Մահացել է Ստեփան Թոփչյանը

Մահացել է Ստեփան Թոփչյանը

Խորը ցավով տեղեկացանք, որ վախճանվել է գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉՅԱՆԸ՝ գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրող, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հայրը:

Ստեփան Թոփչյանը ծնվել է 1937 թ. Երևանում:

Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959 թ. աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960-1966 թթ.՝ ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1967-1976 թթ. եղել է ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի էսթետիկայի, ապա հայ փիլիսոփայության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 1976-1979 թթ.՝ Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալը։

1979 թվականից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, սկզբում՝ որպես Գեղարվեստական արձակի խմբագրության, հետո՝ որպես Հայ դասական գրականության բաժնի վարիչ։

 

1966 թ. պաշտպանել է ատենախոսություն «Շիրվանզադեի էսթետիկական հայացքները» թեմայով և դարձել բանասիրական գիտությունների թեկնածու։

Ստեփան Թոփչյանը 1967 թվականից ՀՀ Գրողների միության անդամ է։ 1993 թվականից մասամբ բնակվել է ԱՄՆ-ում՝ ակտիվորեն աշխատակցելով ամերիկահայ մամուլին:

Վերջին տարիներին պարբերաբար ապրել ու ստեղծագործել է Հայաստանում: Նրա հիմնական աշխատություններից են՝ «Շիրվանզադեի էսթետիկան» (1963), «Րաֆֆու էսթետիկական հայացքները» (1971), «Հայ նոր գրականության պատմության» «Դանիել Վարուժան» գլուխը (հատոր 5, 1979), «Անհունի անդրադարձը» (1982) ու «Կերպ և իսկություն (1985) գրականագիտական ուսումնասիրությունների ժողովածուները, «Հայ քննադատության պատմության» «Հովհաննես Թումանյան» գլուխը (հատոր 2, 1998), «Ապագայի հիշողությունը» (երկու հատոր, 2003) և «Կարիճի տարի» (2016) հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, «Կյանք դարերի համար/Ավետիս Ահարոնյանի կյանքը» (2003) և «Հովսեփ Էմին» (2017) մենագրությունները:

Ստեփան Թոփչյանի վերջին՝ «Երվանդ Քոչար» մենագրությունը հրատարակության ընթացքում է: Առայժմ անտիպ են մնում Լեսսինգի «Լաոկոոնի»՝ գերմաներենից հայերեն թարգմանությունը՝ ծավալուն ուսումնասիրությամբ, և Ուիլյամ Հոգարթի «Գեղեցկության վերլուծություն» տրակտատի մասին ուսումնասիրությունը:

Ստեփան Թոփչյանը հեղինակ է հարյուրավոր հոդվածների, որոնք տպագրվել են հայ ու արտասահմանյան մամուլում, և բազմաթիվ գրքերի առաջաբանների:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը և աշխատակազմը կիսում է սիրելի մաեստրոյի ընտանիքի, մտերիմների, հարազատների ու հայ ազգի կորուստն ու վիշտը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում