«Սիրտըս վառված սիրովն անշեջ, առաքինվույն եւ գեղեցկին…»

«Սիրտըս վառված սիրովն անշեջ, առաքինվույն եւ գեղեցկին…»

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետրոս Դուրյանը, հիրավի, հայ բանաստեղծության մեծագույն փառքերից է: «Պետրոս Դուրյան գրական հանճար մը չէ,- գրում է արեւմտահայ գրականության նշանավոր պատմաբան Հակոբ Օշականը` պարագծելով նաեւ հայ բանաստեղծի մշակութային, գրական, ինչ-որ տեղ նաեւ կենսական հանգամանքների բովանդակությունը:-… Անով մեր գրականությունը ոչ հուն փոխեց, ոչ ալ մեր ժողովուրդը իր հզորագույն երեսներուն մեջ ինկավ սեւեռման: Անիկա անհատի տռաման (՞) է: Բոլորովին նման ԺԹ. դարու մեծահամբավ տռամաներուն: Քից, Շելլի, Պայրըն, Մյուսե… քիչիկ մըն ալ Լամառթին…Հայնե, Շիլլեր, Հյոլտեռլին, Նովալիս… այս անուններեն ամեն մեկուն հետ ճակատագիրը դրած է արյան, հացի, սիրո, հիվանդության այլապես մարդկային տագնապը»:

Իրոք, եթե ազատվենք իշխող կարծրատիպերից, երբ նրա ստեղծագործությունն արհեստականորեն կապում էին անգամ Նալբանդյանի (Դուրյանի ձեռագրերում հայտնաբերվել է Նալբանդյանի մի բանաստեղծության արտագրությունը, եւ նրա բանաստեղծություններում հազիվ նշմարվող աղերսներ կան նախորդների (Ալիշանի եւ Պեշիկթաշլյանի)), այնպես էլ տասնամյակներ անց իրեն հաջորդող պոեզիայի հետ: Մի տեսակ «անմունետիկ» եւ «անավետիս» բանաստեղծ, որն իր ինքնությամբ պարտական է միայն իրեն: «Զինքը կանխող քնարերգությունը Դուրյանին հետ հազիվ աղերսներ կպարզե… Այսօր ավելի քան սրտահույզ, կենդանի են անոր հաջող քերթվածները ու վաղը` այսինքն քանի մը հարյուր տարի վերջը պիտի պահեն անթառամ իրենց կուսությունը, գույնը, ծաղիկը…»,- գրում է Օշականը: Իսկ ինչպե՞ս էին գնահատում նրան ժամանակակիցները, վկայում է նրա մենակությունը, աղքատությունը, մի թատրոնից մյուսը ձեռնունայն պտտվող նրա ուրվականը: Սակայն ըստ ժամանակակիցների պատմածների` «…կպատմեն, թե պսակավոր քերթող ու մեծ թատրերգակ Մ. Պեշիկթաշլյան անոր խաղերեն մեկուն ներկայացմանը …ըլլա արտասանած նշանավոր վճիռը. «Այս տղան ինձմե ալ մեծ պիտի ըլլա»»:

«Մեր նախորդ շրջանի բանաստեղծները» հոդվածում Հովհ. Թումանյանը խորհուրդ է տալիս նայել Դուրյանի «ներսը», տեսնել «վաղամեռիկ հանճարի», «ծանր հոգեկան կռիվն» ու «դրաման»: Հենց «ներսը» թափանցելու դեպքում է պարզ դառնում, որ Դուրյանը տառապանքի բանաստեղծ է, համամարդկային տառապանքի:

Դուրյանը բոլոր հայ քնարերգակներից ամենաըմբոստն էր: Ընդվզուն էր նրա հոգին՝ թե բանաստեղծություններում, թե թատերախաղում, թե հոդվածներում եւ թե նամակներում:

Ծնվել է 1851 թ. մայիսի 20-ին: Վեց տարեկան Պետրոսը սովորում է Սկյուտարի ճեմարանում, որն ավարտում է 1867 թ.: Հազիվ թե որեւէ կենսագիր այդպես համառոտ եւ դիպուկ նկարագրի իր կարճատեւ կյանքի անցած ճանապարհը, ինչպես արել է ինքը` բանաստեղծը իր վիճահարույց «կենսագրականում».

«Շատեր այս Ձոնին ոգիին ու լեզվին վրա հետաքրքրություն ընելով մեզ կհարցնեն, թե ո՞վ այս պ. Պ. Դուրյան. ուստի համառոտիվ ճանչցնենք ազգին: Պ. Պ. Դուրյան սկյուտարցի 16-18 տարեկան երիտասարդ մ’ է, նախկին աշակերտ Սկյուտար Ենի մահալլեի վարժարանեն ելած, առաջին անգամ միայն սարաֆի մը քով 9 ամսո չափ գրագրության պարապած, իսկ անկից ի վեր իր տունը թատերական ողբերգություններ հեղինակելով կզբաղի, որոնցմե ավարտած ունի «Վարդ եւ Շուշան», «Սեւ հողեր», «Արտաշես Աշխարհակալ» եւ «Անկումն Արշակունի հարստության» անուն ողբերգությունները եւ մոտերս ուրիշ մ’ալ կհեղինակե. առաջինը միայն ներկայացված է անցյալ տարի Կետիկ Բաշայի թատրոնը, իսկ մյուսները դեռ իր քովն են: Հայրը օրական հացը ճարող, բայց պատվավոր երկաթագործ մ’է: Եղբայրը երբեմն Մանզումեի եւ հիմա Մեճմուայի խմբագիրներեն Հարություն էֆենտին է…»: Ի դեպ, Դուրյանի այս եղբայրը մահացավ դարձյալ թոքախտից՝ եղբորից մեկ տարի անց:

Բանաստեղծությունը կարելի է համարել Դուրյանի երկրորդ «կենսագրականը»` այս անգամ ստեղծագործության մեջ.

Գարնանային կենացս մեջ
Սիրո ծաղկունք մինչ փըթթեին`
Սիրտըս վառված սիրովն անշեջ
Առաքինվույն եւ գեղեցկին:

Մահագուշակ խորշակն անդեն
Հասավ տիրեց սրտիս բոլոր,
Թառամեցան ծաղկունք ամեն
Ծըլած փթթած սրտիս մեջ նոր…

Այստեղ, իրոք, կարելի է տեսնել բանաստեղծի ապրած կյանքի «ծածկագրությունը»` մինչեւ վերջին բանաստեղծությունների՝ «Տրտունջք», «Զղջում, մոտիվներն ու թեման: Առաքինության ու գեղեցկության, բարու ու «գեղի» սիրով վառված, գարնանային ծաղկում ապրող բանաստեղծի սիրտը խորշակահար է լինում եւ դրանից առաջացող, եւ հետագայում «տրտունջք» անունն ստացած ընդվզումը եւ իր առջեւ բացվող խոր գերեզմանի պատկերներով: Այս պնդումը կարեւոր ենք համարում, որովհետեւ կարծում ենք, որ Դուրյանի իսկական կենսագրությունը ծածկագրված է նրա ստեղծագործության մեջ: «…Դուրյանին անձնավորությունը անխառն բանաստեղծության կալվածին կպատկանի եւ հոն միայն փորձելի գեղեցկություն մը կմնա…»,- իրավացիորեն նկատում է արեւմտահայ գրականության պատմաբանը:

Դուրյանի առաջին բանաստեղծությունը համարվում է «Գարնանային կենացս մեջ»-ը (1864), երբ բանաստեղծն ընդամենը տասներեք տարեկան էր: Այս բանաստեղծության առթիվ Չոպանյանը գրում է. «Կպատմվի, թե Ստեփան Փափազյան… որուն ձեռքն անցեր է այս տաղը, սաստկորեն հանդիմանել է փոքրիկ Դուրյանը այդպիսի ամբարիշտ բան մը գրած ըլլալուն համար եւ խստիվ պատվիրեր է այդ մեղքն անգամ մըն ալ չգործել»:

Երկրորդ բանաստեղծությունը թվագրված է 1867-ին («Իցի՜վ թե»), այսինքն` առաջինից երեք տարի անց: Այս եռամյա լռությունը դժվար է բացատրել. արդյոք նա անսաց Փափազյանի պատվերի՞ն, թե՞ հրապուրվեց գրական նոր ասպարեզով, ասենք` թատերգությամբ: Հավանաբար, երկրորդ պատճառը կարելի է ավելի հիմնավոր համարել: Համենայնդեպս, թատրոնով Դուրյանը շատ ավելի տեւական ժամանակով է զբաղվել, քան բանաստեղծություններ գրելով (հիմնականում կյանքի վերջին երկու տարիներին):

Հիրավի, ԺԹ դարի 60-ական թվականներին թատրոնը պոլսահայ կյանքի հիմնական հրապարակն էր, եւ պատանի բանաստեղծը չէր կարող չգայթակղվել այդ «հիվանդությամբ», քանի որ եթե «խմբագրություն, վարժապետություն, կուսակցական աշխատանք այսօր դահիճներն են հայ գրողին», այդ տարիներին «թատրոնը կը կատարեր այդ նսեմ աշխատանքը՝ սպաննելու մեր բանաստեղծները»:

Դուրյանը ցանկանում էր հրատարակել իր բանաստեղծությունները, անգամ նկարազարդել եւ խորագրել էր այն («Տաղք»), սակայն չի հաջողվում: Բանաստեղծության անգամ թռուցիկ ընթերցումն այստեղ բացահայտում է գրեթե այն բոլոր թեմաները, որ հետագայում զարգացում են ստանում մյուս գործերում:

1871 թ. սկզբին Դուրյանը անկողին ընկավ: Վերջին նամակներից մեկում խնդրում է անտիպ չթողնել գրածները. «Մեկ քանի պատառ թղթերու վրա արցունքոտ տողեր գրեմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն եւ անոնց արեւ տեսցնեն»: 1872 թ. հունվարին Դուրյանը մահանում է:

«Մեռյալն ո՛չ հարստությամբ եւ ո՛չ ոսկեզօծ տիտղոսով նշանավոր գերդաստանի զավակ մ’էր, ո՛չ ալ ամիրայի եւ ո՛չ ազնվականի մը որդի, այլ պարզ ընտանյաց զավակ մ’էր, որ իր գրական տաղանդով նշանավոր էր»,-արձանագրում է մի լրագրող: Մի քանի ամիս հետո լույս տեսավ բանաստեղծի առաջին ժողովածուն (բանաստեղծություններ եւ դրամատիկական մի քանիսը):

Վ. Բրյուսովը գրում է. «Պատանի Դուրյանը մնում է հայ պոեզիայի պատմության մեջ որպես վառ, հրաշեկ շտրիխ: Ի թիվս մյուս, ավելի հանդարտ բանաստեղծների՝ նա ցույց տվեց, թե ինչ է նշանակում ստեղծագործության մեջ «ավյունը». անմիջական ապրումների ուժը հաճախ ոչ միայն փոխարինում է «դպրոցին», «տեխնիկային», այլեւ անչափ վեր է բարձրացնում դրանցից: Սրանում է ստեղծագործության պատմական նշանակությունը»:

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում