Ինչի մասին անհնարին է խոսել, այդ մասին պետք է լռել

Ինչի մասին անհնարին է խոսել, այդ մասին պետք է լռել

«Լռե՞լ»: «Արդյո՞ք միշտ»: «Եվ եթե լռել, ապա ե՞րբ»:

Մարդիկ լռում են տարբեր պատճառներով` ցավից, վախից, զայրույթից, տրված հարցի անհեթեթ լինելուց:

Երբեմն մարդիկ նախընտրում են լռել, ու մենք՝ նրանց կողքին գտնվողներս, մի տեսակ դառնում ենք խորին լռությունը վերծանողներ:

Լռություն ասվածի մեջ երբեմն այնքան չասված բառեր կան, ու, որքան էլ տարօրինակ է հնչում, լռությունը երբեմն ավելի շատ ոչ թե վկայում է համրության ու անդորրի, այլ ինքնատիպ խոսքի ու աղաղակի մասին:

Երբեմն մարդիկ իրենց զգացմունքները թաքցնում են լռության մեջ, ու դա ամենևին չի նշանակում, որ անտարբեր են կամ սառնասիրտ: Անսահման վշտի և տառապանքի պահերին լռությունն ավելի պերճախոս է, քան խոսքն ու ողբը:

Շատերի համոզմաբ՝ սերը նույնպես հնարավոր չէ արտահայտել բառերով, հետևաբար` սիրո, ինչպես նաև անսահման երջանկության արտահայտման լավագույն ձևը լռությունն է:

Իր առեղծվածային էությամբ ու խորհրդավորությամբ՝ լռությունը դարձել է Աստծո` Իր կողմից արարված էակների հետ հաղորդակցվելու տարածված միջոցներից մեկը, կարող ենք ասել նաև՝ Արարչի ինքնատիպ բարբառը: Ձգտելով հասու լինել Աստծո էությանը` մարդիկ նախևառաջ պետք է փորձեն ըմբռնել Նրա լռությունը: Իզուր չեն ասել, որ խոսելը մենք սովորում ենք մարդկանցից, լռելը` Աստծուց:

Որպես կանոն, նա, ով լռում է, հաճախ զերծ է մնում ավելորդ պատասխանատվությունից և անհարկի կշտամբանքներից: Այդ կապակցությամբ հրեա իմաստուններից մեկն ասել է. «Ես հաճախ եմ զղջացել, որ խոսել եմ, բայց հազվադեպ եմ ափսոսել, որ լռել եմ»:

Աղբյուր՝ Qahan.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում