր ուղևորության նպատակը վերհիշելով, առաջ է շարժվում՝ այդ նպատակի կատարմանը հասնելու համար:
Արդ, ինչպես որ այս ճանապարհորդների դիտավորությունները տարբերվում էին մեկը մյուսից և ինչպես որ միևնույն ճանապարհն անցնելով՝ նրանք հարազատացան իրար, այս նույն կերպ էլ նրանք, ովքեր ամուսնության կապերով են միավորում իրենց կյանքերը, չեն դադարում, սակայն, միմյանցից տարբեր կյանքի վախճան ունենալու տնօրինությանը ենթակա լինելուց, համաձայն որի՝ անհրաժեշտաբար իրար միացած ամուսինների համատեղ կյանքը մեկի մահով ավարտվում է, և բաժանվում ու զատորոշվում են այդ երկուսի կյանքի ճանապարհները:
Իսկ այդ դեպքում բարեմիտ խորհուրդներ ունեցող մարդը իր սիրելիի «հեռացումը» դժնդակությամբ չի ընդունում, այլ անգամ այս դեպքում շնորհակալ է լինում Տիրոջից իրեն սրտակից եղող մարդուն դեպի երկինք՝ դեպի Աստված բարձրացնելու համար: Մինչդեռ դու ողբում էիր անգամ այն ժամանակ, երբ քո կինը, սիրելի մեկը կամ հենց իսկ մանուկը ողջ էին, էլ ուր մնաց այժմ երախտապարտ հոգուն բնորոշ վարքագիծ դրսևորես: Այլ դեռ ուրանում ես Տիրոջ՝ քո սիրելի մարդկանց շնորհած կյանքի՝ թեպետև կարճ տարիները, և չարախոսում ես այդ կյանքը հետ վերցնելու համար:
Այնժամ, երբ դու քեզ տնակից միայն կին ունեիր կողքիդ, այդժամ էլ անշնորհակալ էիր, քանի որ մանուկներ չունեիր: Երբ քո այդ ցանկությունը կատարվեց ու մանուկներ ունեցար, այդժամ էլ սկսեցիր սրտնեղել հարստություն չունենալու և քո թշնամիներից ոմանց՝ բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Արդ, նայի՛ր ու տե՛ս, թե նախ և առաջ արդյո՞ք ինքներս չենք անտեսում մեր սիրելիների կարևորությունը՝ նրանց մերձավորությունը չզգալով ու չարժևորելով:
Իսկ երբ Աստծուց մեզ ընձեռնված ներկա բարիքների համար չենք գոհանում, այդժամ մեզնից վերցվում են այդ բարիքները: Եվ ինչպես որ, օրինակ, աչքերը իրենց բիբին շատ մոտ գտնվող իրերը տեսնել չեն կարողանում, այլ կարիք են զգում, որպեսզի այդ իրերը որոշակի հեռավորության վրա գտնվեն բիբից, այս նույն կերպ էլ անշնորհակալ հոգիները չեն «նկատում» իրենց մերձ եղող բարիքները և միայն այդ բարիքների՝ իրենցից «հեռացվելու» ժամանակ են զգում դրանց կարևորությունը:
Այդպիսիք, երբ վայելում էին իրենց հաճելի բարիքները, դրանք չէին ընդունում իբրև Տիրոջից ընձեռնված շնորհ, իսկ երբ այդ շնորհը պակասում է, սկսում են երանի տալ անցյալին: Մինչդեռ եթե մեկը յուրաքանչյուր մարդու մասին բարեմտությամբ խորհի, մշտապես կգոհանա ամեն ինչից և երբևէ խռովքի չի մատնվի: Դու շատ-շատերին կարող ես տեսնել, որ ամեն ակնթարթ ապրում են մեր շուրջը ոչ բարվոք պայմաններում, և եթե մենք համարձակվենք այդ չարչարակենցաղ մարդկանց ու մեր միջև անսուտ համեմատություն անցկացնել, ապա պիտի նկատենք, որ այդ դեպքում էլ մե՛նք ենք նրանցից շատ ավելի բարվոք վիճակում գտնվում:
Անազատության մեջ գտնվող մե՞կն ես. միևնույն է, գոհացի՛ր, քանի որ քեզնից ավելի վատ վիճակում գտնվողներն էլ կան, որոնցից ավելի բարվոք վիճակում ես դու, որովհետև երկանքին կապված ու վերքերով պատված չես: Չնայած որ անգամ այդպիսի վիճակում եղողներն էլ գոհանալու քիչ պատճառներ չունեն, քանի որ նրանք այլևս իրենց մանուկների չարչարանքներին ականատես չեն լինի: Անգամ մահապատժի դատապարտվածնե՛րը գոհանալու առիթներ ունեն. եթե այդպիսի մի իրավիճակում ես և կյանքդ մոտեցել է վախճանին ու դու անկարող կլինես այդուհետ գոհություն մատուցել, սակայն գոհացի՛ր այդժամ, քանի որ դեռ տեսնում ես արեգակն ու շնչում ես օդը:
Անարդարացիորեն տանջվո՞ւմ ես. հանդերձյալ կյանքի հույսո՛վ ուրախացիր: Իրավացիորե՞ն ես դատապարտվում. այդ դեպքում ևս գոհացի՛ր, քանի որ քո մեղանչական հանդգնության համար այստեղ՝ այս կյանքում ես հատուցում, և ոչ թե քո գործած մյուս մեղքերի համար նախատեսվող տանջանքներին ևս մի տանջանք հավելում՝ այդպիսով հավիտենական չարչարանքների մատնելով քեզ:
Արդ, ուրեմն, մեր ողջ կյանքի ընթացքում և բոլոր պարագաներում անհրաժեշտ է, ամեն ինչին բարի հայացքով նայելով, մեծապես գոհանալ շնորհատու Բարեգործից տեղի ունեցող ամեն մի իրադարձության համար: Սակայն այսօր մենք տեսնում ենք, որ շատերը մեղանչում են իրենց անբարեհաճության պատճառով՝ մերձակա բարիքները անպատվելով և հեռավորները փափագելով:
Այդպիսի մարդիկ, չնայած իրենց հետին կարգավիճակին, բավական չէ, որ չեն գոհանում Բարեգործից այն ամենի համար, ինչ իրենք ունեն, այլ դեռ իրենք իրենց բարձրաշխարհիկ մարդկանց հետ հավասարության մեջ են դնում և երբ չեն հասնում իրենց երազածին, ասես հարազատ մարդ կորցնելու պես, տխրում են ու չարախոսում:
Ծառան դժգոհում է, որ ազատ չէ, նա, ով ազատության մեջ է ապրում, դժգոհում է վայելուչ գավառից չլինելու կամ երևելի ու մեծատոհմիկ մարդկանցից չսերելու և ա՛յն պատճառով, որ չի կարող իր յոթ ազնվազարմ նախահայրերի թվել, որոնց միջից մեկը հարուստ ձիաբույծ է եղել, մյուսը՝ մենամարտիկների հաղթանակը գուշակելու վրա իր հարստությունը վատնած մեկը և այլն:
Նա, ով երևելի տոհմից է սերում, բողոքում է, որ հարստության մեջ չի լողում: Հարուստը տրտմում և ողբում է, որ ինքն իշխան չէ քաղաքի ու ազգերի վրա: Զորավարը՝ որ թագավոր չէ, թագավորը՝ որ միանգամից արեգակի տակ եղող ամենքին չէ, որ իշխում է, այլ միայն մի քանի ազգեր են իր գավազանի ենթակայության ներքո գտնվում:
Այս բոլոր մարդկանց միավորում է այն հատկանիշը, որ նրանք ոչ մի դեպքում չեն գոհանում Բարեգործից: Մենք, սակայն, մի կո՛ղմ թողնենք այն ամենն, ինչ մեզ վրա տրտմություն է բերում և սովորե՛նք մեր ունեցած ներկա բարիքների համար գոհություն մատուցել: Իմաստուն բժշկի նմա՛ն վերաբերվենք մեզ պատահած տխրառիթ հիվանդություններին: Ասե՛նք. «Բարի է ինձ համար այն, որ դու խոնարհեցրիր ինձ», քանի որ «այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզ» (Հռոմ. Ը 18):
Ասե՛նք. «Մենք մեր մեղքերի համեմատ շատ ավելի քիչ տանջանքներ ենք կրում» (հմմտ. Հոբ ԺԵ 11): Աղաչե՛նք Տիրոջը՝ ասելով. «Խրատի՛ր մեզ, Տե՛ր, բայց արդարությամբ և ոչ թե՝ ցասմամբ» (Երմ. Ժ 24): Քանի որ երբ հանդիմանվում ենք, «Տիրոջից խրատվում ենք, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք» (Ա Կորնթ. ԺԱ 32):
Եվ զվարթասիրտ կյանքով ապրելով էլ՝ ձայնակի՛ց լինենք Դավթին՝ ասելով, թե «ի՞նչ հատուցում պիտի տամ Տիրոջը այն ամենի համար, որ ինձ տվեց» (Սղմ. ՃԺԵ 3): Քանի որ Նա մեզ ոչնչից գոյացության արժանացրեց, պատվեց բանականությամբ, զանազան հնարներ մեզ շնորհեց՝ աշխատելու համար, հողից կերակուր բուսեցրեց մեզ համար, անասուններին ծառայեցրեց մեր սպասավորության գործին: Մեզ համար անձրև ցողացրեց, մեզ համար շողացրեց արեգակը: Լեռներն ու դաշտերը մեզ համար են զարդարված, իսկ այս կյանքի ժամանակն էլ տրված է մեզ՝ իբրև պատրաստության մի շրջան:
Մեզ համար է, որ հոսում են գետերը, մեզ համար են բխում աղբյուրները, մեզ է ընձեռնված ծովը՝ իբրև շահույթ ստանալու միջոց: Ոսկի գտնողների հարստությունը Տիրոջի՛ց է պարգևված, Աստծո՛ւց է մեզ շնորհված զանազան բարիքները ճաշակելու հնարավորությունը և մեծ ունեցվածք ունենալու կարողությունը, որպեսզի մենք աննախանձաբար վայելենք Բարեգործի՝ մեզ պարգևած շնորհները:
Չնայած ինչո՞ւ ենք այս փոքր բարիքները թվում: Չէ՞ որ մեզ համար Աստված հայտնվեց մարդկանց մեջ և հանուն մեր ապականված մարմնի «Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ» (Հովհ. Ա 14): Ապերախտի հանդեպ Բարեգործ գտնվեց Տերը, գերյալի համար Ազատիչ եղավ, խավարում գտնվողների համար դարձավ արդարության Արեգակ: Խաչը ելավ Անմահը և Կյանք շնորհեց մեռածներին, Հարություն եղավ վախճանվածների համար, որդեգրության հոգի տվեց մեզ, բաժանեց Իր շնորհները և արժանացրեց ավետիսի պսակներին:
Ուրիշ շատ այլ բարիքներ էլ ընծայեց մեզ Տերը, որոնք բոլորը թվելն անգամ դյուրին չէ և որոնց մասին իսկ է մարգարեի վայելչագեղ խոսքը, թե՝ «ի՞նչ հատուցում պիտի տամ Տիրոջը այն ամենի համար, որ ինձ տվեց» (Սղմ. ՃԺԵ 3): Եվ տե՛ս, որ սաղմոսերգուն չի ասում, թե «ինչ պիտի տամ», այլ ասում է՝ «փոխարե՛նը ինչ պիտի տամ՝ ի՞նչ հատուցում պիտի տամ» Մեծապարգև Արարչին, քանի որ մեր՝ գոհությամբ շնորհակալություն հայտնելը ինքնաբուխ բարիք չէ, այլ փոխհատուցումն է Տիրոջ կողմից մեզ ընձեռնված բարիքների: Երբ Տերը քեզ ունեցվածք է տալիս, աղքատների ձեռքով էլ քեզնից ողորմություն է խնդրում, և եթե «ստանում» է այդ ողորմությունը, ամբողջական է պահում քեզ պարգևած Իր շնորհները:
Արդ, ուրեմն, «ի՞նչ հատուցում պիտի տանք Տիրոջը»: Մարգարեի այս գեղեցկավայելուչ խոսքը տարակուսանքի առիթ կարող է հանդիսանալ նրանց համար, ովքեր, աղքատության մեջ լինելով, որևէ կերպ փոխհատուցել չեն կարող: Նախ գիտենա՛նք, որ նրանց համար, ովքեր մեծամեծ հարստություններ չունեն և չեն կարող ճոխ բարեգործություններ անել, գալիք ապագայի համար բազմապատիկ ավելի մեծ բարիքներ են խոստացվում. դրախտի փափկությունը, Արքայության փառքը, հավասարապատվությունը հրեշտակներին և աստվածային իմաստությունը, որն ամենաարժեքավոր բարիքներից մեծագույնն է, որին փափագում է ամեն մի բանական էակ և որին մենք կարժանանանք, եթե մեզնից հեռու վանենք մարմնական ախտերը:
Սակայն, այնուամենայնիվ, այդ դեպքում ինչպե՞ս դրսևորենք մեր մերձավորների նկատմամբ տածած բազմագութ սերը, քանի որ ա՛յդ է բարիքներից առաջինն ու ամենակատարյալը, որովհետև «օրենքի լրումը սերն է» (Հռոմ. ԺԳ 10): Այդժամ անհրաժեշտ է, որ մենք, տեսնելով բարեկեցիկ կյանքով ապրող մարդկանց թշվառացումը, արտասվակից ու սգակից լինենք նրանց, և ոչ թե՝ գոհանանք նրանց պատահած թշվառության համար:
Սեփական դժվարությունները գոհությամբ ընդունելն է, որ համբերության և ժուժկալության ցուցիչ է հանդիսանում, մինչդեռ ուրիշների թշվառության համար Աստծուց գոհանալը չարիքի համար ուրախացողներին և տրտմածներին զայրացնողներին է բնորոշ: Այս իսկ պատճառով է, որ առաքյալը մեզ պատվիրում է «լալ լացողների հետ» (Հռոմ. ԺԲ 15):
Այդ դեպքում ի՞նչ կարող ենք ասել այսպիսի մարդկանց: Մեզ մնում է միայն անհրաժեշտաբար կրկին հիշեցնել տերունական խոսքերը, որոնք պատգամում են, թե ո՛ր պարագաներում է հարկ ուրախ լինել, իսկ ո՛ր պարագաներում՝ սգալ: «Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև Երկնքում ձեր վարձը շատ է» (Մտթ. Ե 12): Եվ դարձյալ՝ «Երուսաղեմի՛ դուստրեր, Ինձ վրա լաց մի՛ եղեք, այլ լա՛ց եղեք ձեր և ձեր որդիների վրա» (Ղուկ. ԻԳ 28):
Ապա ուրեմն աստվածային խոսքերը մեզ հրամայում են արդարների հետ ուրախանալ և բերկրակից լինել նրանց, իսկ ապաշխարության արտասուք հեղողներին էլ ախտակից ու սգակից լինել, քանի որ նրանք, ովքեր առանց սեփական ցավ ունենալու՝ արտասվեն ուրիշների ցավերի համար, անիմանալի վայելքների են արժանանալու:
Սակայն այս պատվիրանը չի ենթադրում մասնակից լինել նրանց տրտմությանը, ովքեր մեկի մահվան պատճառով լալիս, ողբում ու սգում են: Չէ՞ որ չի կարող գովելի լինել այն բժիշկը, որը, փոխանակ վիրավորներին օգնելու, ինքն է հիվանդությամբ վարակվում, և ոչ էլ այն նավապետը, որը փոխանակ նավաստիներին ոգևորելու, փոթորկի դեմ մարտնչելու, ալիքներից խույս տալու և վախեցածներին մխիթարելու, ինքն է սրտխառնոց ունենում և կորցնում ինքնատիրապետումը՝ ծովին անփորձ լինելու պատճառով:
Այս նույն կերպ էլ սգացող մարդուն արտասվակից լինելով՝ դու որևէ օգուտ չես տա նրան, այլ դեռ չարամիտ մարդկանց կողմից էլ ամոթանքի կարժանանաս: Արդ, ուրեմն, թշվառության մեջ ընկած վշտացյալների համար տխրելն էլ բավ է, քանի որ այդ կերպ դու վշտացյալին կաջակցես ա՛յն բանի շնորհիվ, որ չես ուրախանա նրա թշվառության համար և անտարբեր չես գտնվի նրա ցավերի նկատմամբ:
Ուստի և սա չի նշանակում, թե բոլոր վշտացածների հանդեպ ողբակից և սգակից պիտի լինես, ինչպես որ, օրինակ, իրենց մեղքի համար ապաշխարող մարդկանց տրտմության պարագայում է անհրաժեշտ նրանց վշտակից լինել: Հետևաբար, սգակիր որևէ մեկին «մխիթարելու» համար կարիք չունես քեզ այս կամ այն բարիքից զրկելու, սևազգեստ լինելու, նրա հետ հողի վրա նստելու և վարսերդ խուզելու, քանի որ այդ կերպ դու ավելի ու ավելի կերկարացնես վշտացածների թշվառությունը, քան թե՝ կսփոփես նրանց:
Չգիտե՞ս, որ աճուկն ու փայծաղը, վիրավորվելու և վնասվելու դեպքում, սաստիկ ցավ են պատճառում, իսկ հմուտ ձեռքերն իրենց նուրբ վարմունքով նվազեցնում են այդ ցավերը: Այս կերպ էլ դու առավել մի՛ բորքոքիր թշվառ մարդու վերքերը և նրա հետ անհուսալիորեն սգալով՝ առավել մի՛ փշրիր նրան: Քանի որ ընկածին հարկ է ձեռք մեկնել և վեր բարձրացնել, որովհետև, վայր ընկած լինելով, նա միայն իրեն վեր բարձրացնողի կարիքն ունի: Ուստի և հարկ է ձեռք մեկնել ու բարձրացնել ընկածին և հեզաբար ու անկեղծորեն տխրակից լինել տրտմածներին:
Դեմքը խոնարհեցրած ու վշտերի տակ կքած մարդու հոգին է, որ ծանրացած է, ուստի պետք չէ իսկույն նրա հետ խոսել և ամեն պատեհ-անպատեհ բան ասել, որպեսզի, իբրև թե, այդկերպ վշտացած մարդուն ուրախացնենք և ընկած դիրքից վեր բարձրացնենք: Հույժ դժվար է խրատ կարդալը ա՛յն մարդկանց գլխին, որոնք չարչարվում են իրենց հոգում եղող ցավի պատճառով, քանի որ այդպիսի մարդիկ դժվարությամբ են ըմբռնում խոսքերը, և նրանք, ովքեր այս կամ այն վշտի մեջ են, անգամ մխիթարության խոսքեր չեն ուզում լսել նրանցից, ովքեր, որևէ վիշտ չունենալով, փորձում են խոսքով «օգնել» սգավորին:
Այլ հարկավոր է թույլ տալ, որ տրտմահոգի մարդը նախ իր ունայն և դատարկ խոսքերը բարբառի ու ավարտի իր ողբը, և այդուհետ միայն, երբ չարի հասցրած վերքը փոքր-ինչ կառողջանա ու «վիրավորը» ավելի զիջողական կգտնվի, պետք է հոգածությամբ և հանդարտորեն ձեռնամուխ լինել նրան մխիթարելու գործին:
Քանի որ ձիավարժները նույնպես, դժվարասանձ ձիերին իսկույն երասանով չեն խեղդում կամ չեն հարվածում, որովհետև այդպիսի դեպքերում, երբ ձին վազքի մեջ լինի, հնարավոր է, որ վրայից վար գցի հեծյալին: Ուստի և ձիավարժները ձիերի սկզբնական այդ խրտնությունը «ներում» են, և երբ տեսնում են, որ ձիերը դադարում են իրենց «զայրույթի» պատճառով վեր ու վար ելնել-իջնելուց և մոտենում են հեծյալին, այդժամ միայն անցնում են իրենց գործին և իրենց հմտությունն են կիրառում՝ ձիերին վարժեցնելու համար:
Այս կերպ նաև մեզ համար ճշմարիտ կլինի Սողոմոնի այն խոսքը, թե՝ «խնջույքի տուն գնալուց ավելի լավ է սգո տուն գնալը» (Ժող. Է 2): Եվ եթե մեկը պատճաշ խոսքով հանճարապես արտահայտվելու կարողություն ունի, ապա այդպիսի մեկը կկարողանա իր խոսքով առողջություն պարգևել վշտով ախտացածին և ոչ թե դեռ մի բան էլ ինքը, իբրև վշտակցություն, «կվարակվի» ուրիշի տրտմությամբ:
«Լալ լացողների հետ» (Հռոմ. ԺԲ 15): Երբ տեսնես, որ քո եղբայրը, իբրև ապաշխարություն, սգում է, արտասվակի՛ց ու վշտակի՛ց եղիր նրան, որովհետև այդկերպ նաև դո՛ւ քո ուրիշ մեղքերի համար ապաշխարած կլինես: Քանի որ նա, ով իր ընկերոջ մեղքերի համար ջերմեռանդորեն արցունք է թափում, իր եղբոր բժշկության միջոցով նաև ի՛նքն է բժշկվում:
Այս մասին այն խոսքերը, թե՝ «մեղավորների և քո օրենքները լքած մարդկանց տրտմությունը կլանեց ինձ» (հմմտ. Սղմ. ՃԺԸ 53): Արդ, ուրեմն, ողբա՛ մեղքերի համար: Մեղքը հոգու հիվանդությունն է, այն մահ է և արժանի է սգի ու անդադար ողբի: Անհրաժեշտ է, որ դու մշտապես արտասուք հեղես մեղքերի համար և երբևէ չդադարես ողջ սրտով հառաչելուց:
Լալիս էր և Պողոսը «Քրիստոսի խաչի թշնամիների համար» (Փլպ. Գ 18): Երեմիան արտասվում էր ժողովրդի կորստյան մատնվելու համար՝ այն աստիճան, որ իր բնությամբ արտասվելը բավական չէր, ուստի և մարգարեն արտասուքի աղբյուր և մի խղճուկ օթևան էր խնդրում՝ ասելով. «….որպեսզի զօր ու գիշեր ողբամ իմ կորստյան մատնված ժողովրդի համար» (հմմտ. Երմ. Թ 1): Սակայն և մեզնից այնպիսի արտասուք ու այնպիսի սուգ չի պահանջվում, որը դյուրությամբ ընկնում է տրտմության մեջ և ամեն պատճառով հեշտությամբ ողբում է:
Նաև, ես հեշտասերներից ոմանց էլ նկատեցի, որոնք իրենց մեղսասեր կրքերի առատության պատճառով իրենց տրտմությունը արբեցության մեջ են ջանում խեղդել և իրենց այս սխալընթաց խոտորումն ու անժուժկալությունը փորձում են Սողոմոնի այս խոսքերով արդարացնել, որն ասում է՝ «Տրտմածներին գինի՛ տվեք» (հմմտ. Առակ. ԼԱ 6):
Առակաց գրքի այս խոսքը ոչ թե իշխանություն է տալիս՝ արբեցության մեջ ընկնելու, այլ իր մեջ ներամփոփյալ ձևով ներկայացնում է մարդկային կյանքը: Տերունական այս պատգամը մեզ միայն թույլտվություն է տալիս, որ գինու օգտագործմամբ բանական ուրախության մեջ լինենք, ինչը որ, ինչպես առաջադեմ միտքը կարող է եզրակացնել, մեր նկատմամբ հոգածության դրսևորում է, որպեսզի չլինի այնպես, որ անմխիթար ու մեծ սգի մատնվելով՝ մարդիկ դադարեն կերակուր ճաշակելուց:
Այլ աստվածաշնչյան այս խոսքը պատվիրում է, որ սգի մեջ գտնվող մարդու սիրտը հացի ճաշակմամբ ապաքինվի, իսկ գինու շնորհիվ էլ վշտի մեջ խորտակված բնությունն առավել դյուրությամբ ոտքի կանգնի: Սակայն գինեսերներն ու գինեմոլները ո՛չ թե իրենց տրտմությունն են նվազեցնում, այլ չարը չարիքի հետ են փոխանակում՝ անզգամ վաճառականների նման, և իրենց անձերի հիվանդությունները փոխանակում են ուրիշ հիվանդություններով՝ այնպես, որ եթե մի կշեռքի նժարով չափելու լինենք, կտեսնենք, թե նրանք այնքանով են միայն իրենցից հեռացնում տրտմությունը, որքանով որ աճեցնում են հեշտասիրությունը:
Սակայն ինձ այնպես է թվում, որ կարելի է մարդուն, որպես «օգնություն», գինի մատուցել, բայց, իհարկե, ո՛չ այնքան, մինչև որ նրա մտքի խորհուրդները խամրեն այդ անապակ գինու պատճառով, քանի որ այդժամ ո՛չ տրտմությունը կանցնի, ո՛չ էլ անձի արբեցության մոլուցքը: Ուստի եթե մարդու տրտմության «բժիշկը» նրա միտքը լինի, ապա երբևէ այդ բժիշկը թույլ չի տա, որ արբեցության չարիքը պատի մարդու հոգին:
Թո՛ղ որ ձեզնից յուրաքանչյուրն ընդունի իմ ասած այս խոսքերը և այդժամ ամենքն էլ իրենց մեջ ուժ կգտնեն առաքելական պատվիրանադրությունը կատարելու և դրա օգտակարությունը քաղելու համար՝ գիտենալով, թե ինչպես է կարելի, առաքյալի ճշմարիտ խոսքին ականջալուր լինելով, մշտապես ուրախ լինել, անդադար աղոթել և ամեն ինչում գոհություն հայտնել: Այդկերպ վարվելով՝ դու կկարողանաս մխիթարել տրտմածներին, քանի որ այդպիսով վշտակից կլինես ամենքին՝ զորացած Սուրբ Հոգու օգնականությամբ և բնակվելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի մեջ, որին փա՜ռք հավիտյանս: Ամեն:
Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս․ Էջմիածին, 2008թ․,
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում