Լեոնարդո դա Վինչիի Կիլիկիա կատարած առեղծվածային ճանապարհորդությունը
Նմանատիպ
Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ Լեոնարդո դա Վինչին իր գոյությամբ, գյուտերով և ստեղծագործությամբ համարվում է մարդկության պատմության ամենաբացառիկ մարդկանցից մեկը։ Բազմակողմանի զարգացած հանճարն արվեստից զատ իր մեծ ներդրումն ունեցավ նաև գիտության զարգացման գործում։ Թերևս նրան են վերագրվում մի շարք այնպիսի մեծ գյուտեր, ինչպիսիք են ուղղաթիռի, օդապարիկի և տանկի գյուտերը։
Պետք է ընդգծել, որ այս ամենի հետ մեկտեղ՝ Լեոնարդոն սիրում էր նաև ճանապարհորդել, կատարել ուսումնասիրություններ։ Լեոնարդոյի մի շարք ճանապարհորդությունների մասին մենք տեղեկանում ենք նրա նամակներից և մի շարք այլ գրառումներից։ Մասնավորապես, Լեոնարդոյի համար բացառիկ էր դեպի Մերձավոր Արևելք ճանապարհորդությունը։ Թերևս, մի շարք գիտնականներ մինչ օրս նշում են, որ Մերձավոր Արևելքի մասին պահպանված Լեոնարդոյի գրությունները հանճարի վառ երևակայության արդյունքն են, սակայն շատերն էլ այդ գրությունները համարում են իրականություն և ընդգծում, որ Լեոնարդոն իրականում ճանապարհորդել է բոլոր այն վայրերում, որոնք նա ներկայացնում է։ Այս ամենն ավելի իրական է դառնում այն ժամանակ, երբ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Լեոնարդոյի կենսագրության այս թվականները` 1479-1480-ականները, դատարկ են։
Այս թվականների մասին գրեթե ոչինչ չի խոսվում։ Եվ ընդունված է երբեմն նշել, որ հենց այս շրջանում է տեղի ունեցել Լեոնարդոյի ճանապարհորդությունը դեպի Մերձավոր Արևելք։ Լեոնարդոյի նամակների ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ վերոնշյալ թվականներին Լեոնարդոն Եգիպտոսի սուլթան Քայիթ բեյ Բաբելոնացու ճարտարագետն էր։ Քայիթ բեյի նախարար Դիոդորոս Ասորուն հասցեագրված նամակներից տեղեկանում ենք, որ Լեոնարդոն եղել է Կիլիկիայի Կալադրոն քաղաքում.
«Վերագտնելով ինձ Հայաստանի այս մասերում, որոնք ինձ հարազատ են թվում, մտա մեր սահմանների մոտ գտնվող Կալինդրա (Հավանաբար խոսքը վերաբերում է Կիլիկիայի Կալադրոն քաղաքին) քաղաքը սկսելու և սիրով ու հոգածությամբ իրականացնելու այն աշխատանքը, որի համար ինձ ուղարկեցիր։ Այդ քաղաքը գտնվում է Եփրատով բաժանված Տավրոս լեռան եզերքին, և Արևմուտքից երևում են Տավրոս մեծ լեռան գագաթները»։ (Հատվածը վերցված է Ալարեմո Հերմետ Պաոլա Կոնի Ռատտի Դի Դեզիոյի «Հայերի Վենետիկը» գրքից։ Երևան, 2000 թ., էջ 127։ Թարգմանությունը` Սոնա Հարությունյանի)։
Նամակում հանճարեղ Լեոնարդոն հստակ ընդգծում է այն վայրը, որտեղ այցելել է, և այս գրության հետ պետք է հաշվի նստել, քանի որ նրանում հստակ կա Հայաստան անունը։ Լեդոնարդոն հետաքրքիր նկարագրությամբ ու մեծ հիացմունքով է տալիս Կիլիկիայում ձգվող Տավրոսի լեռների նկարագրությունը.
«Տիեզերքում չկա երկրագնդի մի մաս, որ ավելի բարձր լինի, քան իր գագաթը և միշտ արևածագից չորս ժամ առաջ արևի ճառագայթներով լուսավորվում է Արևելքից։ Եվ որովհետև այդ գագաթը բոլորովին ձյունաճերմակ է, փայլում է ուժգին` կատարելով հայերի համար այն դերը, ինչը որ լուսնի գեղեցիկ լույսը խավարի մեջ։ Այս գագաթը, մինչ լուսավորվում է վերջալույսի արեգակի շողերով, տեսանելի է Արևմուտքի մեծ մասից մինչև գիշերվա երրորդ մասը և հանդարտ եղանակներին կարծես թե մի գիսավոր աստղ լինի»։ (Նույն տեղում` էջ 129):
Ամենաառեղծվածային ու խորհրդավոր նամակներից է Դիոդորոսին ուղղված Լեոնարդոյի մեկ այլ նամակ, որտեղ հանճարեղ գիտնականը նկարագրում է, թե ինչպե՞ս է բնությունը սաստկանում։ Կարելի է ենթադրել, որ սա կամ իրականության նկարագրություն է, կամ էլ Տավրոսի լեռները տեսնելուց հետո Լեոնարդոյի պատկերացումների արտահայտությունները, որոնք կապված են համաշխարհային ջրհեղեղի, Նոյ նահապետի և Արարատ լեռան հետ.
«Սկզբում հանկարծակիի եկանք` ընդհարվելով քամու սաստկությանն ու մոլեգնությանը. Այս ամբողջին ավելացան ավերակները մեծ ձնասարերի, որոնք ծածկեցին բոլոր ձորերը և տարածվեցին մեր քաղաքի մեծ մասում. և չբավարարվելով այսքանով` բնությունը ջրհեղեղով ողողեց քաղաքի ողջ ցածր մասը, ապա անմիջապես սկսվեց անձրև, ավելի ճիշտ` ավազացեխաքարախառն ավերիչ փոթորիկ, որն օդի մեջ պտտվելով տարբեր բույսերի արմատներն ու փշոտ ճյուղերը թափում էր մեզ վրա»։ (Նույն տեղում` էջ 130):
Այս նամակներն ուսումնասիրելուց հետո շատ գիտնականներ և արվեստաբաններ փորձեցին Լեոնարդոյի կտավներում գտնել Հայկական բնապատկերներ։ Պետք է ընդգծել, որ մի շարք կտավներում դրանք կարելի է տեսնել, սակայն մյուս կողմից՝ դա կարելի է կապել նաև ուղղակի զուգադիպության հետ։ Թերևս, Լեոնարդոյի Հայաստանյան ճանապարհորդությունները մինչ օրս առեղծվածային են։
Մի կողմից՝ գիտնականները ներկայացնում են նամակները, իսկ մյուս կողմից՝ դրանք ներկայացվում են ուղղակի հանճարի երևակայության արդյունք։ Կա նաև տեսակետ, որ դրանք Կիլիկիայից եկած ճանապարհորդների պատմություններից առաջացած տպավորությունների արդյունքն են։ Պետք է ընդգծել, որ Լեոնարդո դա Վինչիի կենսագրության այս էջը ևս այնքան առեղծվածային է, որքան Լեոնարդոյի կերպարը։
Զ. Շուշեցի
Աղբյուր՝ 168.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում