«Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի… »

«Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի… »

Երրորդ խնդրանքը Տերունական աղոթքում հետևյալն է. «Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի »: Աստծու կամքի հաստատման խդրանքը մեզ հենց այնպես չի կարող տրվել: Նման խնդրանքով կարող են հանդես գալ միայն նրանք, ովքեր ճանաչում են Տիրոջը և կատարում նրա պատգամները, փորձում ապրել աստվածահաճո կյանքով:

Տիրոջ կամքն անքննելի է: Երբեմն դժվարությունների հանդիպելիս թուլանում ենք ու հարցնում՝ ինչո՞ւ հենց ինձ հետ պատահեց այս ամենը: Սակայն մյուս պահին սթափվում ենք և ինքներս մեզ հիշեցնում՝ Աստծո կամքն էր:

Կյանքում ընտրություններ կատարելիս պատահում է, որ անտեսում ենք Աստծո կամքը: Իսկ ի՞նչ է Աստծո կամքի անտեսումը, եթե ոչ մահ: Աստծո կամքի անտեսման և նրա կամքին հակառակ՝ սխալ ուղով ընթանալը մշտապես ուղեկցվում է տառապանքով, անտեսվածությամբ ու լքվածությամբ: Եվ մահ ասվածն այստեղ ոչ թե ֆիզիկականի, այլ հոգևորի մասին է:

Աստծո կամքը երբեք չի կարող ունենալ բացասական նպատակներ: Աստծո կամքը փրկագործ է, և հենց դրա կատարման խնդրանքն է դրված մեր աղոթքների մեջ: Այս մասին Պողոս առաքյալը նույնպես գրել է. «Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն » (Տիմ. Ա 2:4): Աստծո կամքը մեր կյանքն է` մեզ կյանք տալը, Աստծո կամքն էր, որ Քրիստոս հարություն առավ: Սուրբ Հարության խորհուրդը կյանքի և փրկագործման ճանապարհի ամենակարևոր օղակներից է մեր՝ քրիստոնյաներիս համար:

Երբեմն քաջություն է պետք Աստծո կամքը հասկանալու և ընդունելու համար: Իսկ քրիստոնյայի հատկանիշներից առաջինների մեջ հենց քաջությունն է՝ հավատարիմ մնալու Քրիստոսին և Նրա սուրբ առաքելությանը: Ուրեմն՝ ունենանք քաջություն հավատարիմ լինելու Աստծո կամքին, ինչպես եղավ, օրինակ, Մարիամ Աստվածածինը՝ ստանձնելով Մանկանն աշխարհ բերելու քաջությունը, չերկնչելով ոչնչից:

Ընդունված է ասել՝ որտեղ կատարվում է Աստծո կամքը, երկինք է, և կատարել Աստծո կամքը երկրի վրա՝ նշանակում է երկիրը վերածել երկնքի: Ընդունենք Աստծո կամքի անխուսափելի կատարումը և աղոթենք Նրա կամքի հաստատման համար: Եվ թող ամեն ժամ հաստատվի Կամքը նաև մեր հոգիներում՝ մեր աղոթքի այն խոսքերով, թե «եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի… »:

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում