Միանշանակ՝ ելքը պայքարն է. Մշակութաբան Սամվել Հարոյան
Նմանատիպ
«Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամ, մշակութաբան Սամվել Հարոյանը համոզված է՝ այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա, սակայն ժողովրդի այն հատվածը, որը դեռ թմբիրի մեջ է, չի գիտակցում, թե ինչ է կատարվել երկրում,որ դուրս գա ու պայքարի:
Panorama.am-ի հետ զրույցում մշակութաբան Սամվել Հարոյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին, դրանից դուրս գալու ճանապարհներին ու այդ գործում մտավորականության դերին:
Panorama.am-Իշխանությունները պարբերաբար տարբեր հայտարարություններ են անում, օրինակ արտահերթ ընտրությունների հնարավոր անցկացում, ապա չեղարկում: Այդ հակասական հայտարարություններն ինչի՞ մասին են վկայում:
Ս. Հարոյան-Իշխանությունն օրհասական օրեր է ապրում, որովհետև անընդհատ, երբ հայտարարություններ են արվում, հետո մերժվում են, հայտարարություններից զատ քայլերն էլ անընդհատ իրարամերժ են, լավ բանի չի բերում, խոսում է այն մասին, որ երկրում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար ոչ մի առաջարկություն չունեն՝ ոչ հասարակության, ոչ պետական կառուցվածքների, ոչ էլ հետպատերազմյան շրջանում տիրող իրավիճակի հետ կապված:
44 օր սուտ կերակրեցին, ինչը պետական դավաճանության նման մի բան է: Մարդը, կառույցները ե՞րբ են կարողանում ճիշտ որոշում կայացնել, երբ իրականությանը ծանոթ են: Երբ պետությունը հուսադրող, իբր ճշմարիտ ստերով սնում է ժողովրդին, փակում աչքերը, իրականությունը չի ասում, շատ բաներ սխալ են կատարվում:
44 օր թաքցրեցին, թե ինչ է կատարվում ռազմաճակատում ու բերեցին, հասցրեցին կապիտուլյացիոն համաձայնության:
Պատերազմի ժամանակ թմբիրի մեջ էր նաև մտավորականությունը, որովհետև երբ պետական մակարդակով ասում են՝ ուրիշ լուրեր մի լսեք, միայն պաշտոնական, իրավապաշտ մարդ ես, պետք է հավատաս քո երկրի իշխանությանը:
Այժմ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության շուրջ համախմբվել են հայուրավոր մտավորականներ, բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ, մանկավարժներ, նպատակն է՝ հասնել նրան, որպեսզի քաղաքացիները սկսեն մտածել, թե ինչ է կատարվել երկրում, այսինքն ստեղծել հասարակական կարծիք:
Panorama.am-Այսօր յուրաքանչյուր ոլորտում կան խնդիրներ, գնաճ, արտագաղթ, մարդկանց հոգեբանական վիճակ … Արդյո՞ք այս ամենը բավարար չէ, որպեսզի մարդիկ դուրս գան թմբիրից, միգուցե կրթվածության աստիճանը, ձևավորված մշակութային միջավայրը նպաստավո՞ր չեն:
Ս.Հարոյան-Ամեն ինչ նշանակություն ունի: Այդքան զոհեր տված ազգի որոշակի մասը, հատկապես այն ընտանիքները, որոնք կորուստներ ունեն, թևաթափ վիճակում են, պայքարելու սիրտ չունեն:
Ունենք հազարավոր զոհեր, հաշմանադմություն ստացած երիտասարդներ, սթրես ապրած մի ամբողջ սերունդ: Արդյոք վաղը նրանք որպես քաղաքացի ի վիճակի են լինելու ապրելու և երկիրը կառացելու: Մի ամբողջ սերունդ ու այդ սերնդի ծնողներն իսկապես հոգեկան ահավոր վիճակում են:
Կան մտավորականները, որոնք միայն իրենց գործերով են զբաղվում, երկրում ինչ տեղի կունենա, առանձնապես իրենց չի հետաքրքրում: Դա համարում եմ հանցավոր կեցվածք, քանի որ մտավորականն իրավունք չունի երկրի խնդիրներով չապրել, մտավորականի ձեռքն անընդհատ պետք է լինի պուլսին, քաղաքացիական իր կողմնորոշումն արտահայտի, իր շրջապատին էլ տեղեկացնի, որպեսզի հասկանա իրավիճակը:
Մտավորականը երբեք ստրատեգիական օբյեկտներ գրավելու, զենքի միջոցով իշխանության դեմ գնալու կոչեր իրավունք չունի անել, այլ մտավորականի գործն է բացատրել խնդիրները, բացատրել իրավիճակը: Իսկ թե ինչքանով է դա ստացվում, տալիս արդյունք, արդեն այլ խնդիր է:
Panorama.am-Էլ ի՞նչ պետք է լինի, որ մարդիկ դուրս գան փողոց:
Ս.Հարոյան-Յուրաքանչյուր երկրում էլ կան շերտեր, որոնք մտածում են միայն իրենց մասին, իրենց օրվա հացի մասին, իրենց հարևանի, երկրում տիրող իրավիճակի մասին, խնդիրներով չեն հետաքրքրվում: Նման մարդիկ շատ են մեր շարքերում, մասնավորապես հիմա, ինչն էլ խանգարում է մեզ որոշակի քայլելով իսկապես ազատվել այս ապազգային իշխանությունից:
Panorama.am-Ելքը ո՞րն է:
Ս.Հարոյան-Միանշանակ, ելքը պայքարի մեջ է: Ոչ թե պետք է հայտարարություններ անել, այլ անընդհատ պայքարել՝ մինչև հասնել այն արդյունքին, որին, համոզված եմ, ժողովրդի մեծ մասը ձգտում է: Իհարկե, մի շերտ էլ դեռ խաբված վիճակում է, հավատում է իշխանության ստերին:
Նախկինում էլ եղել են վատ բարքեր, կոռուպցիա, հասարակական տարբեր շերտերում եղել են անընդունելի իրավիճակներ, սակայն նման բան, ինչ եղավ այս իշխանության ժամանակ, չէր եղել՝ պարտություն, տնտեսական, սոցիալական խնդիրներ, ներքին ու արտաքին քաղաքականությունում ահավոր վիճակ, աշխարհում գլխիկոր ենք ման գալիս, քանի որ պարտված երկիր ենք: Մեզ պարտության տարավ հենց մեր ներքին թշնամին:
Պայքարել՝ հասարակական կարծիք ստեղծելու, հասարակությանը թմբիրից հանելու համար: «Ոտքի ել Հայաստան» վճակն է: Յուրաքանչյուրն իր բնագավառում պետք է անի այն, ինչ կարող է, որպեսզի ազատվենք այս ապազգային իշխանությունից:
Միանշանակ, եթե լայն զանգվածաներ դուրս գան փողոց, կհեռանա այս իշխանությունը: Մենք դրա վրա ենք աշխատում:
Panorama.am-Շնորհակալություն զրույցի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում