Լինենք հաստատուն մեր հավատքի մեջ
Նմանատիպ
«Հավատքը լսելուց է, իսկ լսելը՝ Աստծո Խոսքից» (Հռոմեացիներին 10.17)
Մեր ունեցած արժեքների 99 տոկոսը հիմնված է հավատքի վրա։ Այն մեր կյանքի առանցքն է, ու որքան շատ ենք ջանում ճանաչել Աստծուն, այնքան մեծանում է հավատքը Նրա նկատմամբ:
Շատերն են պնդում, որ իրենց կյանքը կառուցում են հավատքի ու քրիստոնեական արժեքների հիման վրա: Ցավոք, այդպես ասողներից շատերը չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում հավատով կառուցված կյանք: Միայն Աստծո անունը արտաբերելը բավական չէ քրիստոնյա լինելու համար: Ինչ խոսք, դա ձևականություն է, ինքնախաբեություն, շրջապատի աչքերում օրինակելի երևալու ձգտում, բայց, ցավոք, նման վարքագիծը չի կարող մարդուն դարձնել հավատի մարտիկ:
Իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ. հավատքի մեջ զորացած մարդը շատ լավ է գիտակցում իր առաքելությունը ու Աստծուն իր մեջ կրելու կարևորությունը:
Նման արժեքները մեկ օրում ձեռք չեն բերում, այն տարիների համբերատար աշխատանք է, որի ընթացքում հաղթահարում են որոշակի փորձություն և դրանից հետո միայն դառնում հաստատակամ՝ հավատքի մեջ: Ու այդ ճանապարհին որքան էլ դժվարությունների ենք հանդիպում, միևնույնն է, չենք թուլանում, չենք տարակուսում և ի վերջո չենք վհատվում: Ճանապարհը, որով անցնում ենք, հեշտ չէ, բայց նպատակը շատ վեհ է:
Հավատացեք, Աստծուն մոտ գտնվելու մեր ջանքերը երբեք չեն ավարտվի հաջողությամբ, եթե ինքներս գործուն ջանքեր չձեռնարկենք: Ի՞նչ է դա ենթադրում: Քրիստոնյաններս հաճախ ենք ասում՝ պաշտում ենք Աստծուն, ապրում ենք Նրան նմանվելով ու աստվածայինը մեր մեջ կրելով: Ու այս խոսքերից անմիջապես հետո, երբեմն ստում ենք, բամբասում, չարախոսում ու չենք էլ գիտակցում, որ արդեն հեռանում ենք Տիրոջից:
Փորձենք հաստատուն մնալ մեր հավատքի մեջ ամեն օր: Ամեն վայրկյան շնորհակալ լինենք Տիրոջը՝ իր ներկայությամբ մեզ ուժեղ դարձնելու համար: Ինչպես Աստվածաշնչում է ասվում. «Խոտը կչորանա, ծաղիկը կթառամի, բայց մեր Աստծո Խոսքը կմնա հավիտյան» (Եսայիա 40:8):
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում