«Կարեն Օհանյան. Սևան» ցուցադրություն՝ ԳԱԿ-ում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, Panorama.am: Փետրվարի 5-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գործելու է «Կարեն Օհանյան. Սևան» ցուցադրությունը՝ առաջին անգամ ներկայացնելով արվեստագետի վերջին տարիներին ստեղծած կարևոր շարքերից մեկը:
«Կարեն Օհանյանն անկախության շրջանի, հատկապես 2000-ականների ժամանակակից հայ կերպարվեստի այն գեղանկարիչներից է, որի ամեն մի նոր աշխատանք կամ նկարաշար հստակ ասելիք ունի թե՛ արդիականության, թե՛ հրատապության տեսանկյունից՝ քաղաքական, սոցիալական կամ զուտ արվեստային:
Երեք կտավներից բաղկացած «Սևան» շարքը ևս նման հավակնություններ է ներկայացնում։ Որոշակի ոճային աղերսներով կապված լինելով արվեստագետի վերջին քսան տարիների ընթացքում ստեղծած աշխատանքների հետ՝ այս գործերից յուրաքանչյուրը միևնույն ժամանակ ցցուն կերպով առանձնանում է Օհանյանի նախորդ ստեղծագործությունից։
Նկարիչն իր կտավներով այսօր վերաիմաստավորում է գեղանկարը՝ համապատասխան այն վեկտորին, որ հատկապես զարգանում է վերջին տարիներին, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությամբ: Այդ առումով արվեստագետի կտավները կարևորվում են հայկական կերպարվեստի շրջանակներից դուրս ևս, այդ թվում՝ արևմտյան գեղանկարչական ավանդույթի տեղական մեկնաբանության տեսանկյունից: Չնայած իր խորագրին, այս շարքը այնքան մեզ բոլորիս հայտնի լեռնային լճի մասին չէ, որքան ժամանակակից գեղանկարչության, դրա ավանդույթների և արդի հարցերի:
«Կարեն Օհանյան. Սևան» ցուցադրությունը գործելու է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2021 թվականի փետրվարի 5-ից մայիսի 23-ը: Այն ոչ միայն այցելուին ներկայացնում է հայ ժամանակակից ամենաարտառոց արվեստագետներից մեկին, այլև հնարավորություն է տալիս մտորելու ժամանակակից գեղանկարի մասին մեր նոր իրականության համատեքստում:
Արդի տագնապալի դինամիկայում այս ցուցադրությունը չշտապելու և արվեստի հետ դանդաղ շփման մի կղզի է Կարեն Օհանյանի կտավ-լանդշաֆտների հետ երկխոսության մեջ»,- նշված է ցուցահանդեսի մասին տեղեկացնող ֆեյսբուքյան էջում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում