Եթե «Զինուժ»-ը բանակի հետ որևէ աղերս «չունի», ապա Մութաֆյանը «Զինուժ»-ի հետ հաստատ ինչ-որ աղերս ունի. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանի կողմից ֆեյսբուքյան իր էջում «Զինուժ» հեռուստածրագրի վերաբերյալ արված գրառմանը:  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Լիովին հասկանալի և ողջունելի է, երբ մտավորական անձնավորությունը հանրությանն իր առողջ, սրտացավ ու հիմնավորված նկատառումներն է ներկայացնում երկրում առկա հասարակական որևէ խնդրի կամ երևույթի վերաբերյալ: Դա, ինչ խոսք, իսկական մտավորականի, իսկական քաղաքացու կեցվածք է: Սակայն, ինչպես բնորոշել մտավորական համարվող անձնավորության այն «նկատառումները», որոնք սնվում են ոչ թե իրականությունից, ոչ թե քաղաքացու սրտացավ վերաբերմունքից, այլ մերժված մարդու ունեցած չարությունից, մանրախնդրությունից… Կարծում ենք’ այդ «նկատառումներն&raquo ; անգամ որպես հերյուրանք կոչելն ուղղակի շատ մեղմ է:

Այսպես’ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանը վերջին շրջանում թիրախ է դարձրել ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագիրը: Հուլիսի 21-ին էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարելով հերթական «գրառումը»’ պարոն Մութաֆյանը «որպես ռեժիսոր, որպես հեռուստաօպերատոր, որպես լրագրող և որպես գիտատեխնիկական առաջընթացի մասնագետ» պարզապես «քարը քարի վրա չի թողել»’ համոզմունք հայտնելով, որ «Զինուժ» հեռուստածրագիրը «որևէ աղերս չունի մեր բանակի, նրա կարևոր ձեռքբերումների, զինվորական առօրյայի հետ»:

Ուղղակի անիմաստ համարելով «մտավորականի» թվարկած անհեթեթ «նկատառումներին» մեկ առ մեկ անդրադառնալը’ այնուամենայնիվ մատնանշենք մի քանի իրողություն: «Զինուժ» հեռուստածրագրի ոչ միայն մյուս, այլև հենց այն թողարկումը, որը դիտել է պարոն Մութաֆյանը (խոսքը 2013թ. հուլիսի 20-ի թողարկման մասին է), լիովին հերքում է նրա իսկ գրառման վերնագիրը’ ««Զինուժ» հաղորդումը որևէ աղերս չունի մեր բանակի, նրա կարևոր ձեռքբերումների, զինվորական առօրյայի հետ»:

Մյուս կողմից արձանագրելով, որ վերջին շրջանում մեր բանակում լուրջ տեղաշարժեր ու նորացումներ են եղել, պարոն Մութաֆյանն ուղղակի չի գիտակցում, որ «Զինուժ» հեռուստածրագրի անձնակազմն էլ հենց այդ’ տարածաշրջանում ամենամարտունակ բանակի մի մասնիկն է: Միայն նշենք, որ հեռուստածրագրի նկարահանող խմբերը յուրաքանչյուր շաբաթ հարյուրավոր կիլոմետրեր են կտրում’ հասնելով ՀՀ ԶՈՒ ամենահեռավոր զորամասերն ու հայ-ադրբեջանական սահմանագոտու բարձունքներին և հարթավայրերում տեղակայված մարտական հենակետերը’ արտացոլելով մեր սպայի ու զինվորի, այսինքն’ երկ րի ու ժողովրդի անվտանգության ապահովման գործընթացում մեր բանակի մեծագույն դերն ու նշանակությունը:

Ինչ վերաբերում է պարոն Մութաֆյանի այն «նկատառմանը», թե «Զինուժ»-ը չի իրականացնում ռազմահայրենասիրական քարոզչական խնդիրներ, ապա նրան խորհուրդ կտայինք ոչ թե ժամանակ առ ժամանակ դիտել հեռուստածրագրի թողարկումները, այլ պարբերաբար: Ի դեպ, պարոն Մութաֆյանին տեղեկացնենք, որ վերջին տարիներին «Զինուժ» հեռուստածրագիրը ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում ճանաչվել է որպես լավագույն հեռուստածրագիր:

Այն, թե «Զինուժ» հեռուստածրագիրն ինչ աղերսներ ունի «մեր բանակի, նրա կարևոր ձեռքբերումների, զինվորական առօրյայի հետ», թողնենք հազարավոր հեռուստադիտողների դատին: Հեռուստադիտողներ, որոնց անշուշտ նաև կհետաքրքրի, թե պարոն Մութաֆյանն ինչ աղերս ունի «Զինուժ» հեռուստածրագրի հետ: Բանն այն է, որ ՀՀ վաստակավոր արտիստը 2013թ. մայիսին նամակով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին’ խնդրելով, որ իր որդին’ Նարեկ Լևոնի Մութաֆյանը, ով ավարտել է ԵԹԿՊԻ-ի վավերագրական կինոյի բաժինը, որպես լրագրող իր պարտադիր ժամկետային զին ծառայությունն անցկացնի ՊՆ ՏՀԿՎ «Զինուժ» հեռուստածրագրում: Զինակոչիկը, բնականաբար, հրավիրվել է ՊՆ ՏՀԿ վարչություն, որտեղ կատարել է գործնական հանձնարարություն’ գրելով ոչ թե լրագրողական տեքստ, այլ միջին դասարանի աշակերտի շարադրություն: Ըստ այսմ’ հետաքրքիր է, թե ՀՀ պաշտպանության նախարարին սրտաճմլիկ նամակ գրելիս ինչ էր մտածում պարոն Մութաֆյանը, երբ իր որդին լրագրողական կրթություն կամ լրագրողի աշխատանքային փորձ չուներ: Միթե այդ ժամանակ նա չէր մտածում (կամ թերևս «Զինուժ» հեռուստածրագրի հերթական թողարկումը չէր դիտել), որ 21-րդ դար ի ժուռնալիստիկայի ասպարեզում «փայլատակող» իր որդուն ցանկանում էր ուղարկել այն կառույց, որտեղ «լրագրողները չեն անցնում բանվորագյուղացիական հետաքրքրությունների սահմաններից»:

Հետաքրքիր է նաև, որ եթե նրա որդին տիրապետեր ժուռնալիստիկայի հիմունքներին և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչվեր «Զինուժ» հեռուստածրագիր, ապա այդ պարագայում պարոն Մութաֆյանը ինչպես կգնահատեր հեռուստածրագրի ռեժիսուրան, օպերատորների և լրագրողների աշխատանքը: Համոզված ենք’ պարոն Մութաֆյանի գնահատականներն այդ դեպքում բոլորովին այլ կլինեին…

Քավ լիցի, «Զինուժ» հեռուստածրագրի անձնակազմը պարոն Մութաֆյանի գովասանքների կարիքը չունի: Հանրությունն ինքն է առավել հստակ ու ճշգրիտ գնահատում «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումները, և պարոն Մութաֆյանը կարող է նեղություն չկրել իր տարտամ «հերյուրանք-նկատառումներով» հասարակությանը շեղելու համար:

Ըստ այսմ’ թերևս պարզ է, թե որտեղից են սնվում պարոն Մութաֆյանի մանրախնդիր «հերյուրանք-նկատառումները»»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում