Կոստան Զարյան․ Բանաստեղծություններ

Կոստան Զարյան․ Բանաստեղծություններ

ՍԵՒԱՆ

Ծարա՛ւ եմ:

Ծովափի սուր քարերի վրայ ոտաբոբիկ
ման եմ եկել մի պուտ լազուր որոնելով –
ի զո՛ւր:
Ամպերը պատռած ուղտանման
լեռների հետ
խօսում են ցած,
ու չգիտեմ` ե՞ս եմ, ե՞ս չեմ…
Հայ պատմութեան
կարաւանը կանգ է առել
երկնքի մօտ,
պառկել յոգնած` հորիզոն է որոճում:
Ե՞ս եմ, ես չեմ… կրկներեւոյթ:
Կրկէսի մէջ մեծ մի տրապէզ
ու լուսաւոր մի երեկոյթ
հրեշտակների` սպաննւած
այնտեղ Այրիվանքում,
դեղնած, քանդւած քարերի մօտ:
Ալիքները բաց են անում
գորշ մի կարպետ,
քամին զիստերս է խածնում –
նիստը բացւած է, պարոններ,
Սեւանա լճում:

Ծարա՛ւ եմ:

ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ

Յունւարի ձիւնը, յունւարի
ձիւնը Սարդարապատում:
Կեանքի ոչ մի հետք, ամպի ոչ մի շուք
Այս անապատում
Ոչ մի յիշատակ: Գերեզմանի տակ
Ձիւնի սառ, սպիտակ`
Ոչ մի յիշատակ անցած օրերի:
Ոչ իսկ ոռնող բուք,
Ոչ իսկ սուր քամի լերան գագաթից
իջնող սուր քամի,
Որ տնքայ, պատմի հառաչող
ցաւը ճեղքւած ժայռերի:
Խոր մի լռութիւն
Եւ լոյսեր սառած: Ոչ սուգ եւ ոչ լաց:

Խոր մի լռութիւն:
Ներկայ են միայն աստղերը
գունատ անյայտում:

Նայում եմ, ասում –
Ուրախ եմ լինել այս պահին մենակ,
Ինչպէս մոլորակ կորած ոլորտում
այս ձիւնի սպիտակ,
Ինչպէս աղեղի նետ մի արձակւած
դէպի ոչ մի տեղ:
Տեսնում եմ, այնտեղ,
Մերկ հողերի տակ
Թաղւել են, կորել յոյս եւ ճանապարհ,
Խորասուզւել է իր առագաստից
զրկւած մի նաւակ
Եւ կեանքի վրայից քայլել է
անցել մթութեան մի սար:

Ահ, թողէք վիշտս այս ձիւնում լըւամ
Եւ խոր լռութեան մերկ
կայմի վրայով ես վեր
բարձրանամ
Մինչեւ անցեալը, մինչեւ արիւնիս
թողած հետքերը,
Որոնց խուլ լացը ծածկել է
յուշի գունատ գորգերը:
Նայում եմ, ասում –
Ես ընդունում եմ ճակատագիրը
սառած այս ձիւնի.
Այնտեղ թաղւած է գերեզմանը
խոր մեր խորհուրդների:

***
Մնչի՛ր մրրիկ, եղիր դժոխքի
շռինդ ու պար.-
կեանքը այդպէս անկատար
խա՛ղ է անգութ,
մա՛հ է սուտ:
Սիրտս քեզ է. բոց` բոցերում,
եւ սուրբ աւեր` աւերներում –
սիրտս քե՛զ է, սիրտս քե՛զ է:

Թող լինի սեւ ճակատագիր`
զարզանդեցնող մի ջահակիր
հովում, բուքում սարսափների,
ուր կայ յոռի
եւ վիթխարի
լոյսը կեանքի:

Մնչի՛ր, մրրիկ, եղիր
դժոխքի շռինդ ու պար,
արեւների շինարար
եւ ստեղծագործ փոթորիկ:
Էլ վերջացաւ. ես նետեցի սիրտս յաւէտ,
ո՜ իմ կարմիր քրմապետ,
քո նոր, բոցեղ աղօթքին
քո մարտնչող խորհուրդին:

Մնչի՛ր, մրրիկ:

ԼՈՒՍԻՆ

Այս ինչ գիշեր է:
Լուսինը իջել, փարւել է ձիւնին,
Գրկել է սառը հրավառ թեւերով –
Խոցել է սրտին իր թուրի ոսկին`
Հմայել եւ դիւթել երազանքներով:

Արծաթ ձմեռ է:

Քայլում եմ, նայում աչքերով յուզւած
Կարմիր քաղաքին, որ խորասուզւած
Հուրէ հեքեաթի անյայտ յուշերում,
Թաղւել է ձիւնում:
Թաղւել են օրւայ աղքատ ձեռքերը
Կրծքին են ծալւել տրտմութիւնները
Եւ, մագաղաթէ փռւած ճամբեքով,
Քշում են մի ձի ագաթ սանձերով:

Ժողխորի առաջ կանգնած պահակը
Սառած ոտքերը խփում է գետնին,
Իսկ իր ծանրացած կոպերի տակը
Նստել է յուշ, նայում է լուսնին:

Սմքւած փողոցի մութ մի անկիւնից
Հառաչ է լսւում:
Ինչ-որ մի շէնքից
Նւագի ձայներ են գալիս եւ կորչում
Ճառագայթների պեղած անդնդում:

Գիշերը գլորւել, ընկել է մի լիճ:
Բուլվարի վրայից սողում է մի ճիչ,
Եւ ոգիների գաղտնի ոհմակներ
Հետապնդում են փախչող երազներ:

Այս ի՜նչ գիշեր է,
Արծաթ ձմեռ է:

***
Այս ցրտին, այս բուքին.
այս խոնաւ սենեակում
Ունկ ենք դնում քամիին ու լռիկ սպասում,
Չենք վախում այս կեանքից,
անորոշ վաղւանից եւ խաւար գիշերից:

Այս ցրտին, այս բուքին…
Տարիներ երազած հայրենի հողի վրայ
մենք ահա
մեր յոյսի ճրագով թեւաւոր, լուսաւոր
մեր բախտի աղեղով
վիրաւոր…

Տուր սիրտդ իմ սրտին, այս ցրտին,
այս բուքին
ու լսենք հեռաւոր, անծանօթ ձայներին
լեռներից, ձորերից վար
բերած պատգամով
կիսաքանդ գիւղերից մեզ
ղրկած լուրերով:

Այս ցրտին, այս բուքին –
միասին
այս երկրում հայրենի
չը լինենք ամայի եւ տխուր մտքերով –
չը լինե՛նք…
Տո՛ւր սիրտդ իմ սրտին,
այս ցրտին, այս բուքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում