ՀՀ ոստիկանությունը ակտիվիստներին հորդորում է զերծ մնալ օրենքի պահանջները խախտելուց
Նմանատիպ
Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հուլիսի 23-ին պարզաբանում է հրապարակել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ‘ համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ’ օրենք) 24-րդ հոդվածի’ առանց իրազեկման կարող են անցկացվել մինչև 100 մասնակից ունեցող հավաքները, իսկ ըստ 26-րդ հոդվածի 1-ին մասի’ ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը: Ընդ որում, ինքնաբուխ հավաքի անցկացումը չի կարող տևել 6 ժամից ավելի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքները շարունակվում են արդեն մի քանի օր, և հավաքի մասնակիցների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ՀՀ ոստիկանությունը իրազեկում է, որ նշված հավաքները չեն կարող դիտվել որպես ինքնաբուխ, դրանց վրա չեն կարող տարածվել օրենքի 3-րդ գլխով սահմանված’ առանց իրազեկման անցկացվող հավաքներին վերաբերվող կանոնները, հետևաբար’ նշված հավաքները պետք է անցկացվեն Օրենքով սահմանված իրազեկման կարգի պահպանմամբ:
Միաժամանակ, անցկացվող հավաքների որոշ մասնակիցներ, դրսևորելով առավել հանդուգն վարքագիծ, իրենց գործողություններով շարունակում են կոպտորեն խախտել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, փողոցի բանուկ հատվածում սահմանափակում են հանրային տրանսպորտի տեղաշարժը’ իրական վտանգի տակ դնելով և իրենց, և ուղևորների կյանքն ու առողջությունը:
Նկատի ունենալով վերոգրյալը, ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կրկին անգամ հորդորում է զերծ մնալ օրենքի պահանջները խախտելուց, այլ անձանց սահմանադրական իրավունքները անհամաչափ կերպով սահմանափակելուց և չխոչընդոտել ոստիկանության ծառայողների կողմից անձանց իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների իրականացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում