Ազգային գրադարանը նոր շարքով կանդրադառնա աշխարհի հայտնի և անհայտ գրադարաններին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող գրադարանների նկատմամբ հանրության հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Հայաստանի ազգային գրադարանը նոր շարք է նախաձեռնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրադարանն առցանց հարթակում պարբերաբար տեղեկություններ է ներկայացնելու ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ գրադարանների մասին:
Շարքը սկսվել է ԱՄՆ խոշոր գրադարաններից մեկի՝ Կանզասի հանրային գրադարանի մասին հաղորդմամբ:
Գրադարանի շենքի առանձնահատկություններից մեկը «Հանրային գրադարակն» է, որը մի վիթխարի պատ է՝ բաղկացած մի շարք հայտնի գրքերի կռնակներից: Պատը ձևավորվել է ընթերցողների առաջարկած գրքերի հիման վրա:
Կանզասցիների սիրելի գրքերի ցանկում են Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը, Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածները», Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը», Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը…», Ռալֆ Էլիսոնի «Անտեսանելի մարդը», Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը», Լաո Ցզիի, Դիքենսի գործերը և այլն: Գրադարանի յուրօրինակ շենքը զբաղեցնում է մի ամբողջ թաղամաս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում