Նկարիչների միությունում տեղի ունեցավ հայ զինվորին նվիրված ցուցահանդես

Նկարիչների միությունում տեղի ունեցավ հայ զինվորին նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի հայ նկարիչների միությունը Հայաստանի նկարիչների միությունում Սուրբ Վարդանանց և Ղևոնդյանց սրբերի տոնի կապակցությամբ կազմակերպել է ցուցահանդես:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը նշեց, որ իրենք ամեն տարի բավականին մեծ շուքով նշել են սուրբ Սարգսի տոնը, սակայն այս տարի հետպատերազմյան իրավիճակից ելնելով չեն ցանկացել տոն կազմակերպել:

«Այս տարի, մեր համանախագահներից մեկի՝ Անահիտ Մխիթարյանի հետ որոշեցինք Սուրբ Վարդանանց և Ղևոնդյանց սրբերի տոնի կապակցությամբ ցուցահանդես կազմակերպել: Այն նվիրված է հայ զինվորին: Ցուցահանդեսում տեղ են գտել շուրջ 52 հեղինակի պատմական թեմաներով աշխատանքներ, կան նաև լուսանկարներ, որոնք գեղարվեստական ոճով են արված: Կարծում եմ այս ցուցահանդեսով ջերմ էներգիա կհաղորդենք մեր բանակին»,- նշեց Միրզոյանը:

Նկարներից մեկը կոչվում է «10.11.2020», որը նկարել է գեղանկարիչ Արտաշես Աբրահամյանը, ով նաև Արցախյան վերջին պատերազմի ժամանակ կամավոր մեկնել էր առաջնագիծ: Նկարում պատկերված էր մի զինվորական, ով կարծես տխուր էր, մտածմունքների մեջ:

«Նկարն այդպես եմ վերնագրել, քանի որ նոյեմբերի 10-ին բոլորիս մոտ այս հոգեվիճակն ու տրամադրությունն էր: Այդ պատճառով որոշեցի այս ցուցահանդեսին այս նկարով հանդես գալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գեղանկարիչը:

Պաշտպանության նախարարության կապիտան Գևորգ Սահակյանը, ով մասնագիտությամբ նկարիչ է, ցուցահանդեսին երկու աշխատանքով է ներկայացել:

«Այս ցուցահանդեսում նկարել եմ Արցախյան վերջին պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի և Արթուր Սուքիասյանի դիմանկարները: Ինձ ոգևորել էր նրանց անցած ուղին, նրանց հերոսական կերպարը: Ալբերտն էլ, Արթուրն էլ կատարել են իրենց առջև դրված խնդիրները և հերոսական մահով են ընկել»,- ասաց նկարիչը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում