Արցախի ձեռագրական ժառանգություն. Մաշտոցի անվան Մատենադարանը պատրաստվում է ցուցադրության
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, 168.am: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը պատրաստվում է ցուցադրության, առաջիկա շաբաթ կներկայացվի Արցախի ձեռագրական ժառանգությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը նշեց, որ ներկայացվելու են Արցախում գրված ու այնտեղ պահվող ձեռագրերը, Շուշիում տպված գրքերը, արխիվային փաստաթղթեր, կաթողիկոսական գրություններ և այլն: Ընդհանուր շուրջ 80 տասնյակի հասնող ցուցանմուշ: Արամ Թորոսյանի խոսքով, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Արցախի մասնաճյուղում 2015 թվականից ցուցադրվում էին 100-ից ավելի ձեռագիր մատյանները, որոնք գրչագրվել են, նկարազարդվել են Արցախում: Ներկայացվել էին նաև ձեռագրեր, որոնք գրվել են պատմական Հայաստանի այլ նահանգներում: Արցախը հայտնի էր ոչ միայն որպես ձեռագրաստեղծման, այլև ձեռագրերի պահպանության վայր:
«Պատերազմի օրերին, երբ ամբողջ աշխարհն ականատես եղավ, թե ինչպես է Ադրբեջանը խոցում մշակութային հաստատությունները, ինչպես օրինակ, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Մատենադարան-Գանձասար մշակութային կենտրոնը կազմակերպեց ցուցադրվող գանձերի տարհանումն Արցախից: Մենք տեղափոխեցինք Երևանի Մաշտոցյան Մատենադարան: Ուզում եմ ընդգծել, որ ամեն դեպքում՝ ժամանակավոր: Մենք դրանք անպայման վերադարձնելու ենք Արցախ, և ցուցադրությունը նորից լինելու է Գանձասարում: Մինչ այդ, տնօրինությունը որոշեց Արցախի գանձերը ցուցադրել Երևանի Մատենադարանում: Մոտ օրերս ցուցադրությունը կբացվի: Տևելու է այնքան, մինչև որոշենք այդ ցուցադրությունը վերադարձնել Արցախ, հավանաբար տարվա կեսին: Թեպետ հստակ չէ, պետք է մի շարք տեխնիկական, անվտանգության հարցեր ճշտել, որից հետո ցուցադրությունը կվերադարձվի Արցախ: Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնն իր գործունեությունը պետք է շարունակի: Ասեմ, որ շենքը չէր վնասվել, աշխատակիցները ներկայանում են աշխատանքի, այնտեղ գործունեությունը շարունակվում է, պետական պահպանության ծառայությունը հսկողություն է սահմանում»,- ասաց Արամ Թորոսյանը:
Մատենադարանը հանդես է գալիս մեկ այլ ծրագրով ևս՝ նախատեսված արցախցի երեխաների համար: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամը սկսում են մանրանկարչության դասընթաց արցախցի երեխաների համար: Ցանկացողները կարող են դիմել մինչև փետրվարի 1-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում