«Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տալիս մուտք գործել ԼՂ-ի՝ իր վերահսկողության տակ գտնվող եկեղեցիներ». Գարեգին Բ

«Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տալիս մուտք գործել ԼՂ-ի՝ իր վերահսկողության տակ գտնվող եկեղեցիներ». Գարեգին Բ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԱրցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքի եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են: Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ըստ նրա՝ Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը, որպեսզի նրանք անձամբ կարողանան գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը:

Լրատվամիջոցի հետ զրույցում Գարեգին Երկրորդը շեշտել է, որ ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ պատմական ու մշակութային հուշարձանների պահպանությունն ապահովելու նպատակով:

Բացի այդ՝ հոգևոր առաջնորդը պատմել է, որ Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի նպատակն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը:

Կաթողիկոսի խոսքով՝ եկեղեցականները դիմել են հոգևոր առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին ու կառույցներին, ինչպես նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

«Ադրբեջանը հավանության չի արժանացրել Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների մուտքը թույլ տալու առաջարկը»,- հավելել է նա:

Լրատվամիջոցի հետո զրույցում Գարեգին Երկրորդը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շնորհիվ, որի կազմում է նաև Ռուսաստանը, հնարավոր կլինեն հուշարձանների պահպանությանը միտված անհապաղ գործողությունները:

Ըստ «Իզվեստիա»-ի՝ ռազմական գործողությունների ընթացքում կրոնական օբյեկտները մեկ անգամ չէ, որ ենթարկվել են հարվածների: Մասնավորապես, Շուշի քաղաքում գտնվող Ամենափրկիչ Սուրբ եկեղեցին ենթարկվել է հրթիռային հարձակման, ինչի հետևանքով վիրավորվել են ռուս լրագրողներ Լևոն Արզանովը և Յուրի Կոտենոկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում