ՀՀ-ն պարտավորվել էր չճանաչել որևէ փաստաթուղթ, որով ԼՂ-ն կլինի Ադրբեջանի կազմում. Էլբակյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, Tert.am: «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության հիմնադրմանը նվիրված արարողության ընթացքում քաղաքագետ Էդգար Էլբակյանը անդրադարձավ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որի հետևանքով օկուպացվել է նաև Հադրութը:
Նա նշեց՝ Հադրութի օկուպացիան ընկալում են որպես 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների գրավոր հայտարարության հետևանք, ինչն էլ հետևանքն է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների:
«Այստեղից էլ բխում է, որ և՛ Հադրութի դեօկուպացիայի հարցում, և, առհասարակ, Արցախի մնացած տարածքների վերադարձման հարցում մոտեցումը ու մեր պահանջը հստակ է, որ պետությունն ինչ-որ մի պահի (սա երևույթ է, որը վաղեմության ժամկետ չունի) պիտի հայտարարի, որ նոյեմբերի 9-ի գրավոր հայտարարությունն առաջին հերթին նպատակ է ունեցել դադարեցնել արյունահեղությունը, ունի հումանիտար նշանակություն, իսկ մնացած հարցերը թողնվում են հետագա միջազգային, իրավական արծարծումների դաշտում, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով քննարկելուն»,- հայտարարեց Էլբակյանը:
Նա նշեց, թե ՀԿ-ի կողմից պետք է այս գաղափարի լոբինգն արվի, մինչև այն կդառնա պետական քաղաքականության մաս. «Նմանօրինակ ձևաչափերն իրականացվում են պետականորեն, բայց քանի որ դեռևս չի արվում պետականորեն այն, ինչ տեսել ենք մեր թշնամի երկրի օրինակով սկսած դեռ 1994-ից, ուրեմն՝ պետք է անենք հասարակական ջանքերով: Եթե անգամ այս պահին պետությունը թույլ է, հասարակությունը կարող է ձևակերպել այն պահանջները, որ նպատակադրել է»,- նշեց նա՝ ընդգծելով՝սա ուղղակի «կապրիզ» չէ:
«Եթե իրականում միջազգային իրավական գնահատական տանք նոյեմբերի 9-ի գրավոր հայտրարությունը, այն հակասում է միջազգային իրավունքի նորմերին: Պատերազմի արդյունքում Արցախի բնակչության գրեթե 80 տոկոսը դուրս է եկել Արցախից, ու այս կոնտեքստում կարևոր չէ՝ որքանն է կարողացել վերադառնալ: Փաստն այն է, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանը գործել է նպատակաուղղված հանցագործություն, էթնիկ զտումներ, ըստ այդմ, արցախյան տարածքների օկուպացիան դրա հետևանքն է, սա պետք է արժանանա միջազգային իրավական գնահատականի»,-ասաց Էլբակյանը:
Նա ընդգծեց՝ 1992-ի հուլիսին ՀՀ Գերագույն Խորհուրդը՝ ԱԺ-ի նախորդը, ընդունել է որոշում ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին, որտեղ հստակ նշված է, որ ՀՀ-ն պարտավորվում է պաշտպանել ԼՂՀ-ի և ԼՂՀ բնակչության շահերը:
«Առանձին «ԼՂՀ բնակչության շահերը» իրականում բավարար չէ: Հայաստանյան վերջին իշխանություններն իրենց տեքստերում հաճախ հենց այդպես էին ասում, որ Հայաստանը Արցախի բնակչության անվտանգության երաշխավորն է: Բնակչությունը կարելի է տեղափոխել լրիվ անվտանգ վայր ու ասել՝ մենք ձեր անվտանգությունը երաշխավորում ենք»,- նշեց նա:
Էլբակյանը կարևորեց, որ նույն այդ որոշման մեջ գրված է, որ ՀՀ-ն պարտավորվում է չմասնակցել ու չճանաչել որևէ միջազգային փաստաթուղթ, որով Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում: «Փաստացի, նոյեմբերի 9-ի գրավոր հայտարարությամբ Արցախի տարածքի մի մասը ՀՀ-ի կողմից ճանաչվել է որպես Ադրբեջանին անցնող, այս պահին էլ շարունակվում են կուլիսային բանակցություններ, որոնց բովանդակությանը մենք ծանոթ չենք, որտեղ սպառնալիք կա նաև մնացած տարածքի մասով»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում