Նորահայտ հուշարձան

Նորահայտ հուշարձան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի փետրվարի 1-ին որոշմամբ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը ( 1944 թվական, Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ), Երևան քաղաքի Լեոյի 76 բնակելի տունը (1897 թ.) և ՀՀ Արագածոտնի մարզ Բյուրական համայնքի ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանին հարող տարածքում գտնվող Վիկտոր Համբարձումյանի, նրա ընտանիքի անդամների և այլ հայ աստղագետների տապանատունը (1965 թվականից)։

Գիտավանը նախագծվել ու կառուցվել է Է. Սաֆարյանի նախագծային արվեստանոցում՝ որպես գիտաշխատողների համար ֆիզիկայի ինստիտուտի համալիր և բնակավայր: Այն երկու, երեք և չորս հարկանի բնակելի շենքերից կազմված համալիր է: Ունի ակումբ-ճաշարան, դպրոց, երկու մսուր-մանկապարտեզ, ջրավազանով սպորտդահլիճ, թենիսի մարզադաշտ, գիտնականների հյուրատուն, ինստիտուտի վարչական ու գիտաարտադրական արհեստանոցների մասնաշենքեր: Ավանի բնորոշ առանձնահատկություններից է ընդարձակ կանաչապատ տարածքը: Ավանը ձորաեզրին կանաչապատ միջավայրում ստեղծված քաղաքաշինական հաջողված լուծումներով համալիր է: Համալիրի մուտքի աջ կողմում տեղադրված են «Արուս» քանդակը (1968 թվական, քանդ.` Ա. Չաքմաքչյան) և վիշապաքար (Ք.ա.III-II հազ.): Ընդհանուր տարածքը կազմում է 42.41 հա:

Բյուրականի աստղադիտարանին հարող տարածքում է գտնվում նաև Վիկտոր Համբարձումյանի, նրա ընտանիքի անդամների և այլ հայ աստղագետների տապանատունը, որտեղ թաղված են հայ մշակույթի և գիտության նշանավոր գործիչներ: Առաջին թաղումը կատարվել է 1965 թվականին, երբ այստեղ ամփոփվել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հոր՝ բանասեր, Հոմերոսի պոեմների հայ թարգմանիչ Համազասպ Ասատուրի Համբարձումյանի մարմինը։

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում