«Սառցե սիրտը» ամանորյա տրամադրություն պարգևեց պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաներին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Դեկտեմբերի 24-27-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-համերգների շարքը ամանորյա գեղեցիկ տրամադրություն պարգևեց արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաներին։
Մուլտֆիլմի ցուցադրությունը բոլոր չորս օրերին ընթացել է լեփ-լեցուն դահլիճներում‚ երեխաները մեծ էկրանին ուշադիր ու հետաքրքրությամբ հետևում էին հայտնի հեքիաթին։ Եվ ոչ միայն հետևում էին հեքիաթի էկրանավորմանը‚ այլև ունկնդրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին‚ որը զուգահեռ ներկայացնում էր մուլտֆիլմի երաժշտական հատվածները։
Մինչ մուլտֆիլմի ցուցադրության մեկնարկը Մարզահամերգային համալիրի նախասրահում կազմակերպվել էին ամանորյա խաղեր‚ Ձմեռ պապը նվերներ էր պատրաստել երեխաների համար։
Անակնկալ էր պատրաստել նաև Արփի Մաղաքյանը։ Նա երեխաներին էր նվիրում իր «Երևանյան հեքիաթներ» գիրքը. կախարդական գրքում կա ութ հեքիաթ Երևանի մասին։ Հեքիաթների հիմքում իրական պատմություններ են։ Ընթերցողը ոչ միայն հեքիաթային աշխարհ է ընկնում, այլև ծանոթանում Երևան քաղաքի պատմությանը։ Նկարազարդ և ուսուցանող գիրքը նախատեսված է 4-100 տարեկան երեխաների համար, ովքեր հավատում են հրաշքների, սիրում և ապրեցնում են հայրենիքը։ Հեքիաթների ժողովածուն երեխաներին է նվիրվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Կոլորադոյի հայկական դպրոցի աջակցությամբ։
Բարեգործական համերգները կյանքի էին կոչել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը‚ Sure. օնլայն հարթակը, «Гармония детства» բարեգործական հիմնադրամը‚ Zapomni ընկերությունների խումբը և Mastercard միջազգային վճարման համակարգը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաղորդագրություն
Հետևեք մեզ նաև Telegram-ում