Անձրևի դեմքը
Նմանատիպ
Այսօր անձրևի դեմքը ես տեսա,
Անձրևը դեմքը դեռ չէր լվացել,
Ո՜չ, սա անձրև չէ, լոկ պատրանք է սա,
Նա կհեռանա բոլոր նրանց հետ,
Որ շտապում են վաղ առավոտյան,
Լուռ ամենօրյա հոգսի հետքերով,
Ու մեկնվել են փողոցներն օտար՝
Իրենք իրենց մեջ անվերջ դեգերող։
Անձրևն է արդեն հոգնել երկնքից,
Ու թողություն է անձրևն անրջում,
Մարդիկ քայլում են կրկին ու կրկին,
Անձրևը նրանց հետքերն է ջնջում։
Ես դեգերելուց հոգնել եմ արդեն,
Ես թափառել եմ մի ամբողջ գիշեր,
Ու չեմ ուզում իմ հոգսը կարկատել
Կամ երազներս մեկ առ մեկ հիշել։
Իմ հին կարոտն է ինձ իր հետ տանում,
Ուզում եմ մեկնել քո միջով քեզ հետ,
Զարթնող գիշերվա աչքերում տամուկ
Անձրևի դեմքն եմ ես տենչում տեսնել…
Որ թեթևություն իջնի խոհերիս,
Որ թեթևացած բառերը շնչեն,
Անձրևի հանգույն երգեն տողերն իմ,
Անգամ նրանք, որ երբեք չեն հնչել,
Ի՞նչ լուր բերեցիր ինձ, օտար անձրև,
Որ շիթերիդ մեջ առավոտն առար,
Տարիներ կանցնեն, մենք էլ՝ նրանց հետ
Քո դեմքը երբեք ես չեմ մոռանա…
Հրաչյա Թամրազյան
25.03.2016
Հետևեք մեզ նաև Telegram-ում