Ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ միշտ պետք է լինենք զինված և միշտ պատրաստ պատերազմի

Ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ միշտ պետք է լինենք զինված և միշտ պատրաստ պատերազմի

Հայաստանն, իր աշխարհագրական դիրքով պայմանավորված, այնպիսի մի խաչմերուկում է, որը միշտ աշխարհաքաղաքական պրոցեսների թատերաբեմ է լինելու։

Ռուս-պարսկական, իսկ հետագայում՝ նաև ռուս-թուրքական պատերազմներից հետո, տարածաշրջանում առանցքային խաղացող է Ռուսաստանը։ Ռուսական ազդեցության թուլացումը ուղիղ կերպով ենթադրում է Թուրքիայի ազդեցության աճ։ Թուրքիան ներկայացված է և խաղում է թուրանական հաղթաթղթով։ Միևնույն ժամանակ Արևմուտքը տարածաշրջանում և՛ս ներկայացված է Թուրքիայով (NATO-ի ռազմաբազաները Թուրքիայում են), իսկ Իրանն ընդհանուր առմամբ Արևմուտքի թիրախում է։ Հետսովետական բոլոր երկրները, որոնք փորձել են թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը, ավտոմատ կերպով հայտնվել են թուրքական ազդեցության գոտում։ Վառ ապացույցը՝ Վրաստանը, Ուկրաինան…

Հայաստանը, հանդիսանալով կապող օղակ Իրանի և Ռուսաստանի միջև (և ոչ միայն), ինքնաբերաբար հայտնվել է Ռուսաստանի համար առանցքային կարևոր դերում։ Միայն այն հանգամանքը, որ Հայ-Իրանական և Հայ-թուրքական սահմաններին ռուսական սահմանապահներն էին(են) կանգնած, արդեն բավական է, որ ցանկացած մտածող մարդ հասկանա, որ հենց այնպես Ռուսաստանն այս տարածաշրջանը չի զիջի՝ նույնիսկ, եթե այստեղ շատ ուզենան դա։ Իսկ որ այստեղ դա ցանկացողներ կան և կային, ակնհայտ փաստ է։

Պրոարևմտյան խաղեր տվող իշխանությունն ուղիղ կերպով հարվածել է մեր անվտանգությանը հենց այս կետում։

Դեռևս 100 տարի առաջ էլ կար այդ դիսկուսը։ Հայ ինտելիգենցիայի մի հատված գտնում էր, որ մենք պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ և մեզ համարենք Օսմանյան կայսրության ժառանգորդ, մաս։ Այս թեզը այնքան էին զարգացրել, որ ոմանք նույնիսկ Ցեղասպանության պատճառ բերում էին Հայության այն հատվածին, որը փորձում էր հարաբերություններ կառուցելով Ռուսաստանի հետ, ռազմական ուժով ազատագրել Արևմտյան Հայաստանը, հասցրել էին անգամ մեղադրել ֆիդայականությանը՝ թուրքերի կողմից հայերի կոտորածները հրահրելու մեջ։ (Երկար բարակ հիմա չգրեմ այս մասին, առանձին նյութով մի օր կանդրադառնամ, չնայած պատմությանը քիչ թե շատ ծանոթ գրեթե բոլորն էլ տեղյակ են): Այս թեզը իր հետևորդներն էր գտել և դրանք կան ցայսօր։

Հայաստանի ինտելիգենցիայի և իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակներում (այդ թվում՝ սովետական, օրինակ Իշխանյանը), պաշտպանում էին այդ վարկածը, որ պետք է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը կնվազեցնի Թուրքիայից եկող սպառնալիքը։ Որպես կանոն, բոլոր այդ ուժերը հակառուսական հայացքներով էին։

Ռուսական գործոնը Հայաստանում արդարացվում է անվտանգությամբ։ Ավելի պարզ։ Հայաստանին սպառնացող հիմնական վտանգը պայմանավորված է(էր) Թուրքիայով և Ադրբեջանով։ Ադրբեջանի հետ կապված դա ձևակերպված է Արցախյան խնդրով, իսկ Թուրքիայի հետ կապված՝ Ցեղասպանության գործոնով և Արևմտյան Հայաստանի կորստով, կամ, ավելի ճիշտ, դրա վերականգնման Հայ ազգի արդար իրավական պահանջով։

Հետևաբար հակառուսական շերտի հիմնական քաղաքականությունը կառուցվում էր(է) Արցախի հարցը փակելով, և Թուրքիայի նկատմամբ պարտք ու պահանջից հրաժարվելով:
Այդ ձևաչափում է տեղավորվում Լևոն Տէր-Պետրոսյանի՝ «մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է» հայտնի ձևակերպումը, նրան հաջորդողներից՝ Հայ-թուրքական արձանագրությունների հայտնի նախագիծը, եւ այժմ էլ՝ նիկոլականների (սորոսականների և այլն) թեզերը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու և առևտուր անելու անզուսպ փափագը…

Ինչ խոսք, բոլոր այս մարդկանց արժի հիշեցնել Վարդան Այգեկցու հայտնի առակը՝ գայլերի և ոչխարների մասին։ Սրանք, թերևս մոռացել են, որ անգամ Ցեղասպանությունից և մեր Հայրենիքի 8/9-ի կորստից հետո, իսլամ ընդունած, կրոնափոխ մեր հայրենակիցներին շարունակում էին մորթել նույնիսկ 1930-ին, վերացնելով ամբողջական գյուղեր։ Հետևաբար, ենթադրել, որ եթե դու ամբողջովին հրաժարվես ինքնապաշտպանությունից, թուրքերի նկատմամբ արդարացի պարտք ու պահանջից և ակնկալես, որ քեզ կխնայի՝ նշանակում է առնվազն լինել ոչխար, որը կարծում է, թե լավ ու լսող ոչխարին գայլը չի հոշոտի…

Սա դեռ մի կողմ, ինչպես խոստացա, մի օր ավելի մանրամասն կանդրադառնամ այս հարցին։

Ինչ վերաբերում է մյուս թևին։

Մյուս թևը, մեր անվտանգությունը պայմանավորում է Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններով, ընդհուպ, մինչև իսկ նրա կազմում անվտանգության հստակ երաշխիքներ ունենալով գոյատևմանը։

Այս թևը ևս նոր չէ։ Առնվազն 1700-ականներից, ցայսօր կան նաև այդ տեսլականի կրողներ։

Ինչ խոսք, տեսականորեն կարելի է ընկալել նաև այս կողմին, բայց կան առանցքային խնդիրներ այս տարբերակում ևս։

Մասնավորապես, Ռուսաստանի նկատմամբ ցանկացած սանկցիա և ճնշում ուղիղ կերպով անդրադառնում է նաև մեր վրա, չես ունենում ռեսուրսների տնօրինման բացարձակ ազատություն, եւ վերջապես, ամենակարևորը՝ Ռուսաստանում ցանկացած ցնցում, որը բերում է կենտրոնական կառավարման կորստի, ուղիղ կերպով ենթադրում է անվտանգության նվազում՝ թուրքական հստակ սպառնալիքով։

Մի խոսքով, ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ միշտ պետք է լինենք զինված և միշտ պատրաստ պատերազմի՝ ցանկացած պարագայում, ցանկացած սցենարով։ Սա է մեր ճակատագիրը։

Հիմա, նույնիսկ եթե այստեղ իշխանության լինի պրոթուրքական կամ թուրքերի հետ բարեկամանալ ցանկացող ուժը (ինչպես այժմ), կամ ինչ-որ ձևով այդ ուժին հաջողվի համոզել հանրությանը, որ թուրքի հետ լեզու գտնելով կնվազի նրանց կողմից մեզ սպառնացող վտանգը, և այդպիսով կհաջողվի թուլացնել ռուսական ազդեցությունը, ապա ստիպված եմ հիասթափեցնել նաև այդ երազով տառապող հիմարներին։ 

Որևէ դեպքում Ռուսաստանը թույլ չի տա այստեղ իր շահերի անդառնալի կորուստ։

Ավելի պարզ ասեմ. հարկ եղած դեպքում, հենց ինքն էլ կստեղծի ուղիղ ֆիզիկական սպառնալիք Հայության համար՝ մշտապես ակտուալ պահելով անվտանգության խնդիրը։

Հետևաբար, Ռուսաստանի հետ ռազմավարական և հատկապես անվտանգության առումով հարաբերություններն ամրապնդելու կողմնակիցներն, ըստ էության, ավելի պրագմատիկ են։

Հայկական մտավորականության մի զգալի մաս էլ, որոնք ազգային պետության կողմնակիցներն էին, ռեալ գնահատելով առկա ռեսուրսները, կոչ էին(են) անում, առանց առաջին քայլն անելու չանել երկրորդը։ Նախ լուծել անվտանգության հարցը, անվտանգ զարգանալու հեռանկար ապահովելով, բռնել ազգային ուղին և կառուցել ապագայի Անկախ և Հայկական Հայաստանը։ Ոմանք, երևի կարդացել են Կոմիտասի նամակը Արշակ Չոպանյանին (մի քանի շաբաթ առաջ աշխատում էի մի նյութի վրա, որը կիսատ թողեցի, թերևս մոտ ժամանակներում կամփոփեմ այն, որտեղ արտացոլված են բոլոր այս հարցերը):

Մենք այժմ էլ կարիք ունենք ռեալ գնահատելու ռեսուրսները, մոտ 100 միլիոն թուրքով և թշնամով շրջապատված 3 միլիոնանոց Հայաստանի և Հայ Ազգի անվտանգությունը կազմակերպելու հարցում։

Այս մի փոքր նախնական ծանոթությունից հետո, վերադառնանք «մեր ոչխարներին»:

Համադրելով նիկոլական կառավարության և նրա լևոնա-սորոսական թիմի մի շարք մտքեր, որոնք վերաբերում են թուրքերի և թշնամիների հետ հարաբերություններ հաստատելուն, ստացվում է, որ նրանք ակտիվ ջատագովն են առաջին թեզի, որն ամփոփվում է ԼՏՊ-ի ձևակերպած՝ «մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է» բանաձևում։ Այլ կերպ, նրանք ակնկալում են, որ տալով թուրքին այն ամենը ինչ նա ուզում է, այլևս չի լինի սպառնալիք, և հնարավոր կլինի զարգանալ այս մի կտոր մնացած Հայաստանում։ Նրանք (եւ նրանց հետ համակարծիք ստվերային խաղացողները) հենց այդ նպատակով Արցախը թշնամուն հանձնելուց հետո, ակտիվ կերպով անցել են թուրքերի հետ հարաբերություններ կառուցելու գաղափարների արմատավորմանը ժողովրդի իմպոտենտ հատվածի շրջանում։

Ժողովրդի այն շերտը, որն իրեն անընդունակ է համարում, հեշտությամբ պատրաստ է ընդունել այդ թեզը, քանի որ դա, ըստ նրանց կարճ խելքի, պիտի ազատի իրենց հետագայում էլի՛ կռվելու պատասխանատվությունից և դրանով պայմանավորված ռիսկերից։ Ինչպես վերևում արդեն նշեցի, դա ուտոպիա է, ինքնախաբեություն, հիմարություն։

Նախ թուրքը երբեք կանգ չի առնի իր ծրագրերում, եթե նրան չկանգնեցնեն ուժով, երկրորդ, Ռուսաստանը երբեք թույլ չի տա տարածաշրջանում իր շահերի հաշվին առևտուր։ Ճիշտ հակառակը՝ ինքն է պատրաստ առևտուր անելու մեր (եւ ոչ միայն) հաշվին՝ ի շահ իրեն, ինչի օրինակներ ունեցել ենք թե 100 տարի առաջ, և թե ավելի մոտ անցյալում…

Ուստի, խաղալ գերտերությունների հետ «մուկ ու կատու», հույս ունենալով, որ կկարողանաս մոլորեցնել նրանց, այն դեպքում, երբ որևէ լուրջ ռեսուրս չունես դիմակայելու անգամ փոքր ներքին ցնցումներին՝ ասած Ռուսիո ղեկավարի՝ ինքնասպանություն է… Դա նույնիսկ չհաջողվեց Շախմատիստ(ներ)ին, եւ մենք տեսակ այդ պարտիայի ավերիչ հետևանքները…

Հետևաբար, ստացվում է, որ այժմ ունենք մի իրավիճակ, երբ ռուսական շահերը մեր տարածաշրջանում այս պահին ավելի պրոհայկական են, քան Հայաստանյան (ոչ թե Հայկական) իշխանության գործողությունները և ծրագրերը՝ կապված թուրքերի հետ բարեկամության հաստատելուն՝ ի հակադրություն ռուսների…

Առայժմ, մի կողմ դնելով Հայաստանում իշխանություն ներկայացնող ուժի ծագումնաբանությունը՝ դա թողնելով պատմության, ժամանակի և այլ հարթակների քննությանը, փորձենք հասկանալ մի արհեստական առաջացված հակասություն…

Վերը շարադրածն հաշվի առնելով՝ ունենում ենք մի այսպիսի պատկեր։

Կոնկրետ շրջանակներ, որոնք ոչ անհիմն մեղադրում են Նիկոլին և նրա վկաներին, պրոթուրքական ծրագրեր իրականացնելու մեջ և պնդում, որ 11.01.2021-ին նա պատրաստվում է ստորագրել մի թուղթ, որը իր բնույթով հակահայկական է, և այս դեպքում, նաև՝ հակառուսական (ընդհանուր առմամբ՝ պրոթուրքական), միևնույն ժամանակ, շրջանառում են մի թեզ, թե Նիկոլը կորոնավիրուսով վարակված լինելու կեղծ պատրվակով փորձում էր չգնալ Մոսկվա, այդ իսկ պատճառով Ռուսաստանից մասնագետ-բժիշկների հատուկ խումբ է ուղարկվել Երևան՝ հնարավոր մանր մանիպուլյացիաներով խուսանավելը կանխելու համար։ 

Ի՞նչ է ստացվում, ձեր ասածից դուրս է գալիս, որ Նիկոլին Մոսկվայում պետք է ստիպեն ստորագրել հակահայ, հակառուս, պրոթուրքական թուղթ, որն անելուց ինքը փորձում է խուսափե՞լ, և Ռուսաստանից ստիպելո՞վ են տանում։ Չե՞ք նկատում, որ ակնհայտ հակասություն կա ձեր պնդումներում, պարոնայք։ Ես խնդրում եմ, չէ՛, պահանջո՛ւմ եմ՝ հարգե՛ք ձեր ընթերցողներին։ Նրանց մեջ բազմաթիվ մտածող մարդիկ կան, բոլորը չեն զոմբի (այս դեպքում՝ կապ չունի, թե ինչ թևի և գույնի):

Մի պահ մի կողմ թողնենք, Պուտին-Էրդողան հարաբերությունները, և, որ առնվազն երկու անգամ, Ռուսաստանը փրկել է Էրդողանին։ Այդ ամենով հանդերձ՝ առավել քան ակնհայտ է, որ կոնկրետ ուժեր ջանք չեն խնայում ռուս-թուրքական (եւ ոչ միայն) պատերազմ հրահրելու համար։

Միգուցե, ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ, առավել ևս, Ռուսաստանը, դեռ պատրաստ չեն դրան, և այդ իսկ պատճառով երկուստեք խուսափում են այդ սցենարից, բայց առավել քան ակնհայտ է, որ կոնդենսատորի թիթեղների վրա ավելանում է լիցքն ու լարվածությունը, և որ ոչ հեռու ապագայում կլինի պարպում…

Մենք տեսնում ենք, որ սեղմվում է օղակը թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի շուրջ, եւ որ վաղ թե ուշ տարածաշրջանը կընկղմվի դաժան և սարսափելի պատերազմի մեջ, որից մենք ևս անմասն չենք մնա՝ անկախ մեր ցանկության։

Տվյալ դեպքում, «շվեյցարական չեզոքությունն» էլ չի փրկի, քանի որ կռիվը հենց մեր տարածքների, խաչմերուկների, բնական ռեսուրսների և կոմունիկացիաների համար կլինի նաև։ Իսկ մեր կարծիքն, էս դեպքում, հարցնող չի լինի։

Հետևաբար, այս ամենն էլ հաշվի առնելով՝ բնավ չեմ կարծում, թե Ռուսաստանը, պետք է ստիպի Հայաստանին ի վնաս ռուսական շահերի (այս դեպքում նաև հայկական), ինչ-որ թուղթ ստորագրել։ Հակառակ պարագային, նա հենց իր ձեռքով Հայաստանը կմղի թուրքերի գիրքը՝ ընդմիշտ փակելով Հայ-ռուսական ապագայի բոլոր հեռանկարները։

Մինչդեռ, ելնելով Ռուսական կողմի քայլերի տրամաբանությունից՝ Արցախում ռազմական ներկայության ձևից, Հայաստանի տարածքում ռազմական տեխնիկայի, դրա բնույթի և քանակի մի շարք դիտարկումներից եւ այլն (շատ չբացենք փակագծերը), հակված եմ ենթադրել, որ Ռուսաստանը շատ ավելի լուրջ է պատրաստվում պաշտպանելու իր շահերն այս տարածաշրջանում, քան նույնիսկ Հայաստանը, որի ոչ բարով ներկայիս ղեկավարությունը մի սպիտակ լաթի կտոր առած, պատրաստ է ստորագրել ցանկացած թուղթ, որը նրան թուրքերը դեմ կտան (եթե իհարկե ռուսները չխանգարեն):

Ուստի, հակված եմ ենթադրելու և հուսալու, որ 11.01.2021-ին, այնուամենայնիվ, Մոսկվայում որևէ առանցքային և անդառնալի թուղթ չի ստորագրվի, այլապես, Ռուսաստանը շահագրգիռ չէր լինի՝ Նիկոլին Մոսկվա քարշ տալով։

Հուսամ, որ չեմ սխալվի իմ այս կանխատեսումներում։

Եւ նաև հուսամ, որ շուտով կհաջողվի ձերբազատվել Հայության դարավոր շահերից մեկընդմիշտ հրաժարվելու պատրաստ խեղկատակ, թրքասեր խառնածինների այս խունտայից, որպեսզի Հայ ազգը կարողանա արագ շտկել մեջքը և պատրաստվել մոտալուտ պատերազմին, որը սարերի ետևում չէ։

Իսկ պատերազմին պատրաստվել պետք է ցանկացած պարագայում, հենց այսօր, հենց հիմա…

Աստված օգնական Հայ ազգին և Հայաստանին…

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում