Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի ղեկավարը Հայաստանում ներկայացրեց «Երերույք» գիրքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009-2016 թվականներին հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի՝ Երերույքում իրականացրած հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են արշավախմբի ղեկավար, Էքս-Մարսել համալսարանի հայագիտության դասախոս Պատրիկ Տոնապետյանի «Երերույք» գրքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայերեն և ֆրանսերեն գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 3-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում, որն աջակցել է աշխատության հրատարակմանը:
«Ինչպես գիտեք, Ֆրանսիան միշտ սատարել է Հայաստանում հնագիտության ոլորտին: Երերույքի հնավայրում իրականացված հետազոտությունների արդյունքները ներկայացնելու համար դեսպանությունն աջակցել է երկլեզու աշխատության հրատարակմանը: Բոլորիս հայտնի է հրաշալի հնավայրը, որը տպավորիչ է և առեղծվածային, իսկ աշխատությունը բացահայտում է Երերույքի յուրահատկությունները»,-նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը:
Նա տեղեկացրեց, որ ներկայումս դեսպանությունն իրականացնում է երկու հնագիտական առաքելություն. մեկը կոչվում է «Կովկասը», մյուսը՝ «Էրեբունի»:
«Այս գիրքը գրված, խմբագրված է գիտական լրջությամբ: Արված է ամեն բան, որ այն լինի հանրամատչելի: Հակիրճ է, կարող է հետաքրքրել և՛ գիտնականներին, և՛ հանրության լայն շրջանակին: Գրքում բավականին հետաքրքիր բացահայտումներ կան, բայց ամենակարևորն այն հանգամանքն է, որ առաջին անգամ Հայաստանի միջնադարյան հնագիտության ուսումնասիրություններում լուրջ ուշադրություն ենք դարձրել մի միջնադարյան գերեզմանոցի և հանգամանորեն ուսումնասիրել ենք այն: Յոթ տասնյակ գերեզմաններ ենք բացել որտեղից ոսկորներ ենք վերցրել, ինչի հիման վրա թվագրումներ ենք կատարել»,-պատմեց Պատրիկ Տոնապետյանը:
Նա նշեց, որ հնավայրում իրենց արշավախումբն աշխատանքներն արդեն ավարտել է, բայց կարծում է՝ կլինեն այլ հնագետներ, որոնք դեռ անելիքներ շատ կունենան, քանի որ Երերույքը շատ մեծ է, հարուստ է առեղծվածներով:
Գրքի շնորհանդեսներ են նախատեսվում նաև Մարսելում և Փարիզում:
Անիի ավերակների մոտ գտնվող Երերույքի վաղ քրիստոնեական և միջնադարյան հնավայրը հայտնի է իր նշանավոր բազիլիկով: Ուսումնասիրությունը համադրական և ամբողջական ներկայացնում է ընդարձակ համալիրի բաղադրիչներին ու դրանց առնչվող հարցերը: Աշխատության համար հիմք են հանդիսացել 2009-2016 թվականներին Էքս-Մարսելի համալսարանի (Ֆրանսիա) հայ-ֆրանսիական հնագիտական արշավի կատարած հետազոտությունները, որոնք իրականացվել են գրքի հեղինակի ղեկավարությամբ: Ֆրանսերեն բնագիրն ուղեկցվում է հայերեն թարգմանությամբ:
Գրքի հրատարակությունը կոչված է նաև նպաստելու հնավայրի պահպանմանն ու արժևորմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում