Ակտիվիստները 50 դրամանոց մանրադրամ պատկերող տորթ ուղարկեցին Երեւանի քաղաքապետարան

Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումների դեմ պայքարող հասարակական ակտիվիստները 50 դրամանոց մանրադրամ պատկերող տորթ ուղարկեցին Երեւանի քաղաքապետարան: Նրանք քաղաքապետարանի մոտ էին շարժվել կառավարության շենքի դիմացից’ շարունակելով բողոքել թանկացումների դեմ: Խորհրդանշական տորթն ակտիվիստները խնդրեցին ներս տանել Երեւանի ավագանու’ «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին: Մինչ ներս մտնելը նա տեղեկացրեց , որ «Բարեւ, Երեւան»-ը ստորագրել է ավագանու արտահերթ նիստ հրավիրելու ձեւաթուղթը եւ սպասում է, որ նույնն անի նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ը: «Ակնկալում ենք, որ ՀՀԿ անդամներից էլ միանան: Հավանական է արտահերթ նիստի գումարումը, հակառակ դեպքում’ մենք չէինք նախաձեռնի ստորագրահավաքը: Մեր ակնկալիքը մեկն է’ պետք է լսեն ժողովրդի ձայնն ու հետ կանգնեն իրենց որոշումից»,- ասաց Սանասարյանը:

Երևանում ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը 2013 թվականի հուլիսի 20-ից 1 ուղևորի համար սահմանվել է 150 դրամ, իսկ տրոլեյբուսներով իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը’ 100 դրամ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում