Վարդանանք
Նմանատիպ
«Նորասքանչ պսակակիր և սրբերի զորագլուխ,
Որ հոգուդ զորությամբ արիաբար մարտնչեցիր մահվան դեմ,
Ո՜վ դու Վարդան, քաջ նահատակ,
Որ վանեցիր թշնամուն և վարդագույն արյամբդ քո պսակեցիր Եկեղեցին» (Շարական)։
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Այսօրվա քարոզս ուզում եմ մի պատմությամբ սկսել: Մի քաղաքում մի մարդ էր ապրում: Անհայտ հանգամանքներում ստացած վնասվածքներից այս խեղճը ոչ միայն հիշողությունն էր կորցրել, այլև այնպես էր խեղվել, որ բառացիորեն զրկվել էր դիմագծերից ու անճանաչելի դարձել ոչ միայն այլոց, այլևս սեփական ջնջված ինքնության համար. չգիտեր, թե ինքն ով է, որտեղից է գալիս և ուր է գնում: Չէր հիշում իր ընտանիքը, հարազատներին, իր տունը, ապրած տարիները: Այսպես իմաստազուրկ ու անպաշտպան անց էր կացնում օրերը՝ մեկ մի կտոր հաց ստանալով որևէ բարի մարդուց, մեկ էլ դառն աքացի՝ չարից: Չգիտեմ, թե այս տխուր պատմությունն ինչպես է ավարտվում, սիրելի՛ հավատացյալներ: Միգուցե հրաշք է կատարվում և նա վերագտնո՞ւմ է իրեն: Միգուցե: Միայն թե գիտեմ, որ իրական հրաշքը կատարվում է այնտեղ, որտեղ մարդ արարածն իր Արարչին փնտրում է, և այն ժամանակ, երբ հրաշքը տվյալ մարդու համար հոգեշահ է լինելու:
Առաքելահաստատ և Քրիստոսաշավիղ մեր Մայր եկեղեցին հիշեցնում է, որ այսօր սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է, սիրելի՛ հավատացյալներ: Մեր հոգատար Մայրը մշտապես թարմ է պահում մեր հիշողությունը, որպեսզի երբևէ չմոռանանք ու չհեռանանք այն կենսատու արմատից, որից ընձյուղվել ենք: Այսօր նա մեզ տեղափոխում է հինգերորդ դար, սակայն ոչ թե այնտեղ ապրելու, ո՛չ ամենևին, այլ այնտեղից վերադառնալու այն հաղթական գիտելիքով զինված, որն ուղղակի անհրաժեշտություն է ներկայում ապրելու և ապագայում չմոլորվելու համար: «Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար»: Համաձայնե՛ք՝ որքա՜ն ճշմարիտ է նկատել ամենայն հայոց բանաստեղծը:
Մենք, մեր ապրած ամեն մի օրով՝ նշանակալի, թե աննշան, կատարած ամեն մի ընտրությամբ՝ գիտակից, թե անգիտակից, պատմություն ենք կերտում, սիրելինե՛ր, որն այս կամ այն կերպ ազդելու է նաև եկող սերունդների վրա: 451թ. մայիսին Հայոց պատմությունը կերտում էր Վարդան Զորավարը՝ Հովսեփ Ա կաթողիկոսի, Ղևոնդ երեցի և հայազգի այլ քաջազունների հետ միասին: Ես չգիտեմ, թե Տղմուտի ափին կանգնած, նրանք գիտակցո՞ւմ էին արդյոք, որ այդ պահին իրենք գրում են Հայոց պատմության կարևորագույն էջերից մեկը, բայց որ գիտակցում էին պահի լրջությունն ու իրենց որոշման կարևորությունը՝ անկասկած է: Եվ այդ պահին՝ Տղմուտի այս ափին կանգնած, երբ մյուս կողմում հզոր տերությունն էր իր քաղցրումեղցր խոստումներով, որի ներքո, սակայն, հայոց իմաստուն այրերը կարողացան տեսնել օտարի շահը՝ ի վնաս հայկականի, որին հակառակվելու դեպքում ստիպված էին լինելու դիմակայել նրա հուժկու հարվածին, նրանք արիաբար ընտրեցին իրենց ազգի, սուրբ հավատի ու հայրենիքի շահը, որ վեր է ամեն ինչից, և կենդանի վահան դարձան՝ սեփական արյամբ պաշտպանելու իրենց ծնած ու սնած Մորը, որ վտանգված էր այժմ:
Սրանք ամենևին էլ վերամբարձ խոսքեր չեն, սիրելինե՛ր, քանի որ հայրենիքը մեր մեծ տունն է՝ պապերից ժառանգված: Այստեղ մեր մեծ ընտանիքի անդամներն են, մեր սրբությունները, մեր հոգևոր, մշակութային ու ազգային արժեքները, որոնցով ձևավորվում է մեր ինքնությունը, գծվում է մեր դիմագիծը, և մենք դառնում ենք անհատականություն: Հայրենիքի, ազգային Եկեղեցու և ամեն ազգայինի հանդեպ սերը յուրաքանչյուր իսկական հայ ստանում է ոչ միայն մայրական կաթի միջոցով, որն էլ, իր հերթին, ներծծվելով արյան մեջ, տարածվում է ողջ օրգանիզմում և դառնում նրան սնուցողն ու ապրեցնողը, այլև հայի մեջ այն գործում է ի ծնե՝ իբրև ինքնապահպանության բնազդ, որը հաճախ կոչում են նաև հայի գեն կամ գենետիկ հիշողություն: Այո, ինչպես լույս աշխարհ եկած յուրաքանչյուր ոք անպայմանորեն ունի հայր և մայր, որոնցից սերել է, այնպես էլ յուրաքանչյուր հայ, որ ծնվում է, ունի եդեմական հայրենիք՝ «Հայաստան» անունով, ունի Լուսավորչի աղոթքներից ծնված ազգային եկեղեցի՝ Հայ Առաքելական, ունի Մեսրոպակերտ մայրենի՝ հայոց լեզու, ունի Խորենացու, Եղիշեի, Ագաթանգեղոսի, Բուզանդի գրչած հարուստ պատմություն, որն ազգի հիշողությունն է, ունի անզուգական ու սքանչելի ազգային մշակույթ՝ զուտ հայկական և այս ամենն ուղղակի անգին գանձեր են, մեծագույն հարստություն, որ հայ մարդը ստանում է ձրիաբար՝ ի ծնե, որ պիտի սիրի և իմաստության առկայության պարագայում անաղարտորեն պահի ու պահպանի աչքի բիբի պես և ժառանգաբար փոխանցի հաջորդ սերունդներին, եթե, իհարկե, կամենում է, որպեսզի այդ սերունդները լինեն:
Մենք այսօր, ցավոք, գրում ենք մեր պատմության դառն ու ցավոտ էջերը: Այսօր մենք նայում ենք մեր մեծ ընտանիքին՝ մեր ազգին ու հայրենակիցներին, և չենք ճանաչում նրանց: Փնտրում ենք հայկականը ու չենք գտնում. արժեքները կորսվել են, վասակները՝ շատացել: Իսկ դա պատահեց այն ժամանակ, սիրելինե՛ր, երբ քրիստոնյա հային նայելով՝ Քրիստոսին արդեն չտեսանք և չսարսափեցինք դրանից, չահազանգեցինք, երբ հայ քրիստոնյան սկսեց իր մաշկը քերել, որը քրիստոնեությունն իսկ է… Այսօր մենք նայում ենք հային ու զարմանում: Ապշում ենք, տխրում, զայրանում: Չենք հասկանում, թե ինչ է պատահել մեր ազգին, որովհետև մոռանում ենք, որ սուրբ Վարդանանց դրոշակը Խաչն էր, պայքարը՝ «վասն հայրենյաց և վասն հավատո»: Այս երկուսը հայի գոյության անքակտելի երաշխավորն են, իսկ մենք մոռացել ենք դրա մասին: Խաչը փոխարինել ենք մամոնայով, երկրպագում ենք դրամին, բայց նեղության պահին օգնությունը Խաչյալից ենք պահանջում: Ինչպիսի՜ կեղծավորություն, սիրելի՛ հավատացյալներ: Իսկ կեղծավորների մասին, գիտենք, թե Քրիստոս ինչ էր ասում… Այսօր մոռանում ենք, որ նախանձը, չարությունը, ագահությունը, դավաճանությունը մատնիչ Հուդայի հատկանիշներն էին: Իսկ միգուցե չե՞նք մոռանում… Պատմությունը կդատի:
Չարը՝ մարդկության թշնամին, մշտապես արթուն է, սիրելինե՛ր, և ատամներն է կրճտացնում, երբ ապականված աշխարհի վրա մի բուռ սրբություն է տեսնում: Նա անմիջապես դուրս է բերում իր ողջ զինանոցը՝ ապականելու, գայթակղելու, մոլորեցնելու և Քրիստոսի սրբությունից կտրելու համար: Բիբլիական հողը դեռևս պահում է այդ սրբությունը, քանի դեռ Հայոց հողի վրա անսասան է Քրիստոսի նավը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Եվ այդ է պատճառը, որ հատկապես Եկեղեցու դեմ են ուղղված չարի նետերն այսօր՝ զրպարտություններ, ատելություն, խաբեություն, կեղծ ուսմունքներ: Թող Ամենախնամ Տերն անսասան ու անխռով պահի մեր Մայր եկեղեցին, որը ոչ միայն Քրիստոսի անարատ լույսի, այլև ազգայինի կրողը, պահապանն ու տարածողն է: Մենք այս ամենը պիտի լավ հիշենք, եթե ուզում ենք հաղթել պատմության ավարայրերում: Հազկերտները շատ են ու բազմադեմ և միայն Քրիստոսի լույսով, աստվածային մտքով կարող ենք դրանք տեսնել ու ճանաչել: Միայն մահվանը հաղթանակած կենդանի Աստծու զորությամբ կարող ենք դիմակայել երևելի և աներևույթ թշնամու հարձակումներին: Միայն Տիրոջն ապավինելով և Նրան լսելով է, որ կարող ենք հուսալ, որ Նա էլ մեր աղոթքները կլսի և զորավիգ կլինի մեզ:
Սուրբ Լուսավորչի, Նարեկացու, Տաթևացու, Աբգարի, Մաշտոցի, սուրբ Ղևոնդյանց ու Վարդանանց և այլ սրբերի անկաշառ հավատի ու առ Քրիստոս Աստված աներեր վստահության շնորհիվ մեր ազգը համարձակություն ունի Տիրոջ առջև: Նրանց տեսնելով՝ Տերն օրհնել է այս հողը, սրբել ու հարստացրել բազում մասունքներով: Եվ եթե չենք ուզում մեր սուրբ նախնիների անարժան, հիմար, վախկոտ ու երախտամոռ սերունդները լինել, որ թեթևամտորեն քամուն են տալիս իրենց ավանդված, իրենց հիշողությունն ու դեմքը հանդիսացող, իրենց ներկան պահպանող ու ապագան կերտող արժեքները, ապա պետք է պայքարենք դրանց համար: Քանի որ հայրենիքը միայն նկարներում պատկերելով ու պատին կախելով չեն պահում, ոչ էլ հավատն են պահպանում եկեղեցում միայն մոմ վառելով կամ այն հյուրերին ցույց տալով: Այլ դրանցով ու դրանց համար ապրում են, արարում՝ յուրաքանչյուր օր որևէ բան ավելացնելով, ամրացնելով ու զարգացնելով: Մենք ասում ենք՝ մայր Հայրենիք, մայր Եկեղեցի ու ես չեմ ցանկանում, որ երբևէ մոռանանք, որ մորը երբեք չեն դավաճանում, չեն վաճառում, չեն փոխում և օտարին չեն հանձնում: Այլ մեծագույն փափագս ու աղերսս է առ Աստված, որպեսզի ազգս հայոց, գիտակցելով գլխին կախված վտանգի աստիճանը, գիտակցելով այն թշվառ վիճակը, որում սեփական կամքով հայտնվել է, անառակ որդու պես ի սրտե Երկնավոր Հորը դառնա՝ որդիական պատիվը վերագտնելու ու հայրական պաշտպանությանն արժանանալու աղերսով: Եվ քարոզս ուզում եմ ավարտել մեր իմաստուն մեծերից՝ սիրելի Թումանյանի խոսքով. «Ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում: Էսպես է բնության օրենքը: Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն, և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ» և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի: Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան: Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչ որ դարձնում է մի կյանք՝ գեղեցիկ ու հրապուրիչ, մի ժողովուրդ՝ թանկ ու համակրելի… Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»:
Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհն ու խաղաղությունը ձեզ և ամենքին. ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում