Կա մրցակից և կանք մենք, ամեն ինչ որոշվում է խաղադաշտում. ԲԿՄԱ-ի տնօրենը՝ Գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանության մասին

Կա մրցակից և կանք մենք, ամեն ինչ որոշվում է խաղադաշտում. ԲԿՄԱ-ի տնօրենը՝ Գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.amԱյսօր՝ հունվարի 26-ին, ՀՖՖ գրասենյակում տեղի կունենա VBET Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: ԲԿՄԱ-ի տնօրեն Գագիկ Աղբալյանն ասում է՝ վիճակահանությունն իրենց համար որոշիչ մի բան չէ. ամեն ինչ որոշվելու է խաղադաշտում.

«Ցանկացած թիմ բոլոր մրցաշարերին, որ մասնակցում է, ձգտում է առավելագույնին: Գավաթի խաղարկությունում հիմնականում մնացել են Պրեմիեր-լիգայի բավականին ուժեղ թիմեր, որոնք շատ մեծ փորձ ունեն ու համալրված են բավականին փորձառու ֆուտբոլիստներով: Մեր նպատակն է հնարավորինս առաջ շարժվել, հաղթահարել ավելի շատ փուլեր, բայց շատ կարևոր է որակական փոփոխությունների ամրագրումը, քանի որ գիտեք ԲԿՄԱ-ն Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի բազային թիմն է: Մենք պարզապես չենք ապահովում ֆուտբոլիստների՝ սպորտով զբաղվելու հնարավորությունը և ինչ-որ նախագածի մեր ներկայությունը: ԲԿՄԱ-ի առջև հավաքականների ֆուտբոլիստների մակարդակի բարձրացման խնդիր է դրված ու այս առումով բավականին մեծ աշխատանք է կատարվել գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի և առհասարակ ամբողջ անձնակազմի կողմից: Գավաթի խաղարկության մեկ փուլ հաղթահարելն էլ՝ բավականին ուժեղ մրցակցի նկատմամբ, արդեն իսկ ցույց է տալիս, որ ԲԿՄԱ-ն շատ հասուն թիմ է դարձել: Մնացածը ցույց կտան խաղերը:

Ինչ վերաբերում է քառորդ եզրափակչի վիճակահանությանը, պետք է նշեմ, որ մենք չունենք նախընտրություններ թիմերի առումով: Վիճակահանությունը ում էլ մեզ մրցակից հանի, մենք պատրաստվում ենք խաղալ այն խաղը, որին ի վիճակի է ԲԿՄԱ-ն: Վիճակահանությունը մեզ համար որոշիչ մի բան չէ: Կա մրցակից և կանք մենք. ամեն ինչ որոշվում է խաղադաշտում»,- ասում է Գագիկ Աղբալյանը:

Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում ԲԿՄԱ-ի հնարավոր մրցակիցներն են «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը», «Նոան», «Վեսթ Արմենիան», «Վանը» և «Ուրարտու»-«Փյունիկ» զույգի հաղթողը: Վիճակահանության մեկնարկը 15:00-ին է:

Հիշեցնենք՝ Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում ԲԿՄԱ-ն հաղթահարել էր Վանաձորի «Լոռիի» արգելքը: Թիմերի միջև առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի արդյունքը, իսկ Վանաձորում կայացած պատասխան խաղն ավարտվել էր 2-2 հաշվով:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում