«Սիրենք Աստծուն, որովհետև առաջինը Նա սիրեց մեզ…» (Հովհ. 1 4:19)
Նմանատիպ
Երբ խորհում ենք մարդ-Աստված հարաբերությունների մասին, սիրուն անդրադառնալիս նախ մտածում ենք այն սիրո մասին, որ գալիս է Աստծուց: Իսկ երբևէ խոսե՞լ, խորհե՞լ ենք մարդու սիրուց՝ Աստծո հանդեպ:
Մարդիկ հաճախ կարծում են, թե մեղքեր չգործելու համար բավական է ոչ թե սիրել Աստծուն, այլ նրանից վախենալ: Աստվածաշնչում այս մասին ասված է. «Սիրո մեջ երկյուղ չկա. և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է. և ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Հովհ. 1 4:18):
Այսպես և շատ ծնողներ կարծում են, թե բավական է, որ զավակն իրենցից երկյուղ ունենա՝ իրենց ցանկացածը կամ ուղղորդածը կատարելու համար, իսկ մյուսները կարծում են, որ միայն սերը բավական է՝ նույնն անելու համար: Անշուշտ, ճիշտ են նրանք, քանի որ երբ երեխան երկյուղում է ծնողից, և մտածում, օրինակ՝ «չարաճճիություն չանեմ, որովհետև ծնողներս ինձ կպատժեն», անում է ծնողի կամքը՝ նրանից վախենալով: Եվ միանշանակ կաներ չարաճճիությունը, եթե չլիներ պատժվելու վախը: Մինչդեռ, ի տարբերություն վախի, սիրո մեջ կա ծնողին արարքներով չնեղացնելու, չցավեցնելու ցանկությունը, որն արդեն իսկ առաջնորդում է բոլոր որոշումները ճիշտ կայացնելու ձգտմանը:
Նույնն է և մարդ-Աստված հարաբերության մեջ: Երբ մարդ երկյուղ ունի Աստծուց և մտածում է, օրինակ՝ «չստեմ, քանի որ Աստված ինձ կպատժի», արդեն իսկ գործում է մեղքը՝ հնարավորության դեպքում ստելու իր ցանկությամբ: Մինչդեռ մեկն, ով մտածում է՝ «չստեմ, քանի որ դա հաճելի չի լինի Աստծուն», վարվում է ավելի ճիշտ, իր հավատքում ավելի հաստատուն է:
Եվ ուստի՝ սիրենք Աստծուն, քանի որ Նա, տեսնելով մեզ մեր անկատարության ու մեղքերի մեջ, չի լքում մեզ և սիրում է: Սիրենք Նրան առանց վախի՝ իրական սիրով, հավատացած լինենք, որ այդ սերը մեզ կառաջնորդի դեպի մեր ճիշտ որոշումները՝ ավելի ու ավելի մոտեցնելով մեզ Աստծուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում