«Ռադիո Վանն» անվճար երթուղի կբացի Նոր Նորքից Կենտրոն
Նմանատիպ
Երևանում տրանսպորտային միջոցների ուղեվարձի թանկացման դեմ տարբեր անհատներ ու խմբեր պայքարում են սեփական միջոցներով: «Ռադիո Վան» հայկական ռադիոկայանը հուլիսի 24-ից անվճար Նոր Նորքից Տաշիր առևտրի կենտրոն կտեղափոխի ուղևորներին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ռադիո Վան»-ի հիմնադիր տնօրեն Շուշանիկ Արևշատյանից, ով նշեց, որ նրանք միացել են տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներին: «Մենք որոշեցինք ամեն ինչ անել օրինական դաշտում’ բոլոր վճարումներով, հարկերով, որպեսզի խուսափենք խնդիրներից: Վարձել ենք պայմանագրով մեկ մեքենա, որը կտեղափոխի 15 հոգի և ընտրել ենք ամենաթոփ երթուղին’ Մասիվից դեպի նախկին կինոթատրոն «Ռոսիա»»,-ասաց «Ռադիո Վան»-ի տնօրենը:
Առավոտյան ժամը 09:00-ից երթուղին սկիզբ կառնի Գայի արձանի մոտից, կանցնի Աբովյան պուրակով, Խանջյան փողոցով’ հասնելով մինչև «Տաշիր» առևտրի կենտրոն: Երեկոյան աշխատանքից տուն վերադարձողներին այն նորից տեղ կհացնի ժամը 18.00-ից: Շուշանիկ Արևշատյանի խոսքերով’ ակցիան փորձնական է, այն կգո? ?ծի’ 10 օր և եթե չլինեն խոչընդոտներ, հնարավոր է ունենա շարունակություն: «Ամբողջ ընթացքում երթուղայինում կհնչի «Ռադիո Վան», կլինեն ուղիղ եթերներ, կապ կհաստատվի երթուղայինի ուղևորների հետ, ովքեր կարտահայտեն իրենց մտքերը»,-տեղեկացրեց նա: Երթուղայինը կունենա «Ռադիո Վան. անվճար երթուղի» անվանումը:
Երեւանում ներքաղաքային երթուղային միկրոավտոբուսների ու ավտոբուսների ուղեվարձը հուլիսի 20-ից թանկացել է 50 տոկոսով՝ դառնալով 150դրամ, իսկ տրոլեյբուսներինը 100 տոկոսով՝ 50-ից դառնալով 100 դրամ: Անփոփոխ է մնացել միայն մետրոյի ուղեվարձը: Երեւանում բողոքի ակցիաներ ու ցույցեր են անցկացվում: Մասնակիցները պահանջում են վերականգնել հին սակագինը: Որոշ անհատներ, այդ թվում’ հայտնի մարդիկ, դերասաններ, երգիչներ, իրենց մեքենաներով անվճար տեղափոխում են քաղաքացիներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում