Միջազգային միջոցառումները կուղղորդվեն տարվա երիտասարդական մայրաքաղաք Կապան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզկենտրոն Կապանը 2021 թվականին լինելու է երիտասարդական միջոցառումների կենտրոն: Տարվա երիտասարդական մայրաքաղաք դարձած Կապանում այս տարի անցկացվելու են ոչ միայն տեղական, այլև միջազգային բնույթի միջոցառումներ:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստում հաստատվել է ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրի միջազգային փուլը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու՝ մեր երկրի ստանձնած հանձնառությունը: Այս միջոցառումները նախատեսվում է իրականացնել երիտասարդական մայրաքաղաքում:
«Արդեն ունենք պայմանավորվածություն Կապանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ: Կապանը դեռ 2020 թվականին պետք է երիտասարդական մայրաքաղաք լիներ: Համավարակով ու պատերազմով պայմանավորված՝ միջոցառումները չկայացան, որոշում կայացվեց, որ քաղաքը 2021-ին նույնպես լինի տարվա երիտասարդական մայրաքաղաք»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը:
Տարվա ընթացքում նախատեսվում է նշված միջազգային միջոցառումներից բացի, Կապանում նշել Կամավորության օրը, այնտեղ կազմակերպել երիտասարդ աշխատողների վերապետրաստում: Առիթից օգտվելով՝ Արթուր Մարտիրոսյանը երիտասարդական կազմակերպություններին, միջազգային կառույցներին կոչ արեց այս տարվա ծրագրերը կազմելիս ուշադրություն դարձնել Կապանին, շատ կարևոր է, որ երիտասարդական մայրաքաղաքի երիտասարդներն զգան, որ 2021-ն իրենց համար առանձնահատուկ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում