Համաեվրոպական արժեքներ տարածողը. արվեստասերները ծաղիկներ խոնարհեցին Գեղամ Գրիգորյանի շիրմին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին նրան հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, արտիստի ընտանիքի անդամները, գործընկերներն ու արվեստասերները, որոնք ծաղիկներ խոնարհեցին արտիստի շիրմին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ Գեղամ Գրիգորյանը մարդ էր, որն աշխարհի ամենաառաջնակարգ բեմերում է հանդես եկել և իր հայկական ազգանունով տարածել է համաեվրոպական արժեքներ: «Մենք շատ հաճախ մեծություններ ենք հռչակում ստեղծագործողների, որոնք ճանաչված են և արժեք են մեզ՝ հայերիս համար, բայց Գեղամ Գրիգորյանն այն անունն է, որը համաեվրոպական իմաստով է աստղ, և այս աստղի շողերը դեռ առկայծում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխնախարարը:
Խզմալյանն ընդգծեց, որ մի քանի օր է՝ անսպառ հիացումով լսում է Գրիգորյանի ձայնագրությունները: Նա Գրիգորյանին համարում է առաջնակարգ արվեստագետ, որն ազգային հպարտության, արժանապատվության դեսպանն է, որի անունը տալիս են շատ և շատ մեծություններ:
«Նրա մեծությունը միայն մեզանով չի չափվում, այլև օպերային արվեստի միջազգային շրջանակներով, և ես ափսոսում եմ, որ այդքան կենսուրախ, ընկերասեր ու ընկերամեծար անձն անժամանակ հեռացավ մեզանից: Վստահ եմ, որ նա շատ բան ուներ անելու: Բազմաթիվ ձայնագրություններից ու տեսագրություններիցշ բացի, որոնք կան և ցույց են տալիս Գրիգորյանի աստղի առկայծումները, նրա ժառանգներն են շարունակում Գրիգորյանի տաղանդի տրոփյունն իրենց կյանքով ու գործով»,-շեշտեց փոխնախարարը:
Արա Խզմալյանը պատմեց, որ նախանցյալ տարի Գեղամ Գրիգորյանի դուստր Հասմիկ Գրիգորյանի ելույթն է լսել ու սիրահարվել օպերային արվեստին, քանի որ երգչուհին կատարյալ է հանդես եկել ու այլ մակարդակով ներկայացրել Անուշի արիան: «Երգչուհու բեմական կեցվածքը, արտիստական հմայքը պատակահան չեն: Գրիգորյանի բոլոր զավականերն են սովորում միջազգային տարբեր հաստատություններում և երաժշտարվեստում են: Գեղամ Գրիգորյանի անունը տալիս ենք լուսավոր զգացումներով, որովհետև ողջ է նրա արվեստը, կենդանի են նրա թողած ժառանգությունն ու վաստակը, և նրա զավակներն ամենաբարձր մակարդակով շարունակում են առաքելությունը, որն իրականացնում էր Գեղամ Գրիգորյանը»,-եզրափակեց Արա Խզմալյանը:
Գեղամ Գրիգորյանի որդին՝ Տիգրան Գրիգորյանը, որը շարունակելով հոր արվեստը՝ երգում է, խոստովանեց, որ հայրն իրեն սովորեցրել է վայելել կյանքը: «Նա նշում էր, որ թե՛ դժվար, թե՛ թեթև պահերին պետք է վայելել կյանքը: Հորս կյանքում եղել են ծանր փուլեր, բայց նա փորձում էր մեզ հետ ժպիտով խոսել, հիշեցնում էր, որ վատ շրջաններին հաջորդում են լավ պահերը: Նա երջանիկ մարդ էր»,- ասաց Տիգրանն ու հավելեց, որ հայրը սիրով ու ոգևորությամբ է աշխատել իր ուսանողների հետ: Այդ է վկայում այն հանգամանքը, որ Գրիգորյանի ուսանողներից շատերն այժմ հանդես են գալիս աշխարհի հեղինակավոր բեմերում:
Գեղամ Գրիգորյանը երգել է աշխարհի մի շարք հեղինակավոր օպերային թատրոններում ու համերգասրահներում։ Ընդամենը տասը տարվա արտերկրյա ակտիվ հյուրախաղային գործունեության արդյունքում նա ճանաչվել է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում