Երեւանի ոստիկանապետը պարզաբանումներ ներկայացրեց բաժին տարված ակտիվիստների վերաբերյալ
Նմանատիպ
Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը պարզաբանումներ ներկայացրեց մայրաքաղաքային տրանսպորտի թանկացման դեմ ակցիայի որոշ մասնակիցներին բաժին տանելու հարցի առնչությամբ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երեւանի ոստիկանապետը դուրս եկավ հանդիպելու Ոստիկանության կենտրոնական բաժնի շենքի մոտակայքում հավաքված քաղաքացիներին, ովքեր պահանջում են ազատել ցույցերի ժամանակ բաժին տարված 6 անձանց: «Երեկ տեղի է ու նեցել միջադեպ, այսօր քրեական օրենսգրքի 316 հոդվածով գործ է հարուցվել՝ ոստիկանության աշխատակցին դիմադրության ցույց տալու եւ ոստիկանի օրինական գործողություններին խոչընդոտելու մեղադրանքով, որը կատարող անձինք անհայտ են: Միեւնույն ժամանակ, զուգահեռաբար, տեղի է ունեցել այլ հանցագործություն՝ գույքի դիտավորյալ վնասելը, որով դեռեւս քրեական գործ հարուցված չէ»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ այդ հանցանքը կատարողների անձը եւս անհայտ է:
Ոստիկանապետը պարզաբանեց, որ վնասված գույքը ոստիկանական մեքենա է: Կարապետյանը նշեց, որ ներկայում քննչական գործողություններ են ընթանում եւ բաժին տարված անձինք որպես վկա ցուցմունք են տալիս:
«Որքան հնարավոր է, քննչական գործողություններն արագացրեք եւ անմեղներին թողեք գնան իրենց գործով զբաղվեն»,- հեռախոսով այնուհետեւ համապատասխան մարմիններին ցուցում տվեց Երեւանի ոստիկանապետը:
Քիչ առաջ ոստիկանության բաժնից ազատվեց Մաքսիմ Սարգսյանը, ով նշեց, որ բաժնում արձանագրություն է կազմվել, ինքը հրաժարվել է ցուցմունք տալուց: Նա ասաց, որ բերման են ենթարկել որպես կասկածյալ: Բերման ենթարկվածներից ազատ արձակվեց նաեւ Վահե Մելքոնյանը:
Երեւանը սպասարկող երթուղային տաքսիների ու ավտոբուսների սակագինը հուլիսի 20-ից թանկացավ 50 տոկոսով՝ դառնալով 150 դրամ, իսկ տրոլեյբուսներինը՝ 50-ից դարձավ 100 դրամ: Անփոփոխ է մնացել միայն մետրոյի սակագինը: Երեւանում բողոքի ցույցեր եւ ակցիաներ են անցկացվում, որի մասնակիցները պահանջում են վերականգնել տրանսպորտի նախկին սակագինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում